24.11.2024
Ռուսական ռազմակայանի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել
prev Նախորդ նորություն

ԼՂ հիմնահարցը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. Ռումեն Ռադև

Հայաստանի և Բուլղարիայի միջև փոխհարաբերությունները պարզապես ավանդական լավ չեն, այլ նախ և առաջ բարեկամական են, որովհետև մեր երկու ժողովուրդների միջև կան խորը պատմական և մշակութային կապեր, համակրանք և փոխադարձ հարգանք, ինչպես նաև ճակատագրի ընդհանրություններ: Այս մասին ՀՀ նախագահի նստավայրում հայտարարել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:  


«Իմ այցի նպատակը ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի վրա գտնվող մեր շփումների ակտիվացումն է, այլ նաև քննարկելը շահագրգիռ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը: Մեզ համար կարևոր է, որ մի շարք ոլորտներում մենք որոշակի առաջընթաց ունենանք: Դրա համար մեր պատվիրակության մեջ կան շատ ներկայացուցիչներ, ինչպես գործարար համայնքից, այնպես էլ խորհրդարանից»,- ասել է նախագահը:


Նա նշել է, որ ՀՀ նախագահ Սարգսյանի հետ քննարկել են երկկողմ փոխհարաբերությունները, գոհունակություն հայտնել վերջին տասը տարում տնտեսական հարաբերությունների կայունությունից, բայց միևնույն ժամանակ նշել, որ ապրանքաշրջանառությունը բավարար չէ:


«Մենք կարող ենք ավելի բարձր մակարդակի հասցնել այն և առավել ընդլայնել ոլորտները: Գոհունակությամբ ուզում եմ ասել, որ այսօր առավոտից իսկ սկսեցինք աշխատել. փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներն ու գործատուներն արդեն աշխատում են միմյանց հետ, և որքան ինձ հայտնի է՝ պայմանավորվածություն են ձեռք բերել հունիսին Բուրգաս քաղաքում անցկացնելու մեծ գործարար համաժողով, որին ներկա կլինեն մեր երկու երկրների գործարարները: Այդ այցի ժամանակ հուշագիր կստորագրվի երկու երկրների գործատու կազմակերպությունների միջև, որը մեծ առաջընթաց է»,- նշել է Ռումեն Ռադևը:


Բացի այս, Սերժ Սարգսյանի հետ ընդհանուր դիրքորոշում ունեն նաև այն հարցում, որ երկու երկրները ռազմավարական նշանակություն ունեն, ուստի պետք է արդյունավետորեն օգտագործել այդ նշանակությունը՝ օգտագործել Պարսիծ ծոց-Սև ծով ուղղությամբ բազմամոդել միջանցքի առկայությունը Հայաստան-Բուլղարիա փոխհարաբերությունների զարգացման գործում: Այդ կապակցությամբ նա ողջունել է Սերժ Սարգսյանի գաղափարը՝ կազմակերպելու այս հարցում շահագրգիռ բոլոր երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում.


«Այսինքն՝ բոլոր այն հաղորդակցության հնարավորությունները, որ ունենք տրասնպորտային և այլ ոլորտներում, պետք է օգտագործել զարգացնելու համար մեր տնտեսական փոխհարաբերությունները: Շատ կարևոր եմ համարում համաձայնագրերի ստորագրումը, հատկապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստորագրված աշխատանքային միգրացիայի վերաբերյալ համաձայնագիրը: Մնացած համաձայնագրերը նույնպես շատ կարևոր են, ինչը նշանակում է մեր փոխհարաբերությունների նոր մակարդակ, արդիականացում: Մշակույթի ասպարեզում և նաև գաղտնի տեղեկությունների հարցում ստորագրված փաստաթղթերը ևս շատ կարևոր են»,- պարզաբանել է Բուլղարիայի նախագահը:


Նա նշել է, որ Բուլղարիան ողջունում է ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որովհետև դա մեծ հնարավորություն է տալիս, որ երկու  պետությունների տնտեսությունների միջև ավելի զարգանան տնտեսական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը:


Անդրադարձ է արվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Ըստ Ռադևի, այն կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:


«Ես ուզում եմ ընդգծել, որ Բուլղարիան հայտարարեց իր ամենակարևոր գերակայություններից մեկը՝ դա Արևմտյան Բալկանների հարցն է մեր նախագահության ընթացքում: Բայց Բուլղարիան հանձնառու է Արևելյան գործընկերության ծրագրի կատարման, ինչպես նաև սևծովյան տարածաշրջանի և Կովկասի զարգացման գործում»,- հավելել է նա: