23.11.2024
Համաշխարհային բանկը 2018 թվականին Հայաստանի համար 3,8%-ի աճ է կանխատեսում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Քննարկվում է Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում դժգոհություն է հայտնել Վիգեն Սարգսյանից եւ նեղսրտել, թե Վիգենը չկարողացավ արդարացնել իրեն պաշտպանության նախարարի պոստում:


Իրազեկ աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ իշխանության վերին օղակներում քննարկվում է ապրիլի 9-ից հետո ՀՀ պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու հարցը: Ըստ նույն աղբյուրների, Վիգեն Սարգսյանը նոր կառավարությունում կարող է դառնալ արտգործնախարար, իսկ պաշտպանության նախարարի պոստում քննարկվում է Արտակ Զաքարյանին նշանակելու հարցը: Հիշեցնենք, Արտակ Զաքարյանն այժմ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է: Վերջինս ՊՆ տեղափոխվեց Ազգային ժողովից: Նախորդ գումարման խորհրդարանում նա զբաղեցնում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը:


«Հայկական ժամանակի»-ի աղբյուրները հայտնում են նաեւ, որ փոփոխությունների այս համատեքստում հնարավոր է, որ Վիգեն Սարգսյանին ԱԳՆ տեղափոխելուց հետո ԱԳ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանը իշխող ՀՀԿ-ի կողմից առաջադրվի հանրապետության նախագահի պոստում: Հիշեցնենք, ապրիլի 9-ից հետո ՀՀ նախագահը, որն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից, ունենալու է խիստ սահմանափակ լիազորություններ. երկրի իրական ղեկավարը լինելու է վարչապետը»:


«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պարզվում է, հանճար է: Համենայնդեպս, նա իրեն այդպիսին է համարում: Ինչպե՞ս է Թրամփը հիմնավորում իր հանճարեղ լինելը: Շատ պարզ. քանի որ նա մեծ հաջողությունների է հասել բիզնեսում, ինչպես նաեւ հեռուստատեսային գերաստղ էր, իսկ հետո դարձել է ԱՄՆ նախագահ, ուրեմն նա հանճար է:


Սակայն ակնհայտ է, որ Թրամփն առաջին հաջողակ բիզնեսմենը չէ ու առաջին աստղը չէ Միացյալ Նահանգների պատմության մեջ: Կարելի է հիշեցնել նաեւ, որ Թրամփից առաջ այդ հրաշալի երկիրն ունեցել է 44 նախագահ: Միթե նրանք բոլորը հանճարներ էին: (Գիտեմ, որ անգլերեն «genius» եւ հայերեն «հանճար» բառերի իմաստների միջեւ որոշակի տարբերություն կա, բայց լեզվաբանական նրբություններն այստեղ այնքան էլ էական չեն): ԱՄՆ ներկայիս ղեկավարը որոշել է բարձրաձայնել իր արտառոց արժանիքների մասին ի պատասխան ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի գրքի, որտեղ հեղինակն ապացուցում է, որ ԱՄՆ նախագահն օժտված չէ բարձր մտավոր կարողություններով, քիչ է կարդում եւ բացարձակապես հետաքրքրասեր չէ:


Վուլֆի գիրքը, որը կոչվում է «Կրակ եւ ցասում», լույս է տեսել երեկ, սակայն որոշ դրվագներ մինչ այդ արդեն իսկ հայտնի էին դարձել հանրությանը: Իսկ մեր կողմից արձանագրենք, որ պետական գործչի հանճարը եւ նույնիսկ տաղանդը բացահայտվում է նրա քայլերի արդյունավետության միջոցով: Եթե դիտարկենք թեկուզ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին երկու քվեարկությունները Երուսաղեմի եւ Իրանի հարցերով (դեկտեմբերի 18-ին եւ հունվարի 5-ին), երբ անգամ ԱՄՆ-ի դաշնակիցներն էին հակադրվել ամերիկյան նախաձեռնություններին, կարելի է ենթադրել, որ այդ նախաձեռնությունները հանճարեղ չէին:


Նման բարձրագոչ մակդիրը, հավանաբար, չի կարելի կիրառել նաեւ 18 միլիարդ դոլարով Մեքսիկայի հետ պատ կառուցելու գաղափարին: Իհարկե, ԱՄՆ ներկայիս վարչակազմն ունի նաեւ լավ, ճիշտ մտահղացումներ, որոնց շարքից են, իմ կարծիքով, «գրին-քարտի» խաղարկության դադարեցումը կամ հարկային բարեփոխումները: Ինչպես եւ աշխարհի ցանկացած ղեկավար, Թրամփն արել է եւ անելու է բազմաթիվ ճիշտ եւ սխալ քայլեր: Բայց նա, ինձ թվում է, հանճար չէ:


Հանճարը Մոցարտն է, որի ցանկացած ստեղծագործություն գլուխգործոց է: Սակայն ամերիկյան համակարգի առավելությունն այն է, որ 3 տարուց կամ (որն ավելի քիչ հավանական է) 7 տարուց Թրամփն այլեւս նախագահ չի լինի: Իսկ, օրինակ, Պուտինը հավերժ է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց եւ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագահական նստավայրից, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում: Ավելի ճիշտ՝ նախագահական նստավայրը տեղափոխվելու է Մատենադրանի հարեւանությամբ գտնվող կառավարության ընդունելությունների տուն, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Արդյունքում մենք կունենանք կառավարության երկու մասնաշենք. Մեկը Բաղրամյան պողոտայում, որտեղ կլինի վարչապետի եւ իր աշխատակազմի նստավայրը, իսկ մյուսը Հանրապետության հրապարակում, որտեղ կլինեն փոխվարչապետներն իրենց աշխատակազմերով»: