Ամերիկացի հրապարակախոս Բիլ Կաուֆմանը The American Conservative ամսագրի կայքում «Հայկական ռապսոդիա» խորագրով ուշագրավ հոդված է հրապարակել՝ նկատելով, որ հայերը միշտ աշխարհում թերագնահատված են մնում: Հոդվածի թարգմանությունը ներկայացնում է tert.am-ը:
Հեղինակը խոստովանում է, որ հայերով սկսել է հետաքրքրվել միայն հայ աղջկա հետ ամուսնանալուց հետո՝ բացահայտելով Արևմուտքում լուրջ գործունեություն ծավալած հայ հայտնիներին: Նրանց թվում Կաուֆմանը նախևառաջ առանձնացնում է գրող Վիլյամ Սարոյանին՝ բոլոր ժամանակների ամենահայտնի հային, որը կենդանության օրոք թերագնահատված մնաց:
Հեղինակը նկատում է, որ վերջերս հոլիվուդյան դերասանուհի Մեգ Ռայանը Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա բավական հաջող ֆիլմ էր («Իթակե») նկարահանել, որն ինչպես և հայերին ու Հայոց ցեղասպանությանն առնչվող մյուս կինոնկարները՝ Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը, նախորդ տարվա «Խոստումը», բացարձակապես անտեսվեց ժամանցային արդյունաբերության կողմից:
«Մարդկության պատմության մեջ մի հստակ փաստ կա. ոչ ոքի չեն անհանգստացնում հայերի հետ կապված հարցերը: Հանգուցյալ աներոջս՝ Վազգեն Անտոնյանին, դա չէր զարմացնում: Նա մեծացել էր Հալեպում՝ այն ժամանակ, երբ Սիրիան դեռևս ապահով ու հյուրընկալ «դրախտավայր» էր հայ գաղթականների համար: Նա շատ սրամիտ, կրթված մարդ էր, որն անասելի հպարտանում էր իր ծագմամբ: Սակայն նրա ջերմ ժպիտի տակ մշտապես թաքնված էր տխրություն, որը կարելի է նկատել նաև Հոլոքոստը վերապրածների զավակների դեպքում: «Ես այստեղ օդար (օտար-tert.am) եմ»՝ շարունակ կրկնում էր նա»,-վերհիշել է Կաուֆմանը:
Հեղինակը խոստովանում է, որ անբացատրելի հարազատություն է զգում ինչ-որ մեկի նկատմամբ, երբ իմանում է, որ նրա ազգանունն ավարտվում է «իան» կամ «յան»-ով:
«Հիմա ափսոսում եմ, որ այդպես էլ չկարդացի Ֆրանց Վերֆելի՝ Հայոց ցեղասպանության մասին հանրահայտ «Մուսա լեռան 40 օրը» վեպը, ինչը Վազգենն ինձ խորհուրդ էր տալիս: Խոստանում եմ, որ այս ձմեռ կկարդամ: Անկեղծ ասած՝ չեմ ակնկալում 1.5 մլն հայի ոչնչացման մասին ֆիլմ տեսնել, քանի որ այս թեման զրոյական հետաքրքրություն է ներկայացնում Հոլիվուդի համար»,- եզրափակել է հեղինակը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ հայերի վերաբերյալ հարցերը մերժվում են Հոլիվուդում: