25.11.2024
Իսրայելի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության օրը նշելու օրինագիծը
prev Նախորդ նորություն

Մամուլ․ Հայաստանը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների թիրախում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են Երեւանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից: Իրականություն դարձան այն կանխատեսումները, որ Ռուսաստանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները կարող են ավելի լայն աշխարհագրություն ստանալ եւ տարածվել մասնավորապես այն երկրների վրա, որոնք գործարքներ են կատարում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ:


Սակայն ԱՄՆ դեսպանատան ծանուցումն, անշուշտ, ավելի գլոբալ համատեքստ ունի եւ ուղղակի հետեւանքներ կարող է ունենալ ԼՂ խնդրի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Բանն այն է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ավելի մեծ ծավալ ունի Ադրբեջանը, որը Մոսկվայի հետ կնքել է հինգ միլիարդ դոլարը գերազանցող պայմանագրեր, ու կասկածից վեր է, որ ԱՄՆ իշխանությունները համապատասխան ծանուցում են ուղարկել նաեւ Ադրբեջանի իշխանություններին:


Մոսկվան տարածաշրջանում իր առանցքային դերակատարությունը պահպանում է հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելու ճանապարհով: Ըստ էության՝ Ռուսաստանը տարածաշրջանը միլիտարիզացնելու միջոցով իրականացնում է, այսպես կոչված, մենեջմենթ ԼՂ հակամարտության գործընթացում: Բնականաբար, նման իրավիճակը ոչ միայն չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, այլեւ իր մեջ պատերազմի վերսկսման մեծ ռիսկեր է պարունակում՝ ինչպես դա եղավ 2016-ի ապրիլին:


Հատկապես այս լույսի ներքո Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի դեմ ամերիկյան պատժամիջոցները ու դրա հնարավոր անդրադարձները Հայաստանի ու Ադրբեջանի վրա էական ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանում՝ միլիտարիզացիայի աճը զսպելու, պատերազմի ռիսկերը փոքրացնելու եւ կարգավորման գործընթացին նոր ազդակ հաղորդելու համար: Սա նաեւ ուղերձ է, որ ԼՂ հարցում շուտով կարող ենք ականատես լինել ԱՄՆ-ի ավելի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականության, որն ուղղված կլինի տարածաշրջանում անվտանգության որոշակի երաշխիքների ստեղծմանը՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հենքով...


Հայաստանի իշխանությունները պետք է շատ շրջահայաց լինեն եւ հավասարակշիռ քաղաքականության շնորհիվ մի կողմից՝ կարողանան խույս տալ ամերիկյան պատժամիջոցներից, մյուս կողմից՝ լուծեն անվտանգության կենսական խնդիրը՝ արտաքին քաղաքականության եւ ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացման ճանապարհով: Ռուսաստան-Արեւմուտք հակադրությունը եւ մասնավորապես ամերիկյան պատժամիջոցներն իրենց խորքային հետեւանքներն են ունենալու մեր տարածաշրջանում՝ ստեղծելով որակապես նոր իրավիճակ, որը Հայաստանի համար ծնում է նոր ռիսկեր, բայց նաեւ՝ հնարավորություններ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ուշադրությունից դուրս մնացին կարեւոր հարցեր: Մասնավորապես, պարզվում է՝ քաղաքապետարանն ավագանու նիստին ներկայացրել է Մոսկովյան փողոցը 222 մլն դրամով հիմնանորոգելու առաջարկ: Ըստ փաստաթղթերի՝ մոտ կես միլիոն դոլար արժողությամբ այդ ծրագրով նշված փողոցի 800 մետրանոց մի հատված նախ 5 սմ խորությամբ կտաշվի, ապա նոր ասֆալտբետոնե ծածկ կտեղադրվի, 28 դիտահոր կուղղվի, կվերակառուցվեն թեքահարթակները, մայթերին բազալտե նոր եզրաքարեր կտեղադրվեն: Ծրագիրն իրականացվելու է կառավարության հետ համաձայնեցնելուց հետո: Սակայն էական թերություններ այդ փողոցում թերեւս չկան, եւ անհասկանալի է՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը որոշել այն հիմնանորոգել: Չնայած իրականում պարզ է քաղաքապետարանի նախաձեռնության իրական շարժառիթը, ասֆալտապատման ծրագրերից «ատկատի» ճանապարհով միլիոնավոր դրամներ են հոսում քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների գրպանները: Այնպես որ, պարոն Տարոն Մարգարյանը որոշել է իրեն չզրկել այդ հաճույքից»:


Նույն թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իրեն վերապահված ոլորտում բացահայտված խայտառակ ձախողումների համար պաշտոնանկ արված զինվորականներից ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կրկին վերադարձել է զինված ուժեր: Ընդ որում, այս անգամ Կարապետյանին վստահել են բավական լուրջ պաշտոն, բայց ոչ թե ՀՀ-ում, այլ ՌԴ-ում: ՊՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Կարապետյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ: Դժվար չէ կռահել՝ Կարապետյանն այս բարձր պաշտոնին նշանակվել է մեկ պարզ պատճառով. նա վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Տեսակետ կա, որ եթե նրա փոխարեն լիներ մեկ այլ պաշտոնյա, ապա առհավետ կմոռանար պետական կառավարման համակարգում հայտնվելու մասին: Մինչդեռ Սերժ Սարգսյանի մտերիմներին ամեն ինչ թույլատրված է, ամեն ինչ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «2004 թվականին ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանի խոշտանգման գործով այսօր առերեսում տեղի կունենա Գրիշա Վիրաբյանի եւ Երեւանի նախկին ոստիկանապետ, այժմ ոստիկանու­թյան կադրերի ռեզերվում գտնվող Աշոտ Կարապետյանի միջեւ: Այս տեղեկությունը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Վիրաբյանը: «Շատ հանկարծակի եղավ այս որոշումը եւ ինձ համար շատ անսպասելի: Ինձ զանգեցին եւ տեղեկացրին, որ դատա­խազությունը պահանջում է առերեսում իրականացնել»,- ասաց Վիրաբյանը: Աշոտ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ առերեսման մա­սին, որեւէ ծանուցում չի ստացել: «Ես վատառողջ եմ մի քիչ, տանն եմ ու տեղյակ չեմ»,- ասաց Կա­րապետյանը՝ հավելելով, որ իրեն ոչ մի բան չի կաշկանդում: «Եթե առերեսում է նախատեսված, ես պատրաստ եմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա»:


Նույն թերթը գրում է. «Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվելու է «Ելք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Իրականում կառավարությունը չի կարող վերադառնալ ակցիզային հարկի կամ եկամտահարկի նախորդ տարվա դրույքաչափերին բոլորովին այլ պատճառներով, որի մասին իշխանությունները չեն կարող խոսել: Հայաստանի արտաքին պարտքը վերջին տարիների ընթացքում աճում է երկրաչափական պրոգրեսիայով, եւ դրա արդյունքում աճում են նաեւ պարտքի սպասարկման համար պետական բյուջեից հատկացվող գումարները: 2013թ. Հայաստանը թողարկեց 700 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդեր, որոնց մարման ժամկետը լրանում է 2020թ: Հայաստանն արդեն մի քանի տարի կանգնած է դեֆոլտի շեմին, միայն թե, ի տարբերություն մյուս երկրների, որոնք դեֆոլտ հայտարարելուց հետո են հարկերը բարձրացնում, սառեցնում աշխատավարձերը եւ թոշակները, նվազեցնում սոցիալական ծախսերը, Հայաստանն այդ ռեժիմում է արդեն մի քանի տարի՝ առանց պաշտոնապես դեֆոլտ հայտարարելու»:


«168 ժամ» թերթը գրում է. «Եթե նման պատժամիջոցների հնարավորության մասին հայկական կողմին տեղեկացրել են Նահանգներից, նշանակում է, որ Ադրբեջանին եւս տեղեկացրել են եւ այս երկրների դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցների այլ փաթեթ է նախատեսել, քանի որ արգելել զենք գնել հնարավոր չէ, բայց ԱՄՆ-ն իր հարուստ լծակներով կարող է այս երկրների համար թեթեւ պատժամիջոցների փաթեթներ սահմանել` սահմանափակելով ռուսական զենքի մուտքը տարածաշրջան, ըստ էության ժամանակի ընթացքում կողմերն իրենք կխուսափեն սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից, քանի որ Միացյալ Նահանգները կարող է լուրջ ֆինանսական դժվարություններ ստեղծել այս երկրներում «մատի թեթեւ շարժումով»,- «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, որ ԱՄՆ-ն ծանուցել է ՀՀ կառավարությանը ՌԴ ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:


Նրա գնահատմամբ, սա շատ ավելի համակարգային քաղաքականություն է, քան թվում է, որովհետեւ ԱՄՆ-ի ծրագիրը հաջողության դեպքում կիջեցնի տարածաշրջանում ռազմականացման մակարդակը, քանի որ ներկայումս այն շատ բարձր է, բայց դա ամեեւին չի նշանակում, որ կողմերը կմոտենան կարգավորմանը, այստեղ բաց կառաջանա եւ ռազմական, եւ դիվանագիտական, եւ քաղաքական: «Փաստորեն Նահանգները նպատակ ունի այդ բացը լցնել ոչ թե սպառազինության վաճառքով, այլ դիվանագիտական ակտիվությամբ կամ կարգավորման նոր ծրագրերով, այս տարածաշրջանում իր ներկայության ընդլայնմամբ: Այսինքն` այս հակառուսական պատժամիջոցների օգնությամբ Նահանգները ոչ միայն Ռուսաստանին զսպում է մի շարք ուղղություններով, որոնք են Սիրիան, Ուկրաինան, այլեւ ԼՂ հակամարտությունը եւ այն կետերը, որոնցում Ռուսաստանը ակտիվ եւ հաջողակ խաղացող է»,- ասել է ֆելգենգաուերը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական որոշումն արդեն կայացվել է՝ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ԱԺ հատուկ նիստով։ Ընթացակարգը նույնն է, ինչ մնացյալ դեպքերում է՝ առաջադրում, թեկնածուի ծրագրային ելույթ, հարցեր, մտքերի փոխանակում, ելույթներ, ֆրակցիաների տեսակետներ, ԱԺ ֆրակցիայի նախագահի, ԱԺ նախագահ-փոխնախագահների արտահերթ ելույթներ։ Ի տարբերություն ապագա նախագահի փակ-գաղտնի ընտրության, վարչապետի ընտրությունը բաց է՝ «տաբլոյի վրա» նույն վայրկյանին երեւալու է, թե ով ինչպես է քվեարկել։ Նաեւ՝ վարչապետի ընտրությանը պարզ մեծամասնություն է անհրաժեշտ, իսկ նախագահին՝ ձայների երեք քառորդ։


Իսկ ոչի՞նչ, որ նախագահն ավելի շատ ձայնով է անցնելու, քան ձեր թեկնածու վարչապետը՝ հարցրինք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շամազանովին։ «Վարչապետի համար ՀՀԿ ձայները լիուլի բավարար են, չնայած մենք կոալիցիայում ունենք 65 ձայն։ Նման խնդիր, որ նախագահը շատ ձայն է ստանում եւ այլն, չկա։ Անկախ ձայներից՝ առաջին ջութակը մնում է վարչապետը․ նախագահի եւ վարչապետի ֆունկցիաները չեն խաչվում»։ Իսկ նորընտիր նախագահին հյուրի կարգավիճակով հրավիրելո՞ւ եք ԱԺ՝ վարչապետի ընտրության օրը։ «Դա ինաուգուրացիա չէ, որ հրավիրենք»։ Իսկ ո՞վ կլինի, ըստ Ձեզ, վարչապետը։ Արմեն Աշոտյանն ու Վահրամ Բաղդասարյանն արդեն ասել-ակնարկել են՝ Սերժ Սարգսյանը․ կիսո՞ւմ եք նրանց կարծիքը։ «Ես մի կարծիք ունեմ՝ մինչեւ 2022 թ․ ժողովրդի տված քվեով՝ մեր միակ ու անփոխարինելի առաջնորդը Սերժ Սարգսյանն է»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կփոփոխվի անշարժ գույքի գույքահարկի չափման մեխանիզմը: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մշակել եւ «e-draft.am» տեղեկատվական համակարգում տեղադրել է «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այս փոփոխություններով բարձրանալու է գույքահարկի չափը: Հայաստանում ամենաթանկ ռեստորանները պատկանում են վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ այլ անձանց, իսկ ամենաթանկ կադասրային արժեք ունեցող տների ցանկում են Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ուրիշների տները: Սակայն Սամվել Ալեքսանյանն իր շքեղ առանձնատան համար վճարում է ընդամենը 38 հազար դրամ գույքահարկ, Գագիկ Ծառուկյանն իր «Փարավոն» ռեստորանի համար վճարած գույքահարկը գաղտնիք է համարում: Նախագիծն այս տեսքով ընդունվելու եւ գորածածության մեջ մտնելու դեպքում մեծահարուստների գույքահարկը մեծանալու է, ինչպես շարքային քաղաքացիներինը»:


Նույն թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, խոսակցություններ կան, որ ՀՀ սահմանը ահաբեկիչներ են հատել: Նախ, ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, թե ՀՀ սահմանը հատել է 50-70 քուրդ ահաբեկիչ, նրանք հիմա Գորիսում են եւ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ: Երեկ էլ Գյումրիից լուրեր ստացվեցին, թե այս օրերին ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել Գյումրու սպասարկման օբյեկտներում, հատկապես հյուրանոցներում: Վերջիններս, ըստ «Առավոտ»-ի, օրվա մեջ մի քանի անգամ ստուգում են, թե ովքեր են ելումուտ անում, չկա՞ն արդյոք կասկածելի դեմքեր: Ավելին, «ՀԺ»-ին տեղեկություններ հասան, որ Գյումրիի դպրոցներից մեկում երեխաներին տուն են ուղարկել: Մեզ հայտնի դարձավ, որԳյումրիի քաղաքապետարանից բոլոր դպրոցներին ու մանկապարտեզներին ոչ պաշտոնապես զգուշացրել են, որ երեխաները հաստատություններ գնան ծնողների ուղեկցությամբ: ՀԺ-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ այս օրերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացնում հանրապետության բոլոր մարզերում: Պատճառւ, սակայն, հոկտեմբերի 11-12-ին Երեւանում սպասվող Ֆրանկոֆոնիայի 84 անդամ, ասոցացված եւ դիտորդ պետությունների գագաթաժողովն է, որի շրջանակներում ՀՀ են այցելելու մի շարք երկրների նախագահներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»: