Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից է
Գյումրին մայիսյան տոներին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած 3 ուղղության թվում է: Aif.ru-ն Skyscanner և Biletix ճամփորդական ծառայությունների հետ միասին ընտրել է ամենահետաքրքիր և բյուջետային ուղղությունները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար:
«Եվս մեկ մատչելի և վիզա չպահանջող ուղղություն է Հայաստանն իր հայտնի կոնյակով, լավաշով և խորովածով: Գյումրին երկրորդ քաղաքն է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու»,-գրում է պարբերականը:
Նշվում է, որ ավիատոմսերի արժեքն այդ ուղղությամբ սկսվում է մոտ 11.000 ռուբլիից (մոտ 90.000 դրամ), իսկ մուտքի արտոնագիր ՌԴ քաղաքացիների համար չի պահանջվում:
«Գյումրիում հարկավոր է այցելել քաղաքային շուկա, որտեղ համեղ հայկական ուտեստներ են վաճառվում, Ազատության հրապարակը քաղաքապետարանի առջև, որը գեղեցիկ լուսավորված է երեկոյան ժամերին, վերնիսաժը Ռիժկովի բուլվարում, խաչքարերի պուրակը, Թատերական հրապարակը դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի անսովոր հուշարձանով»,-ասել է Ռուսաստանում Skyscanner-ի զարգացման մենեջեր Դմիտրի Խավանսկին:
Նշվում է, որ մայիսյան տոներին մի 2 օր ավելացնելու դեպքում Գյումրիից կարելի է հասնել Սևան, որը Կովկասի ամենաբարձրադիր լիճն է: Այնտեղ կարելի է սիգ ճաշակել: