26.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
prev Նախորդ նորություն

Al-Monitor–ը՝ Թուրքիայում հայկական եկեղեցու ճակատագրի մասին

1950-ականներին Թուրքիայի իշխանությունները Դիարբեքիրի հայկական եկեղեցուն վերադարձրեցին Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը մինչ այդ երկար տարիներ որպես պահեստ էր օգտագործվում, հաղորդում է AL-Monitor-ը:

Ծնունդով Դիարբեքիրից հայ գրող Միհրիդիք Մարկոսյանը պատմում է, թե ինչպես են տեղացի արհեստավորները, ատաղձագործները, նկարիչները եւ ոսկերիչները միավորվել, որպեսզի վերականգնեն ավերված եկեղեցին:

Քիչ հավանական է, որ կամավորները գիտեին, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցու հետ կապված փորձությունը հեռու է ավարտից: 1980-ականների սկզբին Սուրբ Կիրակոսը առանց եկեղեցական համայնքի եկեղեցի էր, քանի որ Դիարբեքիրի հայերի թիվը նվազել էր: Երբ 2008-ին սկսվեց նոր վերականգնումը, եկեղեցուց մնացել էին կոտրված պատուհաններով պատերը, տանիքը փլվել էր, իսկ ներսում խոտ էր աճել:

Երեք տարվա վերականգնման աշխատանքներից հետո եկեղեցու յուրաքանչյուր անկյուն մանրամասն վերականգնվել էր:
Սակայն դա երկար չտեւեց: 2015-ի աշնանը թուրքական անվտանգության ուժերը սկսեցին Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների զտման գործողությունը, որոնք տեղավորվել էին Սուրի բնակավայրերում՝ Դիարբեքիրի հնագույն սրտում, որտեղ գտնվում է եկեղեցին: Բախումներից մի քանի ամիս առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սուրը համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկեց:

Զինյալները եկեղեցին վիրավորներին բուժելու համար որպես լազարեթ էին օգտագործում: Թուրքական անվտանգության ուժերի առաջխաղացումից հետո քուրդ զինյալները հեռացան եկեղեցուց, որից հետո այն անվտանգության ուժերը սկսեցին օգտագործել: Մեկ ամսվա բախումներից հետո եկեղեցու պատերն ավերվեցին եւ փամփուշտներից ծակվեցին: Այնուամենայնիվ, հայ համայնքը մխիթարվեց նրանով, որ եկեղեցին կանգուն մնաց:

Իշխանությունները խոստացել են վերականգնել եկեղեցին եւ վերադարձնել համայնքին: Ենթադրվում էր, որ եկեղեցին պաշտպաության տակ կգտնվի, քանի որ փակ էր 2016-ի ավարտված բախումներից հետո: Սակայն այդ ժամանակից ի վեր եկեղեցին դարձել է գողերի թիրախը, որոնք երկու անգամ ներթափանցել են ներս եւ տարբեր առարկաներ էր գողացել:

Եկեղեցում հսկիչ աշխատած Արմեն Դեմիրճյանը նշել է, որ գողության մասին լուրերը իրեն մեծ ցավ են պատճառել:
«Մենք այստեղ մի տեղ ունեինք եւ այժմ այն անհետացել է: Մենք այնքան արժեքավոր իրեր ունեինք, հիմա դրանք չկան: Հնագույն հրացան ունեինք, գողացել են այն: Նրանք կոտրել են զոհասեղանը եւ գրքեր գողացել», - ասել է նա:
Վերջին հարձակման մասին լուրից հետո արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նոյեմբերի վերջին այցելեց Դիարբեքիր: «Նրանք կռանով ամեն ինչ քանդել են: Այս ձեռագործ զարդերի վերականգնումը տեւեց երեք տարի: Այս հուշարձաններն ամբողջ երկրի հարստությունն են: Այս տեղը պատկանում է ոչ միայն մեզ, այն պատկանում է այս պետությանը եւ այս հողին», - ասել է նա:

Եկեղեցական խորհրդի անդամ եւ Դիարբեքիրի բնակիչ Գաֆուր Թուրքայը ականատես է եղել, թե ինչպես է 1980-ականներին եկեղեցին փլուզվել, ապա վերածնվել կես դար հետո: «Մենք այնքան հուզված էինք, այնքան հույսով լցված, երբ եկեղեցուն հիանալի ձեւ կարողացանք հաղորդել», - ասել է նա:

Թուրքայի համար դառը իրողություն էր այն, որ բարբարոսները կարող են մտնել եւ սերունդների տունը քանդել, մինրդեռ Եկեղեցական խորհրդի անդամները այնտեղ կարող են գնալ միայն թույլտվություն ստանալուց հետո:

Լրագրողներն օրինակ Դիարբեքիրի եւ Անկարայի տարբեր կառույցներից թույլտվություններ պետք է ստանան Սուրբ Կիրակոսում նկարներ անելու կամ ֆիլմ նկարահանելու համար, իսկ երբեմն էլ նույնիսկ այդ թույլտվությունները բավական չեն:

Անցյալ տարի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես ոստիկանները չեն թույլատրել արտասահմանյան հեռուստաալիքին նկարահանումներ իրականացնել՝ չնայած թույլտվության առկայությանը: Հետաքրքիր է, որ միայն հանցագործներն են կարողանում իրավապահներից խույս տալ: