Իշխող Հանրապետական կուսակցությունը Հայաստանի խորհրդարանական համակարգի անցմանը, իսկ այդ գործընթացը կավարտվի այս տարվա ապրիլին, պատրաստավում է ոչ միայն երկրի վարչապետի լիազորությունները կտրուկ ընդարձակող օրենսդրական փոփոխություններով, այլ պաշտոնյաների փոխատեղումներով:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, որի խոսքով Թովմասյանն այսօր՝ փետրվարի 15-ին հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ «Այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվի այդ պաշտոնները»,- նշել է Շարմազանովը։
Նա հայտնել է, թե Հանրապետական կուսակցությունը որոշել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը։ «Պարոն Կոստանյանը կարող է դրականորեն ներկայացնել այդ հանձնաժողովը, ունի մեծ փորձ թե դատախազությունում, թե զինվորական դատախազությունում»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ Թովմասյանը դեռ ԱԺ պատգամավոր է մնալու՝ մինչ նշանակումը, իսկ հրաժարականի դեպքում ԱԺ պատգամավոր կդառնա Տաճատ Վարդապետյանը։
Արդեն մի քանի ամիս է՝ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ վերջերս տարիքի պատճառով ՍԴ դատավորի լիազորությունները դադաեցված Կիմ Բալայանի տեղի ամենահավանական թեկնածուն ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է: Վերջինս նոր Սահմանադրության համահեղինակներից է եւ, ըստ մամուլի, ակնկալիքներ ունի զբաղեցնել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն դրա համար նախ պետք է դառնա ՍԴ անդամ:
Նշենք, որ Գագիկ Հարությունյանն այս տարվա մարտի 23-ին դառնում է 70 տարեկան եւ օրենքի ուժով նրա լիազորությունները նույնպես դադարում են: Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահ է շուրջ 22 տարի՝ 1996 թվականից: Այժմ իշխանությունները այդ պաշտոնին տեսնում են հենց Հրայր Թովմասյանին, գրում է "Հայկական ժամանակ" թերթը:
ՍԴ անդամ կարող է լինել 35 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացին, որը չունի այլ պետության քաղաքացիություն, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան, ինչպես նաեւ իրավունքի ասպարեզում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ եւ տիրապետում է հայերենին։ Բացի այդ ՍԴ անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Հիմա ամբողջ խնդիրն այն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ական է: Սա արդեն լուրջ խոչընդոտ է ՍԴ նախագահ դառնալու ճանապարհին: Արդյո՞ք Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ն լքելու դիմում կգրի: Սովորաբար, հայկական իրականությունում հակառակն է լինում, դառնում են իշխող կուսակցության անդամ, որպեսզի պաշտոն ստանան: Եթե, այդուամենայնիվ, Թովմասյանը դուրս գա ՀՀԿ-ից, դա թերեւս կդառնա առաջին դեպքը, որ պաշտոն ստանալու համար իշխող կուսակցության անդամակցությունից կհրաժարվեն: