28.03.2024
ՀՀ հանրակրթության մեջ ռուսական սեկտորը կործանման եզրին է. ահազանգ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. իշխող կուսակցությունում բունտ է հասունանում, այն կարող է «պայթել» ապրիլին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների հավաստմամբ, իշխող Հանրապետական կուսակցության ներսում շատերը խորը դեպրեսիայի մեջ են: Նրանք խիստ դժգոհ են կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունից: Ամիսներ առաջ նրանք մտավախություն ունեին, թե Ս. Սարգսյանը 2018–ի ապրիլից հետո կարող է վարչապետ չդառնալ: Մտածում էին՝ եթե նա վարչապետ չդառնա, ապա նոր վարչապետը բոլոր ՀՀԿ–ական պաշտոնյաներին կհանի: Իսկ հիմա, երբ համոզվել են, որ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու, դարձյալ նույն մտավախությունն ունեն:


Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում առանցքային պաշտոններում նշանակում է բացառապես ոչ ՀՀԿ–ականների: Նա ԱԱԾ–ի ղեկավար նշանակեց Գեորգի Կուտոյանին, վարչապետ՝ Կարեն Կարապետյանին, պաշտպանության նախարար՝ Վիգեն Սարգսյանին, ՀՀ նախագահ է դարձնում Արմեն Սարգսյանին: Թվարկած կադրերից եւ ոչ մեկը ՀՀԿ–ից չէ: Պատահական չէր, որ ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին դիսիդենտ Վազգեն Կարախանյանը հայտարարեց, թե չի բացառվում, որ ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կապ ունենա մասոնների հետ: Դրան ի պատասխան Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «Նախագահի թեկնածուի առաջադրման ժամանակ մենք քննարկել ենք տարբեր չափորոշիչներ, որոնց մեջ մասոնականությունը չէր մտնում, իսկ մեր թեկնածուն բոլոր չափանիշներով համապատասխանում էր Սահմանադրությանն ու մեր տեսլականին»: Դուք բացառո՞ւմ եք Արմեն Սարգսյանի մասոն լինելու հնարավորությունը հարցին էլ պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ բացառեմ կամ չբացառեմ...»:


Փաստորեն նա չհերքեց Կարախանյանի կասկածները: Այսինքն, նոր նշանակված կամ նշանակվելիք կադրերի դեմ խոսում են ոչ թե ընդդիմադիրները, այլ հենց կարկառուն ՀՀԿ–ականները: Կուսակցությունում արդեն անհանգստացած են, որ Սերժ Սարգսյանը, վարչապետ դառնալով, բոլորովին նոր կադրեր կբերի աշխատանքից ազատելով մականունավորներին ու ժողովրդի կարծիքով՝ «հոգնած դեմքերին»: Ոմանք նույնիսկ կարծում են, թե այս դժգոհությունները պայթյունի կվերածվեն ապրիլից հետո»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Հիշո՞ւմ եք, երբ Կարեն Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակեց լուսանկարներ ինքնաթիռից, կառավարությունից շտապեցին պարզաբանել, թե նա մեկնել է մասնավոր օդանավով, որի համար պետական բյուջեից որեւէ գումար չի տրամադրվել:


Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ այցից առաջ` հունվարի 11-ին, վարչապետը պաշտոնական պատվիրակություն գործուղելու մասին որոշում է կայացրել, որտեղ եւ հանձնարարված է բյուջեից գումարներ տրամադրել այդ նպատակով: «Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,- նշված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2018թ. հունվարի 11-ի 4-Ա որոշման մեջ: Երեկ վարչապետի խոսնակը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում էր՝ չվերթը բյուջեի վրա նստել է զրո դրամ: Բայց փաստն այն է, որ իր որոշման մեջ վարչապետը հանձնարարել է բյուջեից գումար տրամադրել, ու նշված չէ, թե ինչքան»:


Նույն թերթը գրում է. «2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսին այդ տարածքում տեղակայված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանք էր նաեւ առաջադրվել: Սակայն մինչեւ հիմա ամբողջական գումարը չի հայտնաբերվել. իրավապահները միայն 300 հազար դրամն են գտել Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործում քննվող հիմնական վարկածներից մեկի համաձայն` «Սասնա ծռերի» անդամներն իրավապահներին հանձնվելուց առաջ պարզապես այրել են գումարը` քաջ գիտակցելով` չեն կարողանա ծախսել այն: Կան եւս այլ վարկածներ՝ գումարը նրանք թաքցրել են գնդին հարակից որեւէ տարածքում՝ պատի մեջ, հողի տակ, կամ էլ փաթաթելով քարին` դուրս են նետել կոնկրետ ուղղությամբ: Չի բացառվում նաեւ, որ իրավապահներն իրենք են այդ օրերին «մեջ-մեջ» արել գումարը: Ամեն դեպքում, խոշոր այդ գումարը չկա ու թերեւս չի էլ գտնվի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այլեւս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։ «Պահանջն «ամենաբարձր» մակարդակով է, չկատարելը «մահացու մեղք է»,- կատակեց մեր աղբյուրը։ Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախ մեկնած ԱԺ պատգամավորները եւս բացառություն չեն եղել, նրանք մասնակցել են ԱԺ նիստին, պետնախարարի, ՊԲ հրամանատարի եւ նախագահի հետ են հանդիպել, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Կազմում բոլոր խմբակցություններից եղել են․ Վահրամ Բաղդասարյան, Աղվան Վարդանյան, Արամ Սարգսյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Աշոտյան, Վարդան Բոստանջյան, Կորյուն Նահապետյան, Վարդեւան Գրիգորյան, Խոսրով Հարությունյան, Գագիկ Մինասյան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանի բիզնեսը որքան բարգավաճում է, գործարարն այնքան «քձիբություն» է անում։ Հայրենի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նա որոշել է այս տարի Տեառնընդառաջի ավանդական տոնակատարությունը չանել։ Ամեն տարի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մեծ միջոցառում է կազմակերպում նորապսակների համար, նվերներ, համերգ եւ այլն։ Տեղեկություն կա, որ կրճատել է նաեւ մի շարք ոլորտների ֆինանսավորումը՝ հատկապես ստվերային։ Օլիգարխի մերձավորները համառորեն շրջանառում են․ «Սամոյի գործերն առաջվանը չեն»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագիտական հանրությունը բոլոր արգումենտներին անդրադարձավ, բացի, թերեւս, բուն պատճառներից»,- ասաց մեր զրուցակից դիվանագետը Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրությունների մասին. «Պետք է նկատի ունենալ վերջին օրերի թուրք-ամերիկյան լարվածությունն Աֆրինում՝ քրդական խնդրին առնչվող. Ալիեւի համար նման լարվածությունները կարող են ֆորսմաժորային լինել, որովհետեւ հայտնի չէ, թե կողմերը մինչեւ ուր կհասնեն եւ ինչի շուրջ կպայմանավորվեն։ Պետք է արձանագրել նաեւ հաջորդ էական հանգամանքը. Ադրբեջանը խոստացել է Եվրոպային` մայիսին ազատ արձակել քաղբանտարկյալներին` մոտ 100 հոգու։ Բանն այն է, որ Ալիեւը ցանկանում է մինչեւ տարեվերջ հարեւանության համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, եւ ԵՄ «բոնուսները»-գովասանքները՝ որ Ադրբեջանը «դառնում» է «ժողովրդավարական» երկիր, ստանալ այս գլխից` միաժամանակ ստանալով նաեւ ԵՄ-ամերիկյան օժանդակությունը` չորրորդ անգամ խանացման իր ճանապարհին»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ֆուտբոլային ակումբ կունենա: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ ուղղությամբ աշխատանքները ներկայումս ընթացքի մեջ են: Այն, որ Ծառուկյանը այսուհետ հատուկ ուշադրություն է դարձնելու ֆուտբոլին, երեւում է նաեւ նրանից, որ ՀԱՕԿ-ի կողմից կառուցվող ծաղկաձորյան նոր մարզաբազայում լինելու է նաեւ ֆուտբոլային խաղադաշտ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փլեյս» հյուրանոցի եւ ՄԱԿ-ի գրասենյակի հարեւանությամբ 10 հարկանի հյուրանոց է կառուցվում: Կառուցապատողը «Սերեոն» ՍՊԸ-ն է, որը շինարարությունը պետք է սկսեր 2013 թվականին եւ ավարտեր 1 տարի 3 ամիս անց: Փաստացի շինարարական աշխատանքները սկսվել են շինթույլտվության տրամադրման պահից 5 տարի անց: «Սերեոն»-ի բաժնետոմսերը հետագայում 2 անգամ վաճառվել են: Այժմ ընկերության բաժնետեր է «Ունիվերսալ Ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ն, որը 2014 թ. հիմնադրել է Կարապետ Ռուբենի Սաքապետոյանը: Կարապետ Սաքապետոյանը այժմ «Շին թրեյդ» ՍՊԸ-ի տնօրենն է: Նա ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրն է: Եթե չլիներ Արմեն Սաքապետոյանի գործոնը, նրա եղբայրը կկարողանա՞ր Հանրապետության հրապարակի մոտ 10 հարկանի շենք կատռուցել: Սա, իհարկե, հռետորանակն հարց է»:

Խաղատների մուտքը խստացվեց, տուգանքների չափը՝ բարձրացավ. այս հարցում ԱԺ-ն միահամուռ է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար