24.11.2024
Հայաստանը չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանի առաջարկն է. փոխնախարար
prev Նախորդ նորություն

Նախարար. Օլիմպիական խաղերում մեր մարզիկի ելույթին ոչինչ չի խանգարի, հարցը լուծված է

Yerkir.am-ը, հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հայտնվել է տհաճ իրավիճակում: Մասնավորապես, մինչ այս պահը լեռնադահուկորդը մարզմանը չի մասնակցել, վազքուղին չի փորձարկել, քանի որ մարզիկին դահուկային գույք չեն տրամադրել, իսկ նրա մարզահագուստի վրա առկա չէ «Հայաստան» նշումը:

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պատճառաբանել են, որ նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի անունը, այդ իսկ պատճառով մարզահագուստի վրա համապատասխան նշումներն արված չեն: Նախապես չի պատվիրվել նաև դահուկորդի մարզագույքը:

Աղբյուրը գրում է, որ Աշոտ Կարապետյանն իր վարկանիշային միավորները հավաքել էր դեռևս հունվարի 21-ին, այսինքն Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան լեռնադահուկորդի անունը կարող էր ուղարկել օլիմպիական խաղերի մեկնարկից դեռ 19 օր առաջ: Սակայն չի արել: Պատճառը գուցե կարող է լինել այն, որ օլիմպիական խաղերից առաջ խոսակցություներ կային, որ Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը նպատակադրվել է իր որդուն՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին ուղարկել Փհենչան, սակայն նրան չի հաջողվել ձեռք բերել համապատասխան վարկանիշ:

Այս պահին, թերևս, կարևոր է լուծել Աշոտ Կարապետյանի խնդիրը, որպեսզի նա կարողանա պատվով ներկայացնել երկիրը օլիմպիական խաղերում: VERELQ-ի հետ զրույցում ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը հավաստիացրեց, որ խնդիրը լուծված է և անհանգստանալ պետք չէ.

«Հավաստիացնում եմ, որ խնդիրը լուծված է, Աշոտ Կարապետյանն ունի անհրաժեշտ գույքը և ելույթ կունենա ըստ նախատեսվածի»,- ասաց նախարարը: Մնացած հարցերին, թե ովքե՞ր են պատասխանատու նման իրավիճակի համար և ի՞նչ պատիժ կկրեն, նախարարը թողեց առանց մեկնաբանության՝ նշելով, որ այս պահին կարևորը մեր մարզիկի հաջողություններն են, որոնց ճանապարհին խոչընդոտները վերացված են:

VERELQ-ին չհաջողվեց կապ հաստատել ֆեդերացիայի ղեկավարության հետ... ինչը հասկանալի է՝ մեղադրանքներին, թե անձնական մոտիվներով երկրի վարկանիշի հետ խաղում են, հեշտ չէ մեկնաբանել: Հուսանք, այս պատմության իրական մեղավորները կպատժվեն և հանրությունն այդ մասին կտեղեկանա: Ի դեպ, մեր տեղեկություններով, հենց Հրաչյա Ռոստոմյանի միջամտության արդյունքում դահուկորդի ընտրությունն ապահովվել է արդար ճանապարհով:

Աշոտ Կարապետյանի առաջին ելույթը նախատեսված է փետրվարի 18-ին: