6.12.2024
ԱՄՆ-ը չի պաշտպանելու Իրանին՝ Իսրայելի հարվածի դեպքում
prev Նախորդ նորություն

Թուրքիան «միջանցք» է դարձել ծայրահեղականների համար. Բաղդասարով

Վերջին շրջանում Թուրքիան իսկապես անցակետ է դարձել ծայրահեղականների համար, որոնք այդ երկիր են ներթափանցել այդ թվում ՌԴ-ից: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովը:

Նրա խոսքով, վերջերս Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունը և դրան հաջորդած բողոքի ակցիաները Ստամբուլում ցույց տվեցին, որ թուրքերը գերագնահատել են իրենց հնարավորությունները Իսլամական պետության դեմ պայքարում: Ըստ նրա, այս պահին Անկարան մտածում է իր սահմանի անվտանգությունը ամրապնդելու ուղղությամբ, փոխանցում է peacekeeper.ru կայքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 21-ին տեղի ունեցավ վերջին շրջանի ամենախոշոր ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է 31 մարդ: Իշխանությունները կարծում են, որ դրա հետևում կանգնած է "Իսլամական պետություն" ահաբեկչական խմբավորումը: Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում 18-ամյա մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը քաղաքի մշակութային կենտրոնի մոտ:

Փորձագետը նշել է, որ քրդերը, ըստ ամերիկացիների, այսօրվա դրությամբ բավականին արդյունավետ պայքարում են "Իսլամական պետության" դեմ, իսկ բուֆերային գոտու ստեղծումը կհանգեցրներ Թուրքիայի և քրդական ջոկատների միջև հակամարտության: Բաղդասարովi կարծիքով, Վաշինգտոնը ժամանակին է համագործակցության կոչ արել Անկարային, քանի որ թուրք-սիրիական սահմանին վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությունը գիտակցել է նաև թուրքական ղեկավարությունը: Նրա խոսքով, ծայրահեղականները գնում են ոչ միայն Սիրիա, այլ նաև հետ են գալիս:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են արգելափակել օտարերկրյա գրոհայինների հոսքը և ապահովել Թուրքիայի և Սիրիայի սահմանի անվտանգությունը: