24.11.2024
ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության նպատակներն առնչվում են նաև ՀՀ-ին. ԱՄՆ դեսպան
prev Նախորդ նորություն

Նախագահի թեկնածուի առաջարկն «անսպասելի սպասված էր». Արմեն Սարգսյան

Նախագահի թեկնածուի առաջարկն «անսպասելի սպասված էր»։ Երբ Սերժ Սարգսյանն առաջարկեց նախագահի պաշտոնում առաջադրել իմ թեկնածությունը՝ շատ անսպասելի չէր, բայց դրանից առաջ խոսակցություն չէր եղել նախագահի հետ: Բնական է, որ ես իրենից պետք է ժամանակ խնդրեի, և սա ձև չէ։ Այս մասին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում։


Շնորհակալություն հայտնելով երկրի ղեկավարին այդ պատվաբեր առաջարկի համար, Սարգսյանը նշել է, որ վերջնական որոշման գալու համար իրեն ժամանակ է պետք և դա ևս ընդունվել է Սերժ Սարգսյանի կողմից: Իսկ թե ինչու է իրեն հարկավոր ժամանակ որոշում կայացնելու համար՝ թեկնածուն պարզաբանել է.


«Շատ պարզ պատճառներ կան։ Այս պետությունը զուտ կառավարման իմաստով ընդամենը 26 տարվա ընթացքում անցել է հստակ նախագահական համակարգից կիսանախագահականի և հիմա անցնում է խորհրդարանական համակարգի։ Առաջարկը, որ ինձ արվում էր, դեսպանի պաշտոն չէր, չէր տրվում նախագահական համակարգում վարչապետի պաշտոնի առաջարկ, ինչպես 1996 թվականին հանրապետության առաջին նախագահն ինձ առաջարկեց, և այդ ժամանակ նույնպես ես ոչ միայն երկար մտածեցի, քննարկեցի, շատ երկար պրոցես եղավ, մինչև համաձայնեցի: Հարցը միայն այն չէ՝ ուզում ես, թե ոչ, պատրաստ ես, թե ոչ, այլ եթե ընդունում ես, ապա ի՞նչ ես անելու և ինչպե՞ս»:


Արմեն Սարգսյանը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե նախագահի պաշտոնն  առանց իշխանության, առանց լիազորությունների պաշտոն է: Նրա խոսքով՝ այն եվրոպական շատ խորհրդարանական հանրապետությունների նախագահների լիազորություններից ավելին է։


Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ինքը կապ ունի աղմկահարույց «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, Արմեն Սարգսյանը նշել է, որ այդ պատմությունը հերթական սխալ ձևակերպված կամ սուտ լուրերից մեկն է։ «Ես, իմ ընտանիքի կամ ընտանիքի հետ կապված որևէ անդամ, որևէ կազմակերպություն, ընկերություն երբեք, նախկինում, այսօր, ամենայն հավանականությամբ` վաղը այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք։ Սա կարճ ձևակերպումն է»,-նախ շեշտել է նա։ Այնուհետ ընդգծել, որ «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ ինքն առնչվել է վերջին անգամ հինգ տարի առաջ։ Բացի դրանից`«Լիդիանը» Կանադայում գրանցված ընկերություն է, ասել է թե՝ բաց ընկերություն, իսկ Կանադան, լինելով աշխարհի լավագույն պետություններից մեկը, որտեղ լեռնարդյունաբերությունը լավ կազմակերպված է, բաց ընկերության բոլոր բաժնետերերը հստակ են։


«Կարող են հարցում անել Լիդիանին կամ Կանադայի համապատասխան մարմիններին՝ արդյոք Արմեն Սարգսյանը, կինը, որդիները, հորաքրոջ տղան, կամ որևէ մեկը ընկերության բաժնետեր եղե՞լ են, թե՞ ոչ։ Պատասխանը լինելու է՝ ոչ։ Դրա համար շատ ժամանակ պետք չէ։ Լիդիանի հետ իմ հարաբերությունը եղել է շատ պարզ․ սա հին պատմություն է։ «Լիդիան» ընկերությանը ծանոթացել եմ երկու հոգու միջոցով։ Կարինե Ղազինյանը, որպես դեսպան, ասաց, որ կա այսպիսի ընկերություն, հետաքրքրված է Հայաստանով, երկրաբանությամբ է զբաղված։ Մյուսը Լիդիան ընկերության բաժնետեր ընկերություններից մեկի ղեկավարն է` անունը Ջոզեֆ Ուգուրլյան է։ Ջոզեֆը հայկական ծագում ունի, նա ինձ ներկայացրեց և առաջարկեց, որ ես խորհուրդ տամ, թե ինչպես Լիդիանն աշխատի Հայաստանում և առաջարկեց, որ ես դառնամ խորհրդատու։ Միայն այդ ֆունկցիայով, ընդ որում` անկախ խորհրդատու, իսկ անկախ խորհրդատուն չէր կարող բաժնետեր լինել »,- ներկայացրել է իր ասելիքը նախագահի թեկնածուն։