23.11.2024
ԱՄՆ հետախուզություն. ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարն աղոտ է
prev Նախորդ նորություն

Պանթյուրքիզմի "գազային" էքսպանսիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան և Թուրքմենստանը քննարկել են թուրքմենական գազը Կասպից ծովով դեպի Եվրոպա արտահանելու հարցերը: Նախօրեին Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Անկարա: Էրդողանը անդրադառնալով Անկարայի և Աշգաբադի մինչև հարաբերություններին նշել է, որ Թուրքիայի և Թուրքմենստանի մինչև էներգետիկ և առևտրային կապերը երկկողմ հարաբերությունները բարձրացնում են ռազմավարական մակարդակի:

Թուրքիան ակտիվ զարգացնում է իր արտաքին քաղաքականության Կենտրոնական Ասիայի վեկտորը և Թուրքմենստանի հետ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվորեն զարգանում են բոլոր ոլորտներում: Նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահը այցելեց Աշգաբադ և Բերդիմուհամեդովը հետ քննարկեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Թուրքմենստանում այս պահին գործում է մոտ 600 թուրքական ընկերություններ, 2013թ.-ի դրությամբ երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է գրեթե 5 միլիարդ դոլարի: Էրդողանը Թուրքմենստանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ թուրքական ընկերությունների Թուրքմենստանում իրականացվող ծրագրերը գնահատվում են 42 միլիարդ դոլարի սահմաններում:

Էրդողանը նշել էր, որ էներգետիկ, տնտեսական համագործակցությունից բացի կողմերը զարգացնում են համագործակցությունը նաև կրթական ոլորտում, ինչի մասին խոսում է Աշգաբադում գործող Թուրք-թուրքմենական միջազգային համալսարանը, իսկ Թուրքիայի ԲՈւՀ-րում ուսում ստացող թուրքմեն ուսանողների թիվը գնալով ավելանում է: Կողմերը քննարկել են նաև Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը:

Վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:

Փորձ է արվում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի գործունեությանը ներգրավվել նաև նավթագազային հարուստ ռեսուրսներ ունեցող Թուրքմենստանին, ինչը առաջին հերթին բխում է Արևմուտքի շահերից: Թուրք-ադրբեջանական լոբբինգին միանում է նաև Արևմուտքը: Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչը վերջերս հայտարարել է, որ ԵՄ-ը փորձում է գտնել Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազը դեպի Եվրոպա արտահանելու տեխնիկական և իրավական հիմնավորումներ:

Վերոնշյալ դաշինքի ձևավորումը թույլ կտա Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին լուծել այլընտրանքային ճանապարհներով Եվրոպա առաքվող էներգակիրների հարցը: ԱՄՆ-ը և ԵՄ-ը ցանկանում են նվազեցնել եվրոպական երկրների գազային կախվածությունը ռուսական «Գազպրոմից»: Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը այստեղ համընկնում են՝ նվազեցնել ռուսական գազից ԵՄ-ի կախվածությունը և ձևավորել ՌԴ-ի սահմանների երկայնքով նոր էներգետիկ-տրանսպորտային միջանցքներ՝ Կասպից ծով-Հարավային Կովկաս-Թուրքիա ուղղությամբ: Այդ նախագծերում չեն մասնակցում Իրանը, Ռուսաստանը և Հայաստանը:

Կասպյան ավազանի հետ կապված գլխավոր նախագծերից է համարվում Տրանսկասպյան գազամուղը, որը պետք է 300 կմ երկարությամբ ձգվի Կասպից ծովի հատակով` Թուրքմենստանից մինչև ադրբեջանական ափ, այնտեղից օգտագործելով այդ երկրի էներգետիկ համակարգը արտահանվի Արևմուտք` Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կամ ադրբեջանա-թուրքական նախագիծ համարվող TANAP գազամուղի օգնությամբ` շրջանցելով Ռուսաստանը և Իրանը:

Վերոնշյալ ծրագրերին կարող է խոչընդոտել Կասպից ծովի չհստակեցված իրավական կարգավիճակը, ինչպես նաև թուրքմենական կողմի գազի համապատասխան ծավալներ տրամադրելու կարողությունը: Թուրքմենստանը գազ է վաճառում նաև Չինաստանին և Պեկինը ցանկանում է գազի ծավալները ավելացնել ևս 25 միլիարդ խմ-ով և տարեկան թուրքմենական կողմը դեպի չինական շուկա կարտահանի 65 միլիարդ խմ գազ: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի գործունեությունը կարող է որոշակիորեն բալանսավորել Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջերս Հարավային խոսքի կասեցման պատճառով ակտիվացած գազային համագործակցությունը:

Արևմուտքի կողմից ակտիվ ճնշումների հետևանքով Բուլղարիան հրաժարվեց մասնակցել ռուսական նախագիծ համարվող Հարավային հոսքից, ինչն էլ հանգեցրեց Մոսկվայի պատասխան քայլերի: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ Հարավային հոսքի փոխարեն կյանքի է կոչվելու Թուրքական հոսք նախագիծը, որով ռուսական գազը Սև ծովի հատակով հասնելու է Թուրքիա: ԵՄ-ը ռուսական գազը գնելու է արդեն թուրք-հունական սահմանից: Թուրքիան այսպիսով բալանսավորում է ՌԴ-ի և Արևմուտքի միջև, փորձելով առավելագույն օգուտներ քաղել Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունից՝ գազի արտահանման հիմնական ուղիները իր տարածքում կենտրոնացնելու համար: