25.11.2024
ՀՀ Զիված ուժերը Ռուսաստանում կմասնակցեն առաջին ռազմամարզական խաղերին
prev Նախորդ նորություն

Հայ-իրանական ո՞ր նախագիծը կյանքի կկոչվի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելիս. դեսպան

Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո Թեհրանը և Երևանը "շատ ուժեղ քայլ առաջ կարող ենք դնել" երկկողմ հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին, հայտնում է "168 ժամ" թերթը:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վեցնյակի հետ կնքած համաձայնագիրը ենթադրում է Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառված պատժամիջոցների փուլային չեղարկում Թեհրանի միջուկային պոտենցիալի կրաճատման դիմաց:

Դեսպանը վստահ է, որ Իրանի նկատմամբ շրջափակումները վերացնելուց հետո, շատ ուժեղ քայլ առաջ կարող են կողմերն իրենց հարաբերություններում: Սակայն, ըստ դեսպանի, սա գործընթաց է և ժամանակ է պահանջում, քանի որ Իրանի շրջափակումը վերացնելը մի քանի ամիս կտևի, անմիջապես չի կատարվի: "Շրջափակումը վերացնելուց հետո արտերկրում սառեցված իրանական ֆինանսական միջոցները կվերադարձվեն մեզ, և այդ ժամանակ մեր ձեռքերն ազատ կլինեն, որ մեր ծրագրավորած նախագծերը, որ, ի վերջո, շատ կարևոր են մեզ համար և երկու երկրների համար, կարողանանք իրականացնել", - պարզաբանել է նա:

Առկա հայ-իրանական նախագածերից (Մեղրիի ՀԷԿ, Հայ-իրանական երկաթգիծ, Նավթավերամշակման գործարան) դիվանագետը նոր իրավիճակում որպես հեռանկարային տեսնում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցում: "Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումն այն ծրագրերից մեկն է, որ պատժամիջոցները խստացնելուց հետո կանգ առավ, և, հույս ունենք, որ մեր գումարները վերադարձնելուց հետո կկարողանանք այն վերսկսել: Ինչպես տեղյակ եք, տարիներ առաջ է համաձայնագիրը կնքվել, բայց միայն նյութական դժվարությունների պատճառով չենք կարողացել իրացնել: Հուսով ենք, որ շուտով կկարողանանք վերսկսել", - ասել է նա:

Այնուհետև նա խոսել է Հայաստանի հետ մյուս 2 "հզորագույն ծրագրերի" մասին՝ էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գծի ծրագիրը և Հայաստան-Իրան երկաթգիծը: "Հուսով ենք, որ դրանք կարող ենք իրականացնել", - հույս է հայտնել Մոհամմադ Ռեիսին:

Բացի զուտ հայ-իրանական հարաբերություններից, Իրանի համար Հայաստանը, ըստ դեսպանի, կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերություններ կառուցելիս:

Վերջերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը տեղեկացրեց, որ այժմ ԵԱՏՄ-ն Իրանի հետ բանակցություններ է վարում ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Նրա խոսքով համապատասխան նախաձեռնությունը քննարկվում է հայկական բիզնեսի և հայկական կարգավորիչների հետ՝ բանակցություններին մոտեցումների և դիրքորոշումների մշակման համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ելնում են նրանից, որ Հայաստանը ԵԱՏՄ-ը միակ երկիրն է, ով ցամաքային սահման ունի Իրանի հետ, ինչպես նաև այդ երկրի հետ առևտրի մեծ փորձ:

"Եվրասիական շուկան մեծ շուկա է, և մենք այդ երկրների հետ հարաբերությունները շատ լուրջ ենք տեսնում, մտածում ենք, որ ապագայում շատ լավ հնարավորություններ կստեղծվեն փոխհամագործակցության համար: Մեր առաջնահերթություններից մեկը մեր հարևանների հետ տնտեսական հարաբերություններին զարկ տալն է և, նկատի առնելով, որ Հայաստանն էլ մեր լավ հարևաններից մեկն է, որը ԵՏՄ անդամ է, կարծում ենք՝ Հայաստանի միջոցով կարող ենք լավ փոխհարաբերություններ ունենալ ԵՏՄ-ի հետ", - պարզաբանել է իր հերթին դեսպանը: