Իրանում դեկտեմբերի 28-ից շարունակվող հակակառավարական ցույցերի յոթ օրվա ընթացքում առնվազն 21 մարդ է զոհվել, ավելի քան 450 մարդ ձերբակալվել է: Ցուցարարների լոզունգները սոցիալ-տնտեսականից վերածվեցին քաղաքական պահանջների: Այժմ նրանք բացահայտ պահանջում են հեգեւոր ու քաղաքական իշխանության հրաժարականը, իսկ Իրանի իշխանությունները մեղադրում են ցույցերի հրահրման ու կազմակերպման մեջ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիայի եւ Սաուդյան Արաբիային:
Ինչպես հայտնում է Բի Բի Սին՝ վկայակոչելով իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությանը, չնայած նախագահ Հասան Ռոհանին հորդորներին, հակակառավարական ցույցերը շարունակվել նաև Ամանորի գիշերը:
Հակակառավարական ցույցերի մասնակիցները հանդես են գալիս ամենատարբեր լոզունգներով, սակայն, ինչպես նշում են փորձագետները, այս անգամ ցուցարարները չեն կառավարվում մեկ կենտրոնից, ինչպես 2009 թ-ին էր: Նրանք վանկարկում են «Մահ դիկտատորին»՝ ի նկատի ունենալով ալաթալլա Ալի Համենեին, «Ռոհանին պետք է հեռանա», «Վերադարձիր թագաժառանգ արքայազն»՝ ի նկատի ունենալով ԱՄՆ-ում բնակվող Իրանի նախկին շահի որդուն:
Հակակառավարական ցույցերի մասնակիցները նաեւ դեմ են հանդես գալիս Իրանի վարած արտաքին քաղաքականությանը: Նրանք վանկարկում են «Ոչ Գազային, Սիրիային, մեր կյանքն Իրանն է»՝ կոչ անելով հեռանալ Սիրիայից եւ դադարեցնել այդ երկրի նախագահ Բաշար Ասադին տրամդրվող ռազմա-քաղաքական աջակցությունը: Հնչում է նաեւ «Հեռացեք Սիրիայից եւ մտածեք մեր մասին» կոչը:
Իրանում յոթ օր շարունակվող ցույցերի ընթացքում ձերբակալվել է շուրջ 450 մարդ: Ոստիկանությունը Թեհրանի Էնղելաբ հրապարակում օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Իրանում շարունակվող բողոքի գործողությունները վերջին ութ տարիներին ամենախոշորն են: Դրանք սկսվել են իրանական քաղաքներից մեկում ձվի կրկնակի թանկացման դեմ բողոքից, որոնք վերածվել են զանգվածային ցույցների՝ ներգրավելով մի շարք քաղաքներ և ստանալով քաղաքական երանգ:
Վերջին անգամ Իրանում խոշոր ցույցեր տեղի էին ունեցել 2009-ին, երբ տասնյակ հազարավոր իրանցիներ դուրս եկան փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով Իրանի արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ընտրություններում վիճելի հաղթանակի հետ:
Առաջին անգամ ցույցերի վերաբերյալ խոսել է նաեւ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Համենեին: Նա մեղադրել է իսլամական հանրապետության թշնամիներին, որոնք կազմակերպել են բողոքի ցույցեր: Կրոնապետ Համենեին, սակայն, չի նշել թշնամիների անունները: Իրանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մեղադրել են Սաուդյան Արաբիային, Մեծ Բրիտանիային ու Միացյալ Նահանգներին՝ Իրանի ներսում հակակառավարական ցույցեր հրահրելու և կազմակերպելու մեջ:
Իրանի անվտանգութայն ծառայությունների տվյալներով, սոցիալական ցանցերում ցուցարարներին հրահրող յուրաքանչյուր երրորդ հաշքեգն ու գրառումը կատարվում է Սաուդյան Արաբիայից: Ցուցարարներին աջակցություն է հայտնել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՌԴ ԱԳՆ-ն՝ անթույլատրելի համարելով յուրաքանչյուր փորձ խառնվել Իրանի ներքին գործերին:
Քանի դեռ Իրանում իրավիճակը վերահսկելի է, տարածաշրջանին ցնցումներ չեն սպառնում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնեցլ իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով յոթ օր շարունակ Իրանի տասնյակ քաղաքներում ընթացող զանգվածային ցույցերին։ «Իրանն իսկապես այս հատվածում անվտանգության ապահովողներից մեկն է։ Մենք տեսանք նույն ահաբեկչական «Իսլամական պետության» առաջ որ կանգնեց և պահեց, պարիսպի նման պահեց հենց Իրանը Սիրիային», - նշեց Իսկանդարյանը՝ շարունակելով. - «Իրանը պահում է անվտանգությունը տարածաշրջանում, և եթե հանկարծ Իրանը լուրջ խնդիրների առաջ կանգնի, մենք էստեղ իսկապես շատ լուրջ դժվարություններ ենք ունենալու»։
Վերլուծելով իրավիճակը հարևան երկրում՝ Գոհար Իսկանդարյանը հիշեցնում է 2015 թվականին Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված պատմական որակվող համաձայնագիրը, որով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ երկրի նկատմամբ տասնամյակներ առաջ սահմանված պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց: Իրանագետն ընդգծում է՝ բնակչության սպասումները մեծ էին այդ համաձայնագրից, սակայն երկիր մուտք գործած գումարները, իրաքյան ճգնաժամի հետևանքով, ծախսվեցին ոչ թե տնտեսական, այլ անվտանգության խնդիրներ լուծելու համար:
«Այսինքն, սոցիալական բարեփոխումներ այդպես էլ տեղի չունեցան։ Եվ հիմա, երբ որ մենք տեսանք՝ ապրանքների թանկացում տեղի ունեցավ, սա արդեն ընդհանրապես չհանդուրժեց իրանական ժողովուրդը, և ընդվզեցին, և մենք տեսնում ենք նրանց կոչերում, որ «բավակա՛ն է Սիրիային օգնել, բավակա՛ն է Պաղեստինին օգնել, ուշադրություն դարձրեք իրանակա՛ն ժողովրդին», - նշեց Գոհար Իսկանդարյանը։
Տնտեսական խնդիրներից բացի, մասնագետը նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում ստեղծված լարված իրավիճակում:
«Մենք գիտենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարը հոգևոր առաջնորդն է, և նա է որոշում այն բոլոր գծերը, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունը իրականացնում է։ Այսինքն, այսօր այն սլաքները, որ ուղղված են, ուղղվում են Ռոհանիի դեմ, նա շատ հստակ երեկ հայտարարեց, որ «այն գումարները, որոնք պետք է լինեն իրանական կառավարության անմիջական հսկողության տակ, մենք դա չունենք», այլ հարց է, որ պետք է ամեն ինչ էնպես անեն, որ դուրս չգա վերահսկողության տակից, և կարողանա Իրանի ժողովուրդը բողոքի և իր բողոքը հասցնի ղեկավար մարմիններին, որպեսզի նրանք վերանայեն իրենց արտաքին քաղաքականությունը», - ասաց Իսկանդարյանը՝ շարունակելով. - «Այսինքն, այստեղ մենք տեսնում ենք, որ իրանական կառավարության ներսում, իշխանական՝ ոչ թե կառավարական, այլ իշխանական կազմի մեջ կան խնդիրներ»։
Դեկտեմբերի 31-ից Իրանի իշխանություններն արգելափակել են երկրում գործող սակավաթիվ սոցցանցերը, մասնավորապես՝ Instagram-ը և Telegram-ը: