Համաշխարհային բանկը 2018 թվականին Հայաստանի համար 3,8%-ի աճ է կանխատեսում
Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսության համար 3,8%-ի աճ է կանխատեսում 2018 թվականին: Իսկ ահա 2019 և 2020 թվականների համար աճի կանխատեսումը 4% է:
Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, որ անցած 2017 թվականին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում, ինչպես նաև դրական ազդեցություն է ունեցել Ռուսաստանում և Ղազախստանում տնտեսության վերականգնումը, ինչն արտահայտվել է դրամական փոխանցումների և արտահանումների աճով: Արդյունքում տարածաշրջանում ապրանքներ ներմուծող երկրների վրա, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը և Վրաստանը, դա դրական ազդեցություն է ունեցել:
Ըստ զեկույցի հեղինակների, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արևելյան հատվածում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան) նախատեսվում է, որ տնտեսության աճը կշարունակի ամրապնդվել 2018-2020 թվականներին՝ ապրանքների գների ամրապնդման և դրամական փոխանցումների միջոցով ներքին պահանջարկի մեծացման հետ մեկտեղ:
Ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկը 2018 թվականի համար 3,1% տնտեսական աճ է կանխատեսում աշխարհում: