24.11.2024
Տնտեսությունից՝ դիվանագիտություն. Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան
prev Նախորդ նորություն

Սարգսյանը ցանկանում է Վրաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակում տեսնել

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:


Ողջունելով հյուրին՝ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ուրախ են հյուրընկալելու բարեկամ Վրաստանից ժամանած պատվիրակություններին: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ բարձր մակարդակով տեղի ունեցող հայ-վրացական հանդիպումները՝ միտված երկկողմ բարեկամության ամրապնդմանն ու առկա ընթացիկ խնդիրների լուծմանը, մշտապես անցնում են փոխվստահության մթնոլորտում:


«Վստահ եմ, որ շնորհիվ նաև այս հանդիպումների, ավելանում է մեր առևտրաշրջանառությունը, ամրապնդվում է համագործակցությունը տնտեսության, մշակույթի և մյուս բոլոր ոլորտներում: Արդյունքներն ակնառու են և չափելի, ու դա շատ կարևոր է: Վստահ եմ, որ այս այցը ևս իր ներդրումն է ունենալու մեր երկրների միջև փոխգործակցությունը որակապես նոր և ավելի բարձր մակարդակի հասցնելու, երկկողմ հարաբերություններն ամրապնդելու գործում: Այս տարի մենք Հայաստանում անցկացնելու ենք մի քանի խոշոր միջոցառումներ, որոնցից հատկապես ուզում եմ ընդգծել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որին, հուսով եմ՝ Վրաստանը կմասնակցի բարձր մակարդակով»,-ասել է Սերժ Սարգսյանը:


Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նույնպիսի գոհունակությամբ է արձանագրել, որ 2017 թվականը նշանավորվել է հայ-վրացական փոխադարձ բարձր մակարդակի այցերով: Հայաստանի նախագահի, մինչ այդ վարչապետի այցերը, իսկ այժմ իր պատասխան այցը Հայաստան, Գիորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, վկայում են կայուն զարգացման դինամիկա ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին:


«Պարոն վարչապետի հետ քննարկել ենք տնտեսական հարաբերություններին և համագործակցության մեր հետագա քայլերին վերաբերող հարցեր: Ինչպես նշեցիք՝ հոբելյանական տարի ունենք. այս տարի մենք երկուստեք նշում ենք մեր հանրապետությունների հռչակման 100-ամյակը, և հուսով եմ, որ բարձր մակարդակով կնշենք այդ կարևոր հոբելյանը: Դուք խոսեցիք Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման մասին, ես տեղյակ եմ, որ Վրաստանն այդ միջոցառմանը կմասնակցի բարձր մակարդակով: Հուսով եմ՝ մեր հանդիպումները շարունակական կլինեն, մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան: Դրա համար հույս և հավատ են ներշնչում նաև փոխադարձ այցերը»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:


Առանձնազրույցից հետո նախագահի նստավայրում բանակցությունները շարունակվել են աշխատանքային ճաշի ձևաչափով՝ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ: