25.11.2024
ՀՀ և Ադրբեջանի նախագահի ընտրությունները արդիականացնում են ԼՂ վերաբերյալ հակասությունները
prev Նախորդ նորություն

Իրավիճակը կայացված որոշումների արդյունք է. Մովսես Հակոբյանը՝ Լելե թեփեի կորստի մասին

««Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմին:


Հարցին, թե ապրիլյան պատերազմի արդյունքը որքան էլ մենք մեր ներսում փորձենք հաղթանակ համարել, որ Ադրբեջանը չկարողացավ իր առջև դրված խնդիրն ամբողջությամբ լուծել, այնուամենայնիվ, փաստ է, որ մենք կորցրել ենք շատ բարենպաստ դիրքով բարձրագագաթ Լելե թեփեն, ինչո՞ւ հնարավոր չի լինում վերադարձնել այն. հրահանգ չկա՞, թե՞ հնարավորություն, պատասխանել է. «Իրավիճակը որ ստեղծվել է, կայացված որոշումների արդյունք է, և այսօր սահմանն այդ բնագծում է:


ՀՀ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս նշել է, մեկնաբանել է այդ հարցը, և կարծում եմ` շատ օբյեկտիվ գնահատական է տվել: Եթե վեր ենք լուծում ապրիլյան պատերազմի գործողությունները, տեսնում ենք` հակառակորդն ինչպես է գործել, ինչ խմբավորմամբ և ինչքան ժամանակ է կարողացել գործել: Մեր զինվորների կատարած սխրանքը թերագնահատել պետք չէ:


Հակառակորդը կանգնեցվել է, մի շարք հատվածներում հետ է մղվել` կրելով շատ մեծ կորուստներ, սակայն առաջնագիծն ամբողջությամբ չի ստացվել վերականգնել, քանի որ ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ՌԴ միջամտությունը բերել է նրան, որ մենք երկարաժամկետ պատերազմական գործողություններ չունեցանք:


Ցանկացած ժամանակ այդ դիրքերը հնարավոր է վերականգնել, որևէ խնդիր չկա: Այսօր դրա անհրաժեշտությունը չկա: Այսօր զինվորի կյանքով իրավիճակ լարելով` ինչ-որ մանր խնդիր լուծելը, գտնում ենք, որ նպատակահարմար չէ, սա է պայմանը, ուրիշ ոչ մի բան: Թե չէ Դուք վստահ եղեք, որ զինված ուժերն իր խնդիրը կարողանալու է կատարել: Ձեզ չթվա, որ Ադրբեջանը չի ուզում Արցախը գրավել, իր ցանկությունը շատ ավելի մեծ է` և՛ Արցախը, և՛ Սյունիքը, ժամանակ առ ժամանակ Երևանն են ցանկանում գրավել, բայց զինված ուժերի բազկի հզորության պատճառով չի հաջողվում»,-գրում է թերթը:


2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս: 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարով և հաստատված շփման գծով նախկին Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղը մնաց Արցախի, իսկ Հորադիզ կայարանը՝ Ադրբեջանի կազմում, գրում է ԱՆԻ կենտրոնը:


Լելե թեփե բլուրը կորցնելու մասին պաշտոնապես առաջինը խոսեց Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանն ապրիլյան ասուլիսներից մեկում. «Լելե թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր: Ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ նրա բարձրությունը կազմում է 20 մետր: Դիրքերի համակարգի մեջ այն էական, թեկուզ մարտավարական նշանակություն չունի: Խոսք չկա ռազմավարական նշանակություն ունենալու մասին»:


Ապա նախագահ Սերժ Սարգսյանը Բլումբերգ-ին տված հարցազրույցում ասաց, որ «հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել», «շատ փոքր հատված» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, որոնք չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:


Լելե թեփե-ում Արցախյան բանակը կորցրել է 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն:


Հիշեցնենք, որ Լելե թեփեի կամ Հորադիզի հատվածում 1994-ի արյունալի ձմռան ամիսներին կատաղի մարտերում հայկական կողմը տվել է շուրջ 400 զոհ: Արցախյան երկուսուկես տարիների պատերազմի ընթացքում հայկական կողմի զոհերը՝ զինվորական և քաղաքացիական, կազմում է շուրջ 7.000: