Բազմաթիվ խնդիրները ստիպում են Ալիևին շտապել վերարտադրվել. Աշոտյան
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշման հիմքում Իլհամ Ալիևն ուներ և՛ ներքին, և՛ արտաքին դրդապատճառներ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ներքին դրդապատճառներից, ըստ նրա, կարող է լինել այն, որ այսպիսով Ալիևը փորձում է այլ պոտենցիալ թեկնածուներին կամ քաղաքացիական, քաղաքական ընդվզման շարժումներին խանգարել լավագույնս պատրաստվել այդ ընտրություններին: Թեպետ ակնհայտ ավտորիտար համակարգի պարագայում քաղաքական այլակարծությունը վաղուց ճնշված է Ադրբեջանում, հարյուրավոր մարդիկ բանտերում են կամ արտաքսված, այդուհանդերձ, ընդգծեց Աշոտյանը, նախագահ Ալիևը նման մտավախություններ անշուշտ ունեցել է:
Երկրորդ ներքաղաքական դրդապատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ ադրբեջանական հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձն է նշվելու այս տարի, ինչն, ըստ ամենայնի, զուգակցվելու է քաղաքական համաներմամբ և դրա հետևանքով ազատ արձակված հարյուրավոր քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, լրագրողներ վաղաժամ ընտրությունների պարագայում չեն կարող խանգարել Ալիևին վերարտադրվել:
Կարևոր գործոն է նաև սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում.
«Չմոռանանք Ադրբեջանում խորացող սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանից բխող ադրբեջանական հասարակության աճող դժգոհությունը իշխանություններից, ինչը նվազեցնելու կամ մեղմելու համար Ադրբեջանի նախագահը որոշել է օր առաջ անցկացնել իր վերընտրության գործընթացը»,- նշեց մեր զրուցակիցը:
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը արտաքին գործոնների մեջ հատուկ առանձնացրեց և՛ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում վերընտրված, արդեն իսկ իր ներքին խնդիրներն ամրացրած նախագահի դիրքից մասնակցելու ցանկությունը, և՛ Եվրամիության հետ բանակցվող փաստաթուղթն ամբողջացնելու ու եզրափակելու ցանկությունը: Այս հարցը հատկապես մտահոգիչ է հարևան պետության առաջնորդի համար.
«Ակնհայտ է, որ միջազգային հանրության դժգոհության մի զգալի մասն Ադրբեջանի հանդեպ պայմանավորված է հենց քաղաքական ազատությունների և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարման դեպքերով: Եվ ընտրություններն առաջ գցելով Ալիևը, կարծես թե, ցանկություն ունի նվազեցնի Եվրամիության հետ պայմանագրի բանակցային գործընթացի վրա ավտորիտարիզմի բացասական ազդեցությունը»,- թվարկեց Արմեն Աշոտյանը: Նա նաև ավելացրեց, որ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը, որը դեռ անցած տարի Ալիևն անձամբ բացառել էր, վկայում է, թե որքան շուտ ու արագ է ուզում Ադրբեջանի նախագահը հաղթահարել իշխանության վերարտադրության և կոնսոլիդացման ավտորիտար ճանապարհը, որի անունը դնելու է ընտրություններ: Ինչպես նաև փորձելու քաղաքական տարվա համար մաքսիմալ մոբիլիզացված լինել՝ ներքին և արտաքին մարտահրավերների պարագայում:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները միշտ ազդել են և շարունակելու են ազդել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա՝ և՛ քաղաքական, և՛, ցավոք սրտի, ռազմական իմաստներով: Ուստի բնական է, որ մենք շարունակելու ենք հետևել այդ զարգացումներին՝ հասկանալու նախևառաջ դրանց առնչությունն ու հնարավոր հետևանքները»,- հավելեց Արմեն Աշոտյանը:
Նշենք, այսօր հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Այսպիսով, հոկտեմբերին հերթական ընտրությունների փոխարեն արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան 2018 թվականի ապրիլի 11-ին: