VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս կազմակերպված շնորհանդեսի միջոցով հանրությանը ներկայացված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ) զարգացման ուղիները» ծրագրում աշխարհացունց դրույթներ են ներառված, օրինակ՝ գազի ներկրման վերաբերյալ: Ծրագրի հեղինակների նախանշած սցենարով արդեն 2018թ.-ից սկսած Իրանից ներկրվող գազի ծավալները պետք է շեշտակի մոտ 4 անգամ աճեն տարեկան ներկայիս 500 մլն խմ-ից հասնելով մինչև 2 մլրդ խմ-ի: Դրան զուգահեռ 2024թ.-ից պետք է շեշտակի նվազեն Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները ներկայիս շուրջ 2 մլրդ խորանարդ մետրից հասնելով ընդամենը 700 մլն խմ-ի տարեկան: Սա ուշագրավ է նրանով, որ գործող իշխանությունը մինչ օրս ամեն ինչ արել է մեր էներգահամակարգը գրեթե ամբողջությամբ ՌԴ-ի վերահսկողության տակ դնելու համար, ու հիմա, երևի, որոշել է «խաղեր տալ»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՕԵԿ-ական ԱԺ պատգամավոր
Հովհաննես Մարգարյանից թերթը հետաքրքրվեց`այն խոսակցությունները, թե ձևավորվում է նոր «եռյակ»` Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան առաջի կա քաղաքական գործընթացներին` գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իրականությանը համա պատասխանո՞ւմ են, թե` ոչ: «
Արա Աբրահամյանն ու
Արթուր Բաղդասարյանը լավ ու մտերիմ բարեկամներ են: Իրենց զավակները լավ ընկերներ են: Այդ խոսակցություններն իրականությունից այնքան հեռու են, ինչպես ձորը` սարից: Այդպիսի հարց չկա ու չի քննարկվել»,- ասաց ՕԵԿ պատգամավորը: Այն համեմատությունը, թե սարը հեռու է ձորից, այդքան էլ չի հա մապատասխանում կյանքին, քանի որ կան սարեր, որոնց երկայնքով հոսում են ձորեր, ինչեւէ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Կառավարությունում երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես հայտնի է՝ այս խորհուրդը ստեղծվեց այս տարվա փետրվարին, ՀՀ Կառավարության որոշմամբ, իսկ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ
Հովիկ Աբրահամյանն է: Այսպիսի մի մարմին էլ
Տիգրան Սարգսյանն էր իր պաշտոնավարման տարիներին սարքել, բայց փորձը ցույց է տալիս, որ խորհուրդները գալիս-գնում են, իսկ կոռուպցիան Հայաստանում շարունակում է բարգավաճել: Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, որպես կանոն, գլխավորում են հենց այն անձինք, ում դեմ իրականում կոչված են գործել այդ տարատեսակ խորհուրդները: Տեսեք,
Հովիկ Աբրահամյանը խորհրդի նախագահն է: Բայց նա այն պաշտոնյաներից է, որը վերջին քսան տարիներին բացառապես պետական պաշտոններ զբաղեցնելով՝ դարձել է միլիոնատեր: Նա պաշտոնապես 2014-ի վերջի դրությամբ հայտարարագրել է 1 միլիոն 800 հազար դոլար եւ 210 մլն դրամ դրամական միջոց: Աբրահամյանի պաշտոնական առաջխաղացմանը զուգահեռ նրա ընտանիքի ունեցվածքը եւս տարեցտարի աճել է: Աբրահամյանների ընտանիքը ներկայումս համարվում է Արարատի մարզի տերնուտիրականը: Խորհրդի անդամների կազմում էլի կան այսպիսի պաշտոնյաներ, բայց ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց տարիներ առաջ՝ պետք է խոշորներից սկսել: Իսկ կոռուպցիան վերածական երեւույթ չէ, այլ կոնկրետ անձերի գործունեության բնորոշում, որոնք այսօր նշված խորհուրդի կազմում են: Այս պայմաններում նրանք ում դեմ եւ ինչպես պետք է պայքարեն:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարի պաշտոնը արդեն 15 օր թափուր է, չնայած՝ Աժ կուլիսներում համոզված են, որ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ պատգամավոր, պաշտպանության, ՆԳ և ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Կարծիք կա, որ Նահապետյանի նշանակումը ուշանում է երկու պատճառով: Նախ նա Երևանի թիվ 8 ընտրատարածքից է ընտրվել, և իշխանությանը ժամանակ է պետք վերջնական կողմնորոշվելու համար, թե ով է այստեղ լինելու պատգամավորի իշխանական թեկնածուն արտահերթ ընտրություններում, որովհետև պատգամավորի՝ նախարար դառնալուց հետո 40-օրյա ժամկետում այդ ընտրատարածքում պետք է տեղի ունենան նոր ընտրություններ: Նահապետյանի նախարար նշանակվելու պարագայամ թափուր են մնալու նաև Աժ՝ վերը նշված հանձնաժողովի նախագահի և ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնները, որոնք նույնպես զբաղեցնում է Նահապետյանը: Մեր տեղեկություններով, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի համար քննարկվում է պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի, իսկ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությանյանի թեկնածությունը: Չնայած այս քննարկումները շարունակվում են»,–գրում է թերթը։