Ովքե՞րն են Ինտերպոլի անհետ կորածների «Yellow notice» ցանկում ներառված հայերը
Ինտերպոլի հատուկ «Yellow notice» բաժնում ներկայացված է այս պահի դրությամբ 1213 անհետ կորած անձի տվյալ: Նրանք առանձնացված են ըստ ազգությունների:
Նշվում է, որ այս ծանուցումներն արժեքավոր իրավապահ գործիք են, որը կարող է մեծացնել անհայտ կորածների հնարավորությունները, հատկապես, եթե մարդը ճանապարհորդել է կամ տեղաշարժվել արտերկրում:
Ազգությամբ հայ բաժնում երկու անուն է՝ Վաչագան Ասատրյան և Օլգա Շերբինա:
2000 թվականին (7 տարեկանում) Վաչագան Ասատրյանը անհետացել է Շիրակի մարզի Առափի համայնքից: Հավելյալ տեղեկություններ նրա անհետանալու մասին Ինտերպոլը չի հաղորդում: Մարտի 3-ին Վաչագանը կդառնա 18 տարեկան:
VERELQ-ի հետ զրույցում Առափի համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանն ասաց, որ երեխայի մասին մինչ օրս ոչ մի լուր չկա: Հիմնական վարկածը, որ շրջանառվում է, երեխայի ջրախեղդ լինելն է Ախուրյանում: Ուրիշ վարկած չի շրջանառվել, թեպետ սկզբում խոսակցություններ կային, թե երեխային առևանգել են, բայց դա լուրջ չընդունվեց:
Երկրորդ անհետ կորած հայի անունը, որ նշվում է Ինտերպոլի «Դեղին ծանուցման» մեջ՝ ազգությամբ հայ բաժնում Օլգա Շերբինան է (ծնողները՝ Ալեքսեյ Գարանյան և Իրինա Գարանյան): 24-ամյա աղջիկն անհետացել է 2010 թվականի հունիսի 9-ին Տուապսեում: Օլգան տանից դուրս է եկել և ուղևորվել ազգականների տուն, սակայն այդպես էլ տեղ չի հասել: Այս օգոստոսին նա կդառնա 32 տարեկան:
Օլգայի անհետանալը համընկել է մի շարք նմանատիպ դեպքերի հետ՝ մեկ տարվա ընթացքում Կրասնոդարի շրջանում և հենց Տուապսեում երեք երիտասարդ աղջիկ է անհետացել: Աղջիկներն ընդհանուր նմանություն են ունեցել՝ սևահեր, գեղեցիկ, ապահովված ընտանիքներից ու նորմալ վարքով:
Մեր հարևան Վրաստանից «Yellow notice»-ում ներառված է 18 անհետ կորածի անուն և նրանց թվում կան նաև հայկական ազգանուններ:
Վրաստանի քաղաքացի Էլեն Գարսոյանը անհետացել է 2005 թվականին Ֆրանսիայում, 7 տարեկան հասակում: Այս տարի Էլենը կդառնա 19 տարեկան:
2011 թվականին Ռուսաստանում՝ Ադիգեայում 56 տարեկանում անհետ կորել է Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Խոշբեկյանը: Ինտերպոլի ծանուցման մեջ նշվում է, որ նա ազատ տիրապետում է հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին:
ԱՄՆ-ից անհետ կորածների թվում ևս հայ ազգանուն կա: Լուսինե Ղազանչյանն անհետացել է Վաշինգտոնում, երբ մի քանի ասմական է եղել: Այս տարի նա կդառնա 12 տարեկան: