25.11.2024
Թրամփը ենթադրել է, որ հատուկ ծառայությունները հետեւել են իր նախընտրական արշավին
prev Նախորդ նորություն

Facebook-ը կշարունակի մնալ անվճար միայն մարդկային շփման համար. ի՞նչ է սպասվում սոցցանցին

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սոցցանցում կրճատում է մեդիա բովանդակությունը և ավելի մեծ տեղ է հատկացնում սոցիալական շփումներին, ընկերներին ու ընտանիքին: Նրա խոսքով, 2018 թվականին իրենց առաջնահերթություններից մեկը երաշխավորումն է, որ Facebook-ում անցկացրած ժամանակը լինի լավ անցկացրած ժամանակ:


Ցուկերբերգը գրառել է, որ ի սկզբանե իրենք ընտանիքը և ընկերներին դրել են կենտրոնում՝ նպատակ ունենալով օգնել օգտատերերին մոտ լինել իրենց համար կարևոր մարդկանց հետ: Սակայն իրականությունն այլ է.


«Վերջին շրջանի վերլուծություններից դատելով հանրային բովանդակությունը՝ բիզնեսի, ապրանքանիշերի և մամուլի գրառումները սկսել են ստվերել անձնական պահերը: Մենք ակադեմիական հետազոտություններ ենք կատարել և խորհրդակցել առաջադեմ համալսարանների փորձագետների հետ, ինչի արդյունքում եկել այն եզրակացության, որ երբ մարդիկ սոցիալական մեդիան օգտագործում են իրենց համար թանկ մարդկանց հետ շփվելու համար, երկարաժամկետ հեռանկարում դա կապվում է երջանկության և առողջության ցուցիչների հետ: Բայց, մյուս կողմից, հոդվածների պասիվ ընթերցումը կամ տեսանյութերի դիտումը, անգամ եթե դրանք զվարճալի ու հետաքրքիր են, կարող է այդքան էլ լավ չլինել: Այդ իսկ պատճառով, մենք փոխում ենք Facebook-ի ուղղվածությունը և այսուհետ կօգնենք գտնել ոչ թե անհրաժեշտ բովանդակություն, այլ առավել նշանակալից սոցիալական շփումներ»,- նշել է Ցուկերբերգը:


Ընկերության ղեկավարը նշել է, որ փոփոխությունները մեկնարկել են դեռ անցած տարի, բայց ևս մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի դրանք տարածվեն միրենց բոլոր նախագծերի վրա: Ցուկերբերգը զգուշացրել է՝ առաջին փոփոխությունները կտեսնենք մեր լրահոսում, որտեղ ավելի շատ գրառումներ կլինեն ընկերներից, ընտանիքից և խմբերից: Ու թեև ինքն ընդունում է, որ այս ճանապարհով կկրճատեն մարդկանց գտնվելը սոցցանցում, բայց արդյունքում այդ ժամանակը կլինի ավելի արժեքավոր:


Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, այս փոփոխությունները կազդեն բոլորի վրա, քանզի դիտումների քանակությունը կքչանա: Սակայն նրանք, ովքեր գումար կներդնեն, դուրս կմնան այդ սահմանափակումներից: Օրինակ, եթե «դեղին» մամուլը մեծ գումարներ ունենա, ներդրումներ անի գովազդի մեջ, ապաև խնդիր չի ունենա:


Մարտիրոսյանն ընդգծեց՝ Facebook-ը չի սահմանափակելու անձնական էջերում որևէ բան տարածել, պարզապես դրանք շատ ավելի քիչ մարդ կտեսնի, քան նախկինում էր: Կարճ ասած՝ ստացվում է, որ եթե գումար չվճարվի, ապա մեդիանյութերը փոքրաթիվ լսարանի հասանելի կլինեն: 


Այդ դեպքում՝ ո՞ւր մնաց այն կարգախոսը, որ բոլորիս ողջունում է կայքի գլխավոր էջում՝ «Facebook-ն անվճար է և միշտ կլինի անվճար»: Սամվել Մարտիրոսյանը որևէ հակասություն այստեղ չի տեսնում ու ընդգծում է.


«Facebook սոցիալական ցանցն անվճար է, բայց շփման համար»: