25.11.2024
Փորձագետներ. Նավթի ցածր գներն Իրանին ավելի ցավոտ կհարվածեն, քան պատժամիջոցները
prev Նախորդ նորություն

Եվսեև. Հրետակոծելով սահմանը Բաքուն ցանկանում է վարկաբեկել ԵԱՀԿ Մինսկի խումբը

Բաքուն կանխամտացված է գնում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացման, որպեսզի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռի այդ խնդրի վրա: Միաժամանակ ակնհայտ է, որ լայնածավալ ռազմական գործողությունների Ադրբեջանը պատրաստ չէ: Այդ մասին VERELQ-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը ղարաբա-ադրբեջանական շփման գծում: Ադրբեջանի ԶՈւ-երը պարբերաբար կրակ են արձակում ղարաբաղյան դիրքերի վրա, օգտագործելով բացի հրազենից նաև մանր տրամաչափի ականանետեր և գնդացիրներ: Հատկանշական է, որ հրադադարի ռեժիմի խախտումը համընկավ տարածաշրջան Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի հետ:

«Ուկրաինական ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի խդնիրը երկրորդ պլան էր մղվել և Իլհամ Ալիևը հերթական անգամ որոշել է ուշադրությունը սևեռել իր վրա, հատկանապես այն դեպքում, եր Բաքվում Եվրոպական խաղերն արդեն ավարտվել են: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներս հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվելու է: Սակայն ինձ անհանգստացնում է կիրառվող զենքերի տեսակը, եթե նախկինում կրակահերթը իրականացվում էր առավելագույնը խոշոր տրամաչափի զենքերից, ապա այսօր մենք տեսնում ենք ականանետեր և գնդացիրներ: Դա շատ վտանգավոր տենդենց է: Բաքուն կարող է որոշ պահի կորցնել իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը», - նշել է Եվսեևը:

Նրա խոսքով, սկսելով սադրանքը` առկա է վտանգը, որ այն կվերածվի լոկալ հակամարտության և մեծ վստահությամբ կարելի է նշել, որ Ադրբեջանն իրականում պատերազմի պատրաստ չէ: Ադրբեջանը բացահայտ կերպով դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից այս ձևաչափում և հայկական դիրքերի հրետակոծությունը նպատակ ունի վարկաբեկելու նաև այդ միջնորդական ձևաչափը: «Բաքուն կփորձի Գերմանիային և Թուրքիային ներգրավվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Ես վերջերս Անկարայում էի և թուրք փորձագետների շրջանում ակտիվորեն քննարկվում է այն տեսակետը, որ Թուրքիան պետք է ներգրավվի խնդրի կարգավորմանը», - նշել է Եվսեևը:

Ամենաօպտիմալ տարբերակը այս պայմաններում, ըստ ռազմական փորձագետի, ստատուս-քվոյի պահպանումն է՝ հետագայում ծանր տեխնիկայի հետքաշմամբ, ինչպես Դոնբասում: Եվսեևը նշեց, որ խնդրի վերջնական կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցություն բանակցություններին: «Չի կարելի անվերջ մերժել Ստեփանակերտին բանակցային սեղանի շուրջ նստելու համար: Ի վերջո, դրանց ընթացքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվատնգությունը և տրամաբանական է, որ այդ ժողովուրդը պետք է մասնակցի բանակցություններին», - նշել է նա: