24.11.2024
Ավազակային հարձակում Երևանում. հանցագործները հափշտակել են 8 մլն դրամ
prev Նախորդ նորություն

Մամուլ․ Իսրայելի Քնեսեթի նախագահը կգա՞ Հայաստան․ նրա այցը հարցականի տակ է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթավերջին տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը։ Հանդիպումն անցել է բավական ջերմ մթնոլորտում։ Մեր աղբյուրները հաստատում են, որ «Ծառուկյան» դաշինքը մոտ ապագայում հայտարարելու է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում սատարելու մասին»։


Նույն թերթը գրում է. «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, որն այս օրերին Հայաստանում էր եւ մասնակցում էր եղբոր սպանության գործով դատական նիստերին, նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու եղբոր որդուն՝ Նորիկ Սիմոնյանին, բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»։ Նորիկ Սիմոնյանն առանց բանակ զորակոչվելու մի քանի շաբաթ առաջ զինգրքույկ է ստացել։ Արամ Սիմոնյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, իր եղբայրն է գումար տվել եւ որդուն ազատել բանակից։ Այդ փաստն ապացուցող ձայնագրություն էլ կա, որտեղ Մանուկ Սիմոնյանն ասում է, որ որդին դեռ կհասցնի իր ծառայությունը մատուցել հայրենիքին»։


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան նախորդ տարի 211 հազար դրամի չափով նվիրատվություն են արել, որն ստացել է բնամթերքի տեսքով: Բացի այս գումարը նա ունեցել է նաև այլ եկամուտներ: Ընդհանուր առմամբ դրանք կազմել են 25 միլիոն 714 հազար դրամ, որից 22 միլիոն 949 հազար դրամը նրա տարեկան աշխատավարձն է, իսկ մնացած գումարը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսը: Դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 3 հազար եվրո, 300 հազար դրամ և 22 հազար 722 ԽՍՀՄ ռուբլի: Սրանից բացի հայտարարագրել է նաև փոխառություններ, որոնք կազմել են մոտ 34 միլիոն դրամ, ավելի ստույգ՝ 33957 հազար դրամ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Իսրայել այցելած ՀՀ ԱԺ պատվիրակությունը հայտարարել է, որ Իսրայելի Քնեսեթի նախագահը կգա Հայաստան, մեր աղբյուրների փոխանցմամբ` այցը հարցականի տակ է: Յ. Էդելշտեյնը Հայաստան է գալու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների առիթով, սակայն` սեպտեմբերին: «Ինչպես ցեղասպանության, այնպես էլ Քնեսեթի նախագահի այցը իսրայելական կողմի համար գեոքաղաքական նշանակության է: Կարծում ենք` այդ հարցերի վերջնական վերդիկտը կախված է մի շարք, այդ թվում` Աֆրինում տեղի ունեցող զարգացումներից. հասկանալի է` հերթական անգամ ցեղասպանության հարցի բարձրացումը Քնեսեթի ընդդիմադիր ուժի կողմից եւ այն էլ ոչ թե նախկինի պես փակ-գաղտնի` պաշտպանության եւ արտաքին հարցերի հանձնաժողովներում, այլ խորհրդարանի բաց նիստում` կրթության հանձնաժողովում, Իսրայելի կողմից մեսիջ էր՝ ուղղված Աֆրինում «խրված» Թուրքիային:


Հաջորդն էլ Նաթանյահուի հետ կապված կոռուպցիոն սկանդալն է, անհայտ է, թե այն ինչով կավարտվի. ցեղասպանության հարցը բարձրացրած ուժի ղեկավարը վարչապետի հավանական թեկնածուներից է»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, Իսրայելը «հետաքրքիր» երկիր է հատկապես վարչապետների սկանդալների եւ հրաժարականների առումով. հիշեցնենք, թե ինչպես վարչապետ Մոշե Քացավը հրաժարական տվեց, նրա նկատմամբ քրգործ հարուցվեց` 6 կին բռնաբարելու համար, ինչի առիթով Պուտինը հիացմունքով բացականչել էր. «Ա՛յ թե տղամարդ եմ ասել` հա՜»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ նորանշանակ Ռաֆայել Հովհաննիսյանի մուտքը աշխատակիցների կողմից միանշանակ չի ընդունվել: Եւ այդ պատճառով ՔԿՎ-ում աշխատակիցները բաժանվել են երկու մասի: Մասնավորապես ՔԿՎ նոր պետի հետ չեն ցանկանում աշխատել նախկին պետ Արթուր Օսիկյանի կադրերը: Հիմա նրանք սպասում են, թե Արթուր Օսիկյանն ի՞նչ նոր պաշտոն է ստանձնելու, որպեսզի իրենք էլ դիմում գրեն եւ հեռանան՝ աշխատանքի տեղավորվելով նախկին ղեկավարի մոտ: Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի օրոք Ռ. Հովհաննիսյանը ՔԿՎ պետի տեղակալ էր, եւ այն ժամանակ էլ իր ու Օսիկյանի հարաբերությունները լարված էին. ծառայությունը, ըստ էության, երկու թիմի էր բաժանվել՝ մի մասը ենթարկվում էր այս համակարգում հնաբնակ Հովհաննիսյանին` մերժելով Օսիկյանին, մի մասն էլ, այնուամենայնիվ, նախընտրում էր պետի ենթակայության տակ աշխատելը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ վերնախավին լրջորեն զայրացրել են հանրապետականից «վտակված», «մայր գետին» միանալու բոլոր հույսերը մարած, Արարատի մարզը մեկընդմիշտ կորցրած Հովիկ Աբրահամյանի վերջին ակտիվացումները՝ քաղաքական մարգինալների միջոցով։ Չնայած Արգամիչն այստեղ, այլուր եւ ամենուր պնդում է, թե ինքն այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ, ու իրեն շատ լավ է զգում նոր կարգավիճակում, զի յուր բիզնեսներով է զբաղված, այնուհանդերձ, իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչով է նա «զբաղված» եւ «ումով», ուստի, ասում են, քաղաքական որոշում կա` եթե նա մի քիչ էլ խորանա, ապա նրա իշխանազրկումը կավարտվի նաեւ ունեզրկումով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցք ձեւավորելու համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:


Հայաստանը փաստացի առաջին անգամ հայտարարում է այդ նպատակի համար բազմակողմ բանակցություն վարելու մասին, թեեւ մանրամասներ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում: Ո՞ւմ հետ է Հայաստանը բանակցում, եթե խոսքը վերաբերում է «շահագրգիռ կողմերին»: Հայտնի է, որ մի ակնառու շահագրգիռ կողմ է Իրանը, որը հայտարարել է Հայաստանը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տարանցիկ ուղի դիտարկելու մասին: Այդ մասին խոսել է Իրանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում: Պետք է ենթադրել, որ մյուս կողմը Վրաստանն է, որն անկասկած նույնպես ունի այդպիսի հեռանկարով շահագրգռված լինելու մի շարք պատճառներ: Պետք է նկատել, որ կան Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան ձեւաչափով բանակցության նշույլներ:


Մյուս կողմից՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանը տարանցիկ ուղի դիտարկելուն, ապա այստեղ առանցքային առնվազն երկու հարց սպասում է պատասխանի. ինչպե՞ս է դրան վերաբերվելու Ռուսաստանը՝ մի շարք պատճառներով, եւ հատկապես ի՞նչ տարանցման մասին է խոսքը: Մոսկվան շահագրգռված չէ Հայաստանի տարանցիկ կարողության զարգացումով՝ հատկապես Իրանից դեպի Եվրոպա, քանի որ դա Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության գրավական է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն այդ ազդեցությունը գործադրում է որպես Հայաստանին այլընտրանքների ուղղությամբ լուրջ քայլերից հետ պահելու միջոց: Այդպիսով, Երեւանն ինչպե՞ս եւ ինչո՞վ է հաղթահարելու ռուսական այդ խոչընդոտը:


Մյուսը հանգամանքը, որը նաեւ ուղղակի կապակցված է առաջինին, այն է, թե ինչ տարանցման մասին է խոսքը: Օրինակ՝ եթե խոսքը տրանսպորտային բեռնափոխադրումների մասին է, ապա այստեղ Մոսկվայի դժգոհությունը զգալի կարող է լինել միայն Հայաստան-Իրան երկաթուղու դեպքում, որն առավել խորքային ռազմավարական հեռանկարներ պարունակող նախագիծ է՝ ի տարբերություն, օրինակ, ավտոբեռնափոխադրումների, որ կարող են իրականացվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհով:


Մյուս կողմից, սակայն, այդ ճանապարհի նախագիծն էլ շատ փոքր է, այսպես ասած՝ «շահագրգիռ կողմերի» հետ բանակցության առարկա լինելու համար, ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի խոսքը առավել մասշտաբային հեռանկար պարունակող նախագծերի մասին է: Դրանցից մեկն էլ գազամուղն է: Դրա վերաբերյալ իրանցիները Սերժ Սարգսյանին հարց էին ուղղել դեռեւս նախորդ տարի օգոստոսին, երբ նա պատասխանել էր, թե գաղափարը հետաքրքիր է, եւ Հայաստանը կողմ է դրան, եթե ապահովվեն բոլոր կողմերի շահերը: Պետք է ենթադրել, որ տվյալ պարագայում խոսքը հենց ռուսական կողմի մասին է, որը Հայաստանի հետ ունի ոչ միայն «Գազպրոմի» պայմանագիրը, այլ նաեւ շահագրգռված չէ, որ Հայաստանը այդպիսով ստանա ըստ էութան էներգետիկ անկախություն Ռուսաստանից:


Եվ այդպիսով, իրավիճակը երկու գործոններով հանգում է մի կետի՝ Ռուսաստան: Օգոստոսին Սերժ Սարգսյանը գազամուղի մասով, օրինակ, ասել էր, թե հարցը ընդամենը փորձագիտական քննարկումների մակարդակում է: Այդ տեսանկյունից մոտ կես տարի հետո Սարգսյանի հայտարարությունը պետք է գնահատել առաջընթաց:


Այդ ամենով հանդերձ, սակայն, իրավիճակը անկասկած լինելով ուշադրության արժանի, այդուհանդերձ պարունակում է հարցեր, դրանցից առանցքային երկուսին հատկապես սպասող պատասխաններով՝ ո՞ր երկրների հետ է բանակցում Երեւանը, կա՞ Ռուսաստանը դրանց մեջ, հատկապես, որ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ հաջողության դեպքում շահող երկրների շրջանակը կլինի ավելի մեծ: Կա՞ Եվրոպան այդ բանակցության մեջ, եւ արդյոք ե՞րբ է Երեւանը պատրաստվում նախաձեռնել միասնական բանակցային ձեւաչափ»: