23.11.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ
prev Նախորդ նորություն

Վերջին 5 տարում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 15 հազար քաղաքացի

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարված անձանց թիվը վերջին տարիներին շեշտակի աճել է։

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տրամադրված տվյալների համաձայն՝ 2017 թվականի դրությամբ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն դիմում է ներկայացրել 3823 քաղաքացի։ Այսպիսով 2012 թվականին 968 դիմում է ստացվել, 2013–ին՝ 1461, 2014–ին՝ 2407, 2015–ին՝ 2487, 2016–ին՝ 3863, 2017–ի դեկտեմբերի մեկ դրությամբ՝ 3823 դիմում։ Այսինքն՝ 2012 թվականի ընտրություններից մինչեւ 2017 թվականի ընտրությունները, երբ իշխանության է եկել կրկին Հանրապետական կուսակցությունը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 15009 քաղաքացի։ Քաղաքացիությունը դադարեցրած անձանց սեռի եւ տարիքի մասին ոստիկանությունը տվյալներ չի փոխանցել՝ հիմնավորելով, որ այդպիսի վիճակագրություն չեն իրականացնում։

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ սա լուրջ ցուցանիշ է, եւ իշխանությունը պետք է այն ընդունի որպես երկրի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիր։ Նախկին ոստիկանապետը  news.am-ի հետ զրույցում չի ժխտում, որ այս ցուցանիշի զգալի հատվածը բանակից խուսափելու պատճառով է հրաժարվել քաղաքացիությունից։


«Սա շատ մեծ թիվ է մեր երկրի համար։ Յուրաքանչյուն իր պատճառն ունի երկրից գնալու։ Իմ կարծիքով, իմ տպավորությամբ, մի մասը բանակից խուսափելու պատճառով է, ինչն ուղղակի անընդունելի է։ Բայց ես տեղեկություն չունեմ պատճառների մասին, պարզապես ինձ այդպես է թվում, մի մասն էլ սոցիալական պատճառով, քանի որ դրսում աշխատանք կա, լավ են վարձատրվում եւ ապագայում ինչ–որ բանի հասնելու հույս ունեն, թողնում գնում են։ Ես համոզված եմ, որ այս մարդկանց մի մասը հետ է գալու շատ շուտ, դա իմ համոզմունքն է, մի քիչ որ տնտեսական վիճակը բարելավվեց, մարդիկ կարողանան աշխատել ապրել, կվերադառնան հայրենիք։ Անպայման իշպխանությունը պետք է համարի թիվ մեկ խնդիր երկրի համար, որը լուծման կարիք ունի»։


Դիտարկմանը՝ ՀՀԿ–ի իշխանության վերջին հինգ տարիների ընթացքում է այս թիվը աճել, եթե շարունակում է իշխանության մնալ ՀՀԿ–ն, արդյո՞ք դա չի նշանակում, որ միտումն ավելանալու է, պատգամավորն արձագանքեց.


«Դուք գտնո՞ւմ եք, որ եթե այլ ուժ իշխանության լիներ, այդ պրոցեսը դադարելո՞ւ էր, մարդիկ չէին գնալո՞ւ։ Քանի որ զուգադիպել է ՀՀԿ իշխանության հետ, ուրեմն վերագրում եք իշխանությա՞նը։ Ես չեմ կարծում, որ դա պայմանավորված է ՀՀԿ–ի մեղքով»։ Ըստ Ալիկ Սարգսյանի՝ այս հոսքը հնարավոր է կանխել մի դեպքում, եթե մարդկանց բացատրեն, որ ներդրումներ պիտի արվեն, աշխատատեղեր բացվեն։ Ալիկ Սարգսյանը ոգեշնչվել է նման հայտարարություններից, բացատրություններից եւ հավատում է, որ այս տարվանից ինչ–որ բան կփոխվի տնտեսական ոլորտում, աճի ցուցանիշները կկրկնապատկվեն։ Ալիկ Սարգսյանին հիշեցրինք, որ արդեն մեկ ցուցանիշի աճ արձանագրվել է՝ սպառողական ապրանքների գները։