24.11.2024
Հանդիպում Մակրոնի հետ եւ ելույթ ԵԽԽՎ-ում. Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանը եղել է 2008 թ-ին Հայաստանի վարչապետի թեկնածուների թվում. Wikileaks

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը 2008-ի նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին հավակնող թեկնածուների թվում է եղել:


Ինչպես հայտում է panarmenian.net-ը՝ նման տվյալներ է պարունակում Wikileaks-ի կողմից բացահայտված ԱՄՆ դեսպանատան փաստաթղթերից մեկն 2007-ին ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանի և ԱՄՆ դիվանագետներից մեկի հանդիպման վերաբերյալ։ Ավետիսյանը պատմել էր Սարգսյանի հավանական վարչապետության մասին և նշել, որ նա նախընտրելի էր Սերժ Սարգսյանի մերձավոր այն օղակների համար, որոնք քաղաքական և տնտեսական բարեփոխումների, ավելի թափանցիկ կառավարման և արևմտամետ քաղաքականության ակնկալիքներ ունեին:


Նախկին պաշտոնյան պատմել էր նաև, որ որ այն ժամանակ վարչապետի թեկնածուների շարքում շրջանառվում էին Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի անունները:


Ավետիսյանը համոզմունք էր հայտնել, որ թեկնածուներից միայն Արմեն Սարգսյանը կկարողանա նոր շունչ հաղորդել համակարգին և պայքարել կոռուպցիայի դեմ, ինչը վերացման սպառնալիքի է տակ կդներ Հայաստանի քաղաքական վերնախավը:


Ըստ աղբյուրի, որ Սերժ Սարգսյանը հակված էր եղել տեխնոկրատ նախարարներ նշանակել նոր կառավարության կազմում: Սակայն նրան հետ են պահել ՀՀԿ-ի հնաբնակներ՝ այն օրերի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ու Գալուստ Սահակյանը:


Արմեն Սարգսյանը Tetris-Wordtris ընկերության համահիմնադիրներից է, որը զբաղվել է աշխարհահռչակ Tetris-ի տարբեր խաղային մոդիֆիկացիաների արտադրությամբ ու վաճառքով։ Դրանցից մեկի՝ Wordtris-ի կամ «տառերով» Tetris-ի ենթագրերում անգամ հիշատակվում է Սարգսյանի անունը՝ որպես խաղի ստեղծող։


ԽՍՀՄ անկումից հետո Սարգսյանը հիմնադրել է Լոնդոնում ՀՀ դեսպանատունն ու դարձել առաջին դեսպանը Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում:


Սարգսյանը 2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է, եղել է բրիտանական նավթային հսկա British Petroleum-ի, Alcatel-ի, Telefonica-ի և այլ ընկերությունների խորհրդատու: Նրա անվան հետ են կապում Արևմուտքի և եվրասիական տարածաշրջանի էներգակիր երկրների միջև կնքված մի շարք խոշոր համաձայնագրեր:


2013-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International հանքարդյունաբերական ընկերության տնօրեն: Ընկերությունը շահագործում է Ջերմուկի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը: Նա սերտ կապեր ունի բրիտանական էլիտաների ու հատկապես թագավորական ընտանիքի հետ:


ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում Արմեն Սարգսյանի հայտարարագրերում նշվում է, որ 2013-ին դեսպանի պաշտոնում նշանակվելիս նա հայտարարագրել է 3 առանձնատուն ու 2 բնակարան: 2016 թվականին նա հայտարարագրել է €5,7 միլիոն: