Կառավարությունը Եհովայի վկաների խախտված իրավունքների համար 48 հազար եվրո կվճարի
Կառավարության այսօրվա նիստում կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը հատկացվեց 48 հազար եվրոյին համարժեք դրամ: Այս գումարը արդարադատության նախարարությունը կտրամադրի 4 քաղաքացու՝ ՄԻԵԴ-ի վճիռը կատարելու նպատակով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով «Ադյանը եւ այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործը, 2017 թվականի հոկտեմբերի 12-ի Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել: Վճիռը կատարելու համար թվով 4 քաղաքացու կհատկացվի 12-ական հազար եվրոյին համարժեք դրամ:
«Ադյանը եւ այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործով տուժող քաղաքացիները 2011 թվականին չէին ներկայացել զինկոմիսարիատ՝ բանակ զորակոչվելու համար: Այդ ժամանակ նրանք դիմումներ էին ներկայացրել, որ հանդիսանում են Եհովայի վկա կրոնական կազմակերպության անդամ եւ պատրաստ են այլընտրանքային ծառայության անցնել:
Նույն տարում նրանց մեղադրանք էր առաջադրվել ժամկետային ծառայությունից խուսափելու համար եւ նրանք ձերբակալվել էին: Դրանից հետո նրանք կալանավորվել էին:
ՄԻԵ դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները տվյալ ժամանակահատվածում պատշաճ ուշադրություն չեն դարձրել դիմումատուների խղճի ու համոզմունքների պահանջներին եւ չեն երաշխավորել այլընտրանքային ծառայության այնպիսի համակարգ, որով արդարացի հավասարակշռություն է հաստատվում, ընդհանուր առմամբ հասարակության եւ դիմումատուների շահերի միջեւ։