Հայաստանի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերն, ընդհանուր առմամբ, դրական են գնահատում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրումը եւ պատրաստ են հանդիպել նրա հետ:
Հունվարի 19-ին Բաղրամյան 26-ում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընդգծել էր, որ որոշում ընդունելուց առաջ կցանկանար հանդիպել և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդրանական կուսակցություններին, թեև գործող նախագահ Սերժ Սարգսյանը իր խոսքում կարևորել էր խորհրդարանական ուժերի հետ հանդիպելու անհրաժեշտությունը։
Կոալիցիոն ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահ է, որ շատ հետաքրքիր թեկնածու է առաջադրվել իր պրոֆեսիոնալ որակների առումով: Նա չգիտի՝ ՀՀ-ի պարագայում առավելություն է, թե թերություն Արմեն Սարգսյանի՝ երկար տարիներ Հայաստանում չապրելը: «Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե թերություն իր երկար տարիներ Հայաստանում չապրելը: Շատ խոսվեց, որ քաղաքականությամբ չի զբաղվել, բայց դրանով հանդերձ չի նշանակում, որ քաղաքականությունից կտրված է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ԱԺ-ում ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունը թեպետ չի աջակցի իշխող ՀՀԿ-ի թեկնածուին, սակայն անպայման կհանդիպի նրա հետ քննարկումների շրջանակում: «ԵԼՔ խմբակցությունը անպայման կհանդիպի նախագահի թեկնածուին, բայց վստահեցնում եմ, որ դա չի անդրադառնա ԵԼՔ խմբակցության ձայնի վրա», - ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ու հավելել, որ այնուամենայնիվ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն է, եւ դա արդեն խոսուն է նշեց նա։
2016 թ-ի սահմանադրկական փոփոխություններից հետո, երբ քաղաքական համակարգը սկսեց անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին, նախագահն այս տարվա ապրիլից հետո իրականացնելու է միայն ներկայացուցչական գործառույթներ: Թեկնածուն կստանձնի նախագահի պաշտոնը, եթե ստանա Ազգային ժողովի պատգամավորի ¾-ի ձայները, որը չեն կարող ապահովել ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին:
«Եթե Արմեն Սարգսյանը համապատասխանում է այդ չափանիշներին, ապա թող ՀՀԿ-ն այդ 18 ձայնը տա մեզ, որպեսզի մենք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրենք, կլինի ժողովրդավարական, եւ այլընտրանքային», - ավելացրեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գորգիսյանը՝ հիշեցնելով, որ ԵԼՔ-ն առաջադրել է մենք Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, սակայն դրա համար պետք է պատգամավորի ձայների 1/4, որը եւս չի կարող ապահովել ընդդիմադիր դաշինքն իր 9-ը պատգամավորներով:
Ընդդիմադիրները վստահ են, որ իշխանության թեկնածուն ընտրության ժամանակ կոալիցիոն ուժերից բացի կարող է ձայներ ակնկալել միայն իրեն ընդդիմություն հռչակած «Ծառուկյան» խմբակցությունից:
Լրագրողների հարցին, եթե ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ձայները չեն բավականացնում, առաջին փուլով Արմեն Սարգսյանի ընտրվելու համար, իսկ Սերժ Սարգսյանը նշել է, որ կցանկանար Արմեն Սարգսյանը առաջին փուլով ընտրվեր, ո՞վ է օգնելու այդ դեպքում, Արարատ Միրզոյանը պատասխանեց «Եթե ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն իրար հետ այդ թիվը չեն կարողանում կազմել, ԵԼՔ-ը դեմ է, էլ ո՞վ է մնում, իհարկե գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ՝ «Ծառուկյան» խմբակցությունը»։
Ավելի վաղ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառել, որ իրենց քաղաքական միավորը կարող է սատարել Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուին: «Ամեն ինչ հնարավոր է, բայց այսօր մենք չգիտենք, թե թեկնածուն ով է: Ժողովուրդը իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը առանց մեզ որոշում կայացնելու, ներկացնելու և ընտրելու, ինչի՞ մասին է խոսքը»,- ասել էր նա:
Այնուհետեւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը VERELQ-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Արեմն Սարգսանի թեկնածության վերաբերյալ կարծիք կհայտնեն այն ժամանակ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կլինեն համապատասխան քննարկումներ: «Առաջիկա օրերին տեղի կունենա քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվի թեկնածուի հարցը և մեր պաշտոնական դիրքորոշումը կներկայացնենք»,- ասել էր նա:
Արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելու Արմեն Սարգսյանի ցանկությունը ողջունել է ընդդիմադիր «Ժառանգությունը» կուսակցություն: «Դա շատ ճիշտ ցանկություն է, որովհետև հասարակությունը ոչ թե խորհրդարանում է ներկայացված, այլ խորհրդարանից դուրս է ներկայացված», - ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա մեծ հույսեր չի կապում նախագահի թեկնածուի հետ։ Ըստ նրա, թեև Արմեն Սարգսյանը ինտելեկտուալ շրջանակի ներկայացուցիչ է, այնուամենայնիվ՝ «այս համակարգի շրջանակում ոչինչ փոխել չի կարող»։
Մեկ այլ արտախորհրդարանական ուժի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության դռները բաց են բոլորի առջև, սակայն, կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի խոսքով, իրենք չեն սպասարկի Սերժ Սարգսյանի ծրագրերը՝ այս դեպքում, մասնավորապես, սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանության երկարաձգումը։ «Եվ այստեղ է հիմնական խնդիրը՝ նայած ինչի շուրջ է Արմեն Սարգսյանը ցանկանում քննարկում անցկացնել: Եթե նա ցանկություն ունի քննարկում անցկացնել Սերժ Սարգսյանի պրոյեկտների շուրջ, ապա մենք, իհարկե, այդ քննարկումների մասնակիցը չենք լինի», - ասել է Փոստանջյանը:
Արմեն Սարգսյանի առաջադրումը դրական են գնահատում նաեւ Արցախում: ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի եւ Արցախի ղեկավարության հետ հանդիպման օրը դեռ հայտի չէ: Նախնական պայմանավորվածություն դեռ չկա: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Արմեն Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ որոշում ընդունելուց առաջ անպայման կցանկանար հանդիպել նաեւ Արցախի Հանրապետության ղեկավարությանը: «Նախնական պայմանավորվածություն դեռ չկա, եթե այդպիսի այց լինի, բնական է, որ մենք դրա մասին տեղյակ ենք պահելու հանրությանը»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ Արմեն Սարգսյանի հետ կոնտակտը միշտ էլ եղել է:
«2015 թվականին Արցախի նախագահի ղեկավարած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Մեծ Բրիտանիայում կարեւորագույն հանդիպումներ են եղել, եւ դեսպան Սարգսյանը մեծ դերակատություն է ունեցել, մշտապես եղել է մեզ հետ: Եվ նրա աշխատանքային պրոֆեսիոնալ ունակություններին եւ մարդկային որակներին ծանոթացել ենք անմիջականորեն եւ շատ բարձր տպավորություն է թողել մեզ վրա Արմեն Սարգսյան դիվանագետը, մարդը: Կարծում եմ, եթե նա համաձայնի եւ ընտրվի իր աշխատանքում հատուկ ուշադրություն է դարձնելու Արցախին»,- եզրափակեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: