25.11.2024
Ովքե՞րն են Ինտերպոլի անհետ կորածների «Yellow notice» ցանկում ներառված հայերը
prev Նախորդ նորություն

Ոչ թե 2,6, այլ առնվազն 21,9 տոկոս գնաճ. ՀՀԿ-ն դեմ է գնաճին, բայց կողմ ոչինչ չանելուն

Հունվարի 1-ից թանկացել են բենզինը, սեղմված գազը, դիզվառելիքը և այլ ապրանքատեսակներ, ինչը պայմանավորված է ակցիզային հարկի նոր դրույքաչափերով: Հայաստանում տեղի է ունեցել գնաճի շղթայական ռեակցիա, տեղի է ունեցել լայն սպառման ապրանքների մի հսկայական գնաճ ու թեև կառավարությունը հայտարարում է 2.6 տոկոսի մասին, որը ծիծաղելի թիվ է, գնաճն առնվազն 21.9 տոկոս է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ փաշինյանը՝ իրենց կողմից հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինախագծի քննարկման ժամանակ:


«Նախքան այդ էլ դիզվառելիքն ու բենզինը թանկացել էին մոտ 18 տոկոսով, բայց մինչև հիմա չկա շատ հստակ ու կոնկրետ պատճառաբանություն, թե ինչով են պայմանավորված այս թանկացումները: Միշտ միջազգային շուկան է օրինակ բերվում, մինչդեռ երբ ուսումնասիրում են, տեսնում են, որ շուկան արագ արձագանքում է թանկացումներին՝ անհամեմատ բարձր գներ սահմանելով և դանդաղ արձագանքում է էժանացումներին»,- հայտարարեց նա:


Փաշինյանը, վկայակոչելով իրենց կողմից անցկացրած ուսումնասիրությունները, թեև յուրաքանչյուր մարդ առանց ուսումնասիրության էլ այդ թանկացումները զգում է, զարմացած հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս են համապատասխան կառույցները ստանում հայտարարված 2,6 տոկոս թիվը:


«Ինչ-որ թանկարժեք մեքենայի պահեստամաս էժանացել է 90 տոկոսով, մի ապրանք դնում են ֆորմուլայի մեջ, ու, բնականաբար, գներն այդպիսի տատանում են տալիս: Մենք ասում ենք, որ քանի որ տեղի է ունեցել նման գնաճ, ապա առաջարկում ենք 35-40 միլիարդ դրամ, որը հարկային բեռի ավելացմամբ պետք է քաղաքացիների գրպանից վերցվի, թողնել քաղաքացիների մոտ, հակառակ դեպքում մեր երկրում ստեղծված սոցիալական ճգնաժամն ավելի է խորանալու: Մենք առաջարկում են վերադառնալ մինչև հունվար գործողՀարկային օրենսգրքով սահմանված դրույքաչափերին»,-հայտարարեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ պետք չէ մոռանալ, որ վերջին տարիներին կենսաթոշակների բարձրացում չի եղել:


Ծառուկյան խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս համաձայնեց, որ գնաճը 2.6 տոկոսից շատ ավելի բարձր է և մեղադրեց Ազգային վիճակագրական ծառայությանն ու այլ կազմակերպություններին ապատեղեկատվություն կառավարությանը ներկայացնելու համար՝ ասելով, թե գնաճը 2.6 տոկոս է: Ըստ պատգամավորի՝ ԱՎԾ-ն և մյուս կազմակերպությունները դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն:


«Եթե 2.6 տոկոս ենք արձանագրում, պիտի հասկանանք՝ ինչ ենք հաշվում: Նայում եմ վերլուծությունը. օրինակ, BMW-ի ֆառերի գինն էժանացել է: Նայում եմ՝ սպառողական առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղը. հաց, կաթ, կարտոֆիլ: Առաջին անհրաժեշտության կենսապահովման զամբյուղում BMW-ի ֆառ չկա: Դե մեր քաղաքացիները չեն ուտում BMW-ի ֆառ: Սա պրիմիտիվ, էժանագին մանիպուլացիա է՝ հաշվել, ասել 2.6 տոկոս է: Գնաճը մի քանի տասնյակ անգամ ավելին է: Ես դիմում եմ տնտեսագետներին. նա, ով կկարողանա հաշվարկել նվազագույն սպառողական զամբյուղը, մենք պատրաստ ենք նրան ներկայացնել Նոբելյան մրցանակի»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:


Սակայն  կառավարության ներկայացուցիչը չի կիսում ընդդիմադիր խմբակցության մոտեցումները: Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը իր ելույթում հայտարարեց, թե վերադառնալ մինչև 2018 թվականը գործող ակցիզային հարկի դրույքաչափերին և մյուս փոփոխությունները  բերելու են պետական բյուջեի վրա լրացուցիչ 32 մլրդ դրամի բեռ, մինչդեռ նախագծի հեղինակները չեն նշում, թե որտեղից այն պետք է հայթայթել:


«Երբ Հարկային օրենսգիրքը շտկում էինք, կոնկրետ նպատակադրումներ և առաջնահերթություններ էինք դրել հիմքում: Դրանից մեկը հարկաբյուջետային քաղաքականություն ունեցող ուժեղ փաստաթղթի մշակումն էր, մյուս կողմից էլ գործարարությանը, ներդրումային բարենպաստ միջավայր ձևավորելու քայլեր ապահովելը: Կայուն տնտեսական աճին միտված, գործարարության համար բարենպաստ մի խումբ փոփոխություններ ենք կատարել: Ակցիզային հարկի բարձրացումը չարիքի փոքրագույնն է, և բիզնես մթնոլորտը աշխուժացնելու համար կառավարությունը միտումնավոր գնաց այդ ճանապարհով»,- ասաց նա:


Փոխնախարարը հիշեցրեց՝ այս օրինագծով 32 մլրդ դրամի բյուջեի ճեղքվածք է առաջանում, իսկ փոխարենը ոչինչ չի առաջարկվում հանրությանը:


ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ քննարկման բոլոր մասնակիցների նպատակը մեկն է՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի գնաճն ունենա հնարավորինս քիչ բացասական ազդեցություն, քան կարող է ունենալ: Նա բոլորովին բնական է համարում, որ ընդդիմությունը քննադատում է, իսկ իշխանությունն էլ փորձում է ներկայացնել իր կարծիքների ճշմարտացիությունը:


Բայց, շարունակեց նա, արդյոք ճիշտ է արհեստական գնանկում անելը. ըստ նրա՝ ոչ.


«Ամեն գնով գնանկումը շատ վատ երևույթ է, պետք է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ, քան գնաճն է, ինչը հաջողվում է, սակայն բավարար չէ: Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ ամենաբարձր տնտեսական ակտիվություն ու աճ  ունեցող երկիրն է: Այո, դա բավարար չէ, բայց սա պետք է արձանագրել»,- նկատեց Շարմազանովը՝ հավելելով, թե տարածաշրջանում ամենացածր գնաճը Հայաստանում է:


Այդ դեպքում՝ ի՞նչ են առաջարկում իշխանությունները, եթե դեմ են ընդդիմադիր խմբակցության առաջարկին: Հարցը հնչեցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը և կոնկրետ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է իշխանության դեղատոմսը:


«Ներկայացված նախագծին դրական չեք վերաբերվում: Նիկոլ Փաշինյանն ուզում էր ապացուցել, որ գնաճը 21,9% է, բայց, ինձ բոլորդ էլ ճանաչում եք՝ զուսպ ու չափագրված սպառող եմ, կարծում եմ, որ գնաճը իրականում 40 և ավելի տոկոս է: Ի՞նչ եք առաջարկում,»,- հետաքրքրվեց նա:


Բոստանջյանը նաև հակադարձեց կառավարության ու ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, թե իրենք պատրաստ են աջակցել սոցիալական խոցելի խավին:. «Ինչո՞վ աջակցեք, 1000 դրա՞մ տաք աշխարհի ամենաողորմելի ինստիտուտին, մարդուն ստրուկ դարձելու համար: Մարդու համար աշխատատեղ ստեղծելու, հնարավորություն ընձեռելու փոխարեն ասում եք՝ արեք աջակցենք, աջակցությունն էլ վերջանում է 1000 դրամի շրջանակում: Հիմա ի՞նչ անենք, որ այս վիճակից դուրս գանք: Կարելի է սենց ժողովրդին սպանելով բերել՝ իբր թե բյուջեն լցնել ու էլի նորից ռացիոնալ չօգտագործել»,- նյարդայնացավ Վարդան Բոստանջյանը:


ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էլ արձագանքեց, թե իր գործընկերը 40 տոկոս գնաճ ասելով վիճակն ավելի է վատթարացնում: Մինչդեռ իրականում պետք է առաջնորդվել ընդամենը պարենային զամբյուղում ներառված 11 անուն ապրանքների գնաճով, որը կազմում է 5,8 %, և դրանից ելնելով փոխհատուցելու խնդիր առաջ քաշել: Հարությունյանը վստահ է, որ այս խնդիրը կարճաժամկետ լուծում չունի, իսկ միակ լուծումը տնտեսության աճն է:


Նշենք, որ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովը մերժեց: Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և 35 կողմ, 38 դեմ ձայներով չընդունվեց: