23.11.2024
«Ազգ-բանակ»-ն ըստ Վիգեն Սարգսյանի. իշխանության ձեռքը քաղաքացու ծակ գրպանում
prev Նախորդ նորություն

Կրակովյան հանդիպումը կարևոր ու նոր ուղղություն է նշմարում. Դավիթ Բաբայան

Կրակովյան հանդիպումը հետաքրքիր ու կարևոր է: Եվ այն, որ խոսվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման մասին, շատ կարևոր ու նոր ուղղություն է նշմարում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Սա այն պայմանավորվածությունն է, որ ձեռք է բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում, և սա մենք կարևոր ենք համարում, որովհետև գրասենյակի ընդլայնումը թույլ կտա ավելի օպերատիվ ձևով մշտադիտարկում իրականացնել սահմանին, վեր հանել սահմանային միջադեպերը, պատասխանատուներին: Բայց կան որոշ նրբություններ. օրինակ, պաշտոնական Բաքուն խոչընդոտում է այս գործընթացը՝ պահանջում է, որ ընդլայնվող կազմը նստի Բաքվում կամ Երևանում: Մինչդեռ մենք պնդում ենք նրանց ներկայության անհրաժեշտությունը հենց սահմանի մոտ, քանզի Բաքվում կամ Երևանում նրանց ներկայությունը այն արդյունքը չի տա, որ դրված է այս գաղափարի հիմքում՝ 400-500կմ հեռու գտնվելը կվնասի մշտադիտարկման օպերատիվությանը»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը լիահույս է, որ Կրակովյան հանդիպումից հետո սայլը տեղից կշարժվի և գուցե ինչ-որ բան ստացվի:

Թե արտգործնախարարները, թե համանախագահները երեկ կայացած հանդիպմանն ընդգծել են շփման գծում պահպանվող համեմատաբար անդորրը: Արցախի նախագահի խոսնակից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված այն, որ մշտապես սադրողի դերում հանդես եկող Ադրբեջանը հանգիստ իրավիճակ է պահպանում սահմանին, արդյոք խնդիրը ներքաղաքական է, թե՞ ընտրությունների տարի է: Ըստ Բաբայանի, 2018 թվականը յուրահատուկ տարի է լինելու հատկապես Ադրբեջանի համար, այսպես ասած՝ շահարկումներով լի տարի է սպասվում: Իսկ շահարկումները, ըստ նրա, չեն բացառում պրովոկացիոն գործողություններ սահմանին և հրադադարի խախտում: Ընդ որում՝ ոչ միայն սահմանի երկայնքով, այլև դիվանագիտական, տեխնիկական դաշտում: Սա պայմանավորված է մի քանի տարեթվերով.

«2018 թվականին արհեստածին Ադրբեջանի 100-ամյակն է՝ հայտնի է, որ Ադրբեջան չի եղել, 1918 թվականին թուրքերն ու գերմանացիները ստեղծեցին այդ երկիրը: Բացի այդ, Արցախի հիմնախնդիրը ծագեց հենց 100 տարի առաջ, որովհետև այդ արհեստածինը գերնպատակ ուներ իր սուրոգատ մոր՝ Օսմանյան կայսրության հետ ընդհանուր սահման ունենալ: Ղարաբաղյան շարժման 30-ամյակն է, Հեյդար Ալիևի 95-ամյակն է, Աղդամի, Ֆիզուլու, Քելբաջարի, այդ բոլոր հենակետերի կորուստների 25-ամյակն է Ադրբեջանի համար: Նաև՝ Ադրբեջանում ընտրություններ են սպասվում... սրանք բոլորը շահարկման ենթակա թեմաներ են և մենք չենք կարող շրջանցել այդ ամենը: Հետևաբար ես անձամբ չեմ բացառում, որ այս ամենը նրանք օգտագործեն իրենց պետականաշինության գործընթացում, քաղաքականության մեջ և վստահ եմ, որ այս ամենը հաշվի են առնում նաև միջազգային տարբեր հարթակներում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, նախօրեին Կրակովում կայացած հանդիպմանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերն անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։