Գյումրու բրենդավորմամբ զբաղվող DEEM communications ընկերությունը ներկայացրեց երկու տարվա աշխատանքի վերջնական արդյունքը: Շնորհանդեսին, սակայն քչերն էին ներկա, ինչը զայրացրեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին, հայտնում է armtimes.com-ը:
«Մարդիկ հսկայական, կարեւոր գործ են արել, թե ինչու է դահլիճը դատարկ, զարմանալի է: Սա քաղաքի կարեւոր փաստաթղթերից մեկն է, որը հաստատելու ենք, եւ նման վերաբերմուն կա: Եթե բան ունեք ասելու, եկեք, ասեք, հասկանանք: Շատ հանդիպումներ ենք կազմակերպել, չեք եկել: Մի հատ տոլմայի համար երեկ չգիտեմ ինչ կազմակերպվեց, թող էդ տոլման չլինի, պասուց տոլման լինի, տոլմայի տարբեր տեսակներ կա, բայց Գյումրին մի հատ է եւ բրենդը մի հատ պետք է լինի: Չի կարելի մենակ քննադատել, ջիգյարով պետք է կանգնենք էս բրենդի կողքին»,- ներկաներին զայրացած դիմեց քաղաքապետն ու խորհուրդ տվեց իր խոսքերը փոխանցել բոլորին:
Անկախ ներակների թվից DEEM communications ընկերությունը ներկայացրեց ընտրված բրենդն ու քաղաքի տարբերանշանը: Այն լատինատառ եւ աղյուսիկների տեսքով կազմված G-ն է, որն ունի սեւ, կարմիր եւ նարնջագույն երանգներ:Սեւն ամրություն եւ ուժ, կարմիրը գյումրեցու էմոցիոնալ եւ ծայրահեղ բնավորությունը, նարնջագույնն արեւ է խորհրդանշում: Արեւ, որովհետեւ, ըստ Գյումրու բրենդավորման ծրագրի ղեկավար Րաֆֆի Նիզբլյանի, Գյումրին Հայաստանի ամենաարեւոտ քաղաքներից մեկն է համարվում եւ պայծառ ապագա ունի:
Լատինատառ G-ն Եւ Գյումրի բառի առաջին տառն է եւ գյումրվա բարբառի հայտնի գ-ն է: Մշակված տարբերանշանը կօգնի դիրքավորել Գյումրին աշխարհի քարտեզի վրա եւ տեղաբնակների, եւ Հայաստանում ապրողների եւ արտերկրի բնակիչների ընկալման տեսանկյունից: G-ն պետք է այսօրվանից սկսած դարձնել առավել կիրառելի, այն տարածել հնարավոր բոլոր ճանապարհնեով, օգտագործել գովազդներում, զետեղել առավել կիրառելի Գյումրիում արտադրվող ապրանքների վրա, շենք-շինությունների պատերին, փոխադրամիջոցների վրա:
Հանրային հարցումների եւ մասնագիտական քննարկումների արդյունքում բրենդավորված GYUMRI բառի յուրաքանչյուր տառը մշակվել եւ խորհրդանշական շեշտադրում է ստացել: G-ն ներկայացնում է Գյումրու Սեւ բերդ ամրոցն ու ճարտարապետությունը, նաեւ բարբառը, Y-ն տեսքով նման է դրոշ ծածանող չեմպիոնի եւ ընդգծում է Գյումրու մարզական նվաճումները, U-ն դառնում է գարեջրի բաժակ, քանի որ այն եղել եւ շարունակում է մնալ պատմական Գյումրու մշակությաին արժեքներից եւ առաջատար արտադրություններից մեկը: M-ի տեսք ունի Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի շենքը եւ խորհրդանշում է զարգացող ՏՏ ոլորտը, R-ն իր մեջ ներառում է արվեստ ու արհեստագործություն, իսկ I-ն, ըստ գաղափարի հեղինակների այն սյունն է, որն ամուր է պահում Գյումրու ոգին, հումորը, նիստուկացը, շենք-շինությունները: GYUMRI բառի ներքեւում գրված է. Տաղանդը աչք կծակե:
Երբ հաստատվի բրենդը որպես կարեւոր փաստաթուղթ, ընկերությունը ձեռնամուխ կլինի բրենդի ներդրման 2018-19թթ ռազմավարության իրականացմանը: