25.11.2024
Կիեւում ձերբակալված Սահակաշվիլին մեկուսարանում անժամկետ հացադուլ է հայտարարել
prev Նախորդ նորություն

Բարոյական պարտավորություն ենք զգում` նպաստելու ցեղասպանությունների կանխարգելմանը. ԱԳՆ

Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին:


Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ իր հայտարարության մեջ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:


Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Նալբանդյանն իր հայտարարությունում, մասնավորապես, նշել է. «Այսօր, նշելով Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրը, մենք միանում ենք բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայում երաշխավորելու, որ «այլեւս երբեք»-ը դա համամարդկային խոստում է, որը հարգվում եւ պահպանվում է բոլորի կողմից:


Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` հայերը բարոյական պարտավորություն են զգում` նպաստելու ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերին: 2015 թվականին Հայաստանի նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձեւ, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեր ջանքերով դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության միջազգային օր»:


2015 թվականից ի վեր դեկտեմբերի 9-ը մարդկության դեմ հանցագործությունների կրկնության դեմ համատեղ պայքարի կարեւոր հարթակ է դարձել: Այն նաեւ կարեւոր առաքելություն է կրում` կրթելով եւ բարձրացնելով մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածությունը:


Հաջորդ տարվա դեկտեմբերի 9-ին Հիշատակման միջազգային օրն առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու, քանի որ այն համընկնելու է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Դա հնարավորություն կընձեռի եւս մեկ անգամ վերահաստատելու Ցեղասպանության կոնվենցիայի կարեւորությունը:


Սակայն, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս «նողկալի արհավիրքից»: Չափազանց կարեւոր է կրկնապատկել կանխարգելման օրակարգի ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերը:


Մենք հուսով ենք, որ Կոնվենցիայի 70-ամյակը նոր լիցք կհաղորդի այս ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերին»: