Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի պատգամավորների հետ
Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ժակ Մարիլոսյանի և տիկին Դելֆին Օի հետ։
Նշենք, որ Ժակ Մարիլոսյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իսկ Դելֆին Օն հանդիսանում է Իրանի հետ բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայի հետ բարեկամության խմբի փոխնախագահ։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների զարգացման, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման նոր համակարգի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ։
Արմեն Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել պատգամավոր Ալեքսանդր Հոլրոյդի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Լինելով Ֆրանսիայի քաղաքացի, Հոլրոյդը բնակվում է Միացյալ Թագավորությունում և այնտեղից ընտրվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։ Նման ձևաչափը թույլ է տալիս ներկայացնել Ֆրանսիայի շահերը մեծ ֆրանսիական համայնքներ ունեցող երկրներում, այդ թվում ՄԹ-ում։ Միևնույն ժամանակ նա ներկայացնում է բրիտանաֆրանսիական համայնքի շահերը Ֆրանսիայի Ազգային ժողովում։