Ռուսաստանը մեր ընկերը չէ. ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան
Միացյալ ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հանրապետական կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն Ամերիկայի «ընկերը» չէ:
«Ռուսաստանը մեր ընկերը չէ: Կան մի շարք հարցեր, որոնց շրջանակում մենք կարող ենք համագործակցել, և մենք պետք է դա անենք: Բայց Ռուսաստանը չի կարող լինել մեր ընկերը, քանի դեռ նրա կառավարությունն ունի ներկայիս արժեքներն ու քանի դեռ այն միջազգային հարթակում իրեն նման ձևով է պահում»,- Հեյլիի խոսքը մեջբերում է foxnews.com-ը:
Իր խոսքում պաշտոնյան հերքել է շրջանառվող կասկածներն առ այն, որ նախագահական ընտրություններում հաղթելու հարցում Դոնալդ Թրամփին աջակցել է Ռուսաստանը և որ ԱՄՆ ղեկավարը կապի մեջ է ՌԴ իշխանությունների հետ:
Հեյլին ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը խիստ կոշտ քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես՝ զենք է ուղարկել Ուկրաինա, ռազմական հարված է իրականացրել Սիրիայում Ռուսաստանի դաշնակիցների նկատմամբ, Միացյալ Նահանգներից արտաքսել է ռուս դիվանագետներին:
«Փաստը մնում է փաստ, որ նախորդ տարի վարչակազմը շատ ավելի խիստ է եղել Ռուսաստանի նկատմամբ, քան նախագահ Ռոնալդ Ռեյգանի ժամանակներից ի վեր որևէ այլ վարչակազմ: Չգիտեմ, թե Ռուսաստանն ինչ էր ակնկալում ամերիկյան ընտրություններից, բայց գիտեմ, որ նրանք գոհ չեն վերջնական արդյունքից»,-հայտարարել է Հեյլին: