14.12.2024
Երևանն արձանագրում է Արևմուտքի «թուրքական քաղաքականության» ձախողումը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ հետախուզություն. ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարն աղոտ է

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարը աղոտ է:

Նա նշել է, որ հայկական ու ադրբեջանական զինված ուժերի հակամարտ գծում 2014 թվականին արձանագրվել է հրադադարի խախտումների և զոհերի թվի աճ: Ջեյմս Քլափերը ընդգծել է, որ լարվածության սրացումը վկայում է, որ հակառակորդ զինված ուժերի՝ իրարից այդքան մոտ գտնվելը կարող է ոչ դիտավորյալ կամ սխալների պատճառով լարվածության ռիսկեր պարունակել:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության ղեկավարը Վրաստանի մասով նշել է, որ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև վիճաբանության առանցքային հարցերի շուրջ դժվար թե առաջընթաց տեղի ունենա, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների և "օկուպացված տարածքների"՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հարցերում: Նա նշել է, որ Վրաստանի ու Ռուսատանի միջև լարվածությունը կմնա բարձր:

«Մեր գնահատմամբ՝ Մոսկվան կշարունակի ճնշում գործադրել Թբիլիսիի վրա, որպեսզի Վրաստանը հրաժարվի Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերից»,- ասել է Քլափերը։

Ջեյմս Քլափերը ասել է, որ Թուրքիան առաջնահերթություն չի տալիս «Իսլամական պետություն» հռչակած խմբավորումների դեմ պայքարին, որի արդյունքում դրսի գրոհայինները Թուրքիայի տարածքով կարողանում են մուտք գործել Սիրիա, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Պատասխանելով սենատորների հարցերին, Քլափերն ասել է, թե լավատես չէ, որ Թուրքիան ավելի ակտիվ դեր կստանձնի «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարում: «Ես կարծում եմ՝ Թուրքիան այլ առաջնահերթություններ և այլ հետաքրքրություններ ունի»,- ասել է նա:

Քլափերը հայտնել է, որ «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի հարվածներից Կոբանիում առնվազն 3000 գրոհային է սպանվել:

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին՝ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրենը ասել է, որ իրենց գնահատմամբ ռուսամետ անջատականները գարնանը կգրոհեն Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքը։ Ռուսաստանի նախագահը ամբողջ Ուկրաինան գրավելու նպատակ չունի, բայց կցանկա ցամաքային գոտի ստեղծել Ռուսաստանի և Ղրիմի միջև, որն ավելի վաղ բռնակցվել էր Ռուսաստանին, Ջեյմս Քլափերը:

Նա նշել է, որ պետք է զենք տրամադրել Կիևին՝ ռուսամետ անջատականների դեմ պայքարելու համար, բայց հստակ նշել է, որ դա իր անձնական կարծիքն է, ոչ թե Ազգային հետախուզության ծառայության առաջարկը։

Ջեյմս Քլափերը խոսել է ԱՄՆ-ի սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հինգշաբթի օր կայացած լսումներում։ Ամենամյա այս լսումներին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ղեկավարները ներկայացնում են համաշխարհային գլոբալ սպառնալիքները և ԱՄՆ-ի ազգային շահերի վտանգները: