Խաղատների մուտքը խստացվեց, տուգանքների չափը՝ բարձրացավ. այս հարցում ԱԺ-ն միահամուռ է
Ազգային Ժողովը միաձայն ընդունել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ երկու օրինագծերը, որոնք միտված են խստացնել տուգանքի չափը, եթե մինչեւ 21 տարեկան քաղաքացին այցելում է խաղատուն կամ մինչեւ 18 տարեկան քաղաքացին օգտվում է վիճակախաղերի ծառայություններից:
Նախագծերը, որոնք միավորեցին իշխանությանն ու ընդդիմությանը, առաջարկում են վիճակախաղերի դեպքում ևս տարիքային շեմը 18-ից հասցնել 21-ի: Այսինքն, այսուհետ խաղատներում պարտավոր են անձը հաստատող փաստաթղթով ստուգել և արգելել 21 տարեկանից ցածր անձանց մուտքը:
Փոփոխությունները դրական են նաև խաղացողների ընտանիքների համար, քանի որ ամրագրվում է, որ մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, որն էլ վճռի պատճենը ուղարկում է խաղատներ, որպեսզի արգելվի տվյալ անձի մուտքը: Այս պարտավորությունների խախտման յուրաքանչյուր դեպքի համար խաղատունը վճարելու է տուգանք. խախտման 1-ին դեպքի համար` 2 միլիոն դրամ, խախտման 2-րդ դեպքի համար` 5 միլիոն դրամ, խախտման 3-րդ դեպքի համար` 10 միլիոն դրամ, իսկ 4-րդ անգամ խախտման դեպքում, խաղատունը զրկվելու է լիցենզիայից:
Նշենք, որ մինչ այս գործող օրենքով տուգանքի չափը բավականին ցածր էր՝ 100 հազար դրամ: Օրինագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը հայտարարել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վերջին 4 տարում միայն մեկ դեպք է եղել, որ տուգանք է կիրառվել քաղաքացու նկատմամբ: Իսկ խնդիրը նրանում է, որ մոլեխաղերի կազմակերպումը տնտեսական ակտիվության չափաբաժնում գնալով աճում է և դրանից շատ են օգտվում անչափահասները: Ըստ այդմ էլ առաջարկվել էր, որպեսզի 100 հազար դրամ տուգանքը դառնա 2 մլն դրամ, եթե խախտումն առաջին անգամ է տեղի ունենում: