23.11.2024
Կրակովյան հանդիպումը կարևոր ու նոր ուղղություն է նշմարում. Դավիթ Բաբայան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պատժամիջոցները՝ կոշտ ու ռիսկային խաղաքարտ ՀՀ իշխանությունների համար. Պերենջիև

Հունվարի 29-ից ԱՄՆ-ն ծրագրում է պատժամիջոցներ կիրառել այն յուրաքանչյուր պետության ֆիզիկական անձանց, կազմակերպությունների կամ ընկերությունների դեմ, որոնք զգալի ծավալի ռազմական գործարքներ կկնքեն Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ։ Պատժամիջոցների տակ ընկնող կազմակերպությունների ցանկում ներառված է 39 ռուսաստանյան ձեռնարկություն, այդ թվում նաև «Рособоронэкспорт»-ը:

Ռուսաստանը հանդիսանում է ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան սպառազինության խոշորագույն մատակարար, այնպես որ սանկցիոն այս քաղաքականությունը չի կարող ազդեցություն չունենալ այս պետությունների հետ համագործակցության վրա, հետագայում նաև պայթյունավտանգ մեր տարածաշրջանի զարգացումների վրա:
VERELQ-ի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը նշեց, որ պատժամիջոցների այս ուղղությունը Ռուսաստանը չի կանգնեցնի և ռազմա-արդյունաբերական համալիրը կշարունակի գործել նույն թափով: Բայց այլ հարց է՝ կկարողանա, արդյոք, Հայաստանը պահել իրավիճակն այնպես, ինչպես այսօր է, քանզի ռուսական սպառազինության ձեռքբերումը լուրջ ռիսկեր է սկսում պարունակել ՀՀ իշխանությունների համար.

«Հայաստանի իշխանությունները ստեղծված իրավիճակում պետք է ռիսկայնության գնահատում անեն. եթե հրաժարվեն ռուսական սպառազինությունից, ապա պետք է գնել, ասենք, ամերիկյանը, իսկ դա արդեն լրիվ այլ գնային քաղաքականություն է, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է մատակարարում ներքին գներով: Իմ կարծիքով՝ չի ստացվի, և Հայաստանը կշարունակի ռուսական զենք ձեռք բերել»,- ասաց նա:

Այս դեպքում Հայաստանը, հաղթահարելով նորանոր ու զգալի ռիսկեր, էլ ավելի մեծ կախվածություն կունենա Ռուսաստանից: Իսկ դիտարկել այն տարբերակը, որ Հայաստանը կհրաժարվի ռուսական զենքից, նրա խոսքով անգամ պետք չէ. Նախ, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՌԴ դաշնակից, իսկ երկրորդ՝ հանրապետության բյուջեն, ասել է թե՝ գումարի բացակայությունը հնարավորություն չի ստեղծում գնել զենք այլ մատակարարներից՝ ԱՄՆ-ից, Թուրքիայից կամ Պակիստանից: Այս դեպքում վստահ է պերենջիևը, բացի ֆինանսական խնդիրներից ի հայտ կգան նաև այլ բնույթի խնդիրներ.

«Հայաստանի իշխանությունները իսկապես լուրջ ռիսկային իրավիճակի առաջ են կանգնել, քանի որ այս բավականին կոշտ խաղը այլևս թույլ չի տալիս պահել «և՛ մեզ, և՛ ձեզ» սկզբունքը: Ակնհայտ է, որ այնպես, ինչպես եղել է նախկինում այլևս չի լինի՝ մեջտեղում մնալը դժվարանում է»,- շեշտեց նա:

Ռուս փորձագետի տրամաբանությամբ՝ Ադրբեջանը նման բարդ ընտրության առաջ չի կանգնում, քանի որ Բաքուն ունի գումար, հետևաբար ռուսական սպառազինությունից հրաժարվելու հարց ներկայումս այդ երկրի քաղաքական օրակարգում չկա: Պերենջիևը վստահություն հայտնեց, որ հայաստանյան իշխանությունների որոշումների վրա կարևորագույն ու ազդեցիկ գործոններից մեկը լինելու է այն, որ հետագայում ևս Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ռուսական սպառազինությունը ստանալու է ներքին գներով: Իսկ սա լուրջ հանգամանք է անգամ նման բարդ ու ռիսկային գործում:

Ինչ վերաբերում է պատժամիջոցների ազդեցությանը տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտեքստում, որում Ռուսաստանը ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ապա մեր զրուցակցի կարծիքով՝ ամեն բան կմնա իր տեղում. «Հակամարտության կողմերը սպառազինված կլինեն: Բայց Ադրբեջանը չի կարողանա ռազմական ճանապարհով հետ վերցնել Ղարաբաղը, քանի որ Հայաստանը միշտ կկարողանա պահել այն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, միմյանց հետ հակամարտող Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական սպառազինության գնորդներից են։ Վերջին մի քանի տարում Ադրբեջանը շուրջ 5 մլրդ դոլարի ռազմական գործարք է կնքել ռուսական ձեռնարկությունների հետ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում ստանում է ռուսական արտադրության սպառազինություն ներքին գներով։ Այդպես, վերջին երկու տարում Հայաստանը ՌԴ-ից շուրջ 250 մլն դոլարի ռազմական վարկ է ստացել այդ երկրի արտադարության նորագույն զինատեսակներ ձեռք բերելու համար։

Մինչդեռ պաշտոնական Երևանը չի շտապում մեկնաբանել ստեղծված իրավիճակը: VERELQ-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս խնդիրը ավելի շատ ԱԳՆ-ի տիրույթում է, քանզի հարցը քաղաքական է: Իսկ ԱԳՆ-ից էլ թեև հրաժարվեցին մեկնաբանել: Արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը միայն  ասաց.

«Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը իր գործընկեր պետությունների հետ»:

Լիա Խոջոյան