Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի այցը Հայաստան առանցքային նշանակություն կունենա երկկողմ միջպետական հարաբերություններում` նոր լիցք հաղորդելով ամուր պատմամշակութային կապերի վրա խարսխված մեր համագործակցությանը: Այս մասին ՀՀ նախագահի նստավայրում Բուլղարիայի նախագահի հետ առանձնազրույցից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ բովանդակալից քննարկում են ունեցել երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ, անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային մի շարք հարցերի։ Երկուստեք վերահաստատվել է հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-բուլղարական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ հանձնառության վկայություններն են նաև այսօր Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ստորագրված փաստաթղթերը, որ համալրելու են երկու երկրների միջև ավելի քան 50 համաձայնագիր ներառող հարուստ իրավապայմանագրային դաշտը։
«Անշուշտ, շնորհավորեցի իմ հարգարժան գործընկերոջը Եվրոպական միության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Եվրոպական միությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, ուստի սա ևս մի ուղղություն է, որտեղ հայ-բուլղարական փոխգործակցությունը խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Հույս հայտնեցի, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը, ի թիվս այլ հարցերի, առաջընթաց կարձանագրի նաև Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։ Բարձր գնահատեցինք մեր երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում, որը նկատելիորեն դրսևորվում է մասնավորապես ՄԱԿ-ի կառույցներում միմյանց ցուցաբերվող աջակցությամբ։ Շահագրգռված ենք նույն ոգով շարունակելու խորացնել մեր բազմակողմ համագործակցությունը»,- թվարկել է Սերժ Սարգսյանը։
Անդրադարձ է եղել տնտեսական ոլորտի հարցերին և գոհունակությամբ փաստվել, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել:
«Միաժամանակ, ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության, շատ տարբեր ոլորտներում և, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Գոհունակությամբ արձանագրեցինք նաև բուլղար գործարարների հետաքրքրության աճը Հայաստանում ընդլայնելու տնտեսական հնարավորությունները․ խոսքս թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության, Հայաստան-ԵՄ համագործակցության նոր դաշտի մասին է, թե՛ երկրում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող հնարավորությունների»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա Սերժ Սարգսյանը իր գործընկերոջը ասել է, որ հայկական կողմից համար չափազանց կարևոր է իր գործընկերների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող գործընթացին, ինչը համահունչ է նաև ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը։
«Կարևորում ենք, որ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ամրագրում է ԵՄ լիարժեք աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը և նրանց կողմից առաջարկվող կարգավորման սկզբունքներին»,- հավելել է ՀՀ նախագահը։