25.11.2024
Ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են. Սեբաստիան Կուրց
prev Նախորդ նորություն

Կիեւում ձերբակալված Սահակաշվիլին մեկուսարանում անժամկետ հացադուլ է հայտարարել

Կիեւում դեկտեմբերի 8-ին ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, իսկ այժմ նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավոր ընդդիմախոս Միխեիլ Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբանը, հայտնում է BBC-ին:


«Նա հայտարարում է անժամկետ հացադուլ սկսելու մասին, նշում է նաեւ, որ հրաժարվում է հարկադիր սնունդից: Եթե որպես խափանման միջոց ընտրվի 60 օրով կալանքը, ապա նա շարունակելու է հացադուլը», - հայտարարել է Սահակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոպլուցկին՝ հրապարակելով Սահակաշվիլիի նամակը, որը փոխանցել է իրեն քաղաքական գոծիչը մեկուսարանից:


«Ոչ մի բանից մի վախեցեք, համարձակ դուրս եկեք փողոց՝ «Հանուն իմպիչմենթի» կիրակնօրյա ակցիային: Միասին կպաշտպանենք Ուկրաինան կոռուպցիայից եւ ամենաթողությունից», - հայտարարել է Սահակաշվիլին:


Սահակաշվիլիի ձերբակալության մասին, որի նկատմամբ մի քնաի օր առաջ Ուկարինայում հետախուզում էր հայտարարվել, հայտնի դարձավ դեկտեմբերի 8-ին:


«Որոշման համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Միխեիլ Սահակաշվիլու գտնվելու վայրը եւ ձերբակալել են նրան», - գրել է գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր Facebook- ի էջում:


Նրա գրառման մեջ ասված է, որ ըստ հետախուզության մասին որոշման՝ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Միխեիլ Սահակաշվիլիին Կիեւի Օտրանդնայա փողոցում եւ ձերբակալել նրան: «Նա գտնվում է ժամանակավոր մեկուսարանում», - ասել է գլխավոր դատախազը:


Նախատեսում են քննչական գործողություններ, խափանման միջոց ընտրելու համար դատարան պետք է դիմեն, ասել է նա:


Մինչ այդ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Լարիսա Սարգան հայտնել էր Սահակաշվիլիի նկատմամբ քննչական գործողությունների ավարտի մասին: «Բերման ենթարկված Սահակաշվիլին այժմ հանգստանում է: Դատախազները միջնորդություն են դատարան ներկայացնելու՝ տնային կալանք որպես խափանման միջոց կիրառելու պահանջով՝ ամրացված էլեկտրոնային ապարանջանով (браслет)», - նշել է նա:


Ըստ ուկրաինական օրենսդրության խափանման միջոցը պետք է ընտրվի երեք օրվա ընթացքում:


Հիշեցնենք, որ Ուկրաինայի իրավապահները վերջին մի քանի օրերի ընթացքում Սահակաշվիլիին ձեբակալելու առնվազն երկու անհաջող փորձ էին կատարել: Մեկը քաղաքական գործիչի բնակարանում, որի հետեւանքով նա հայտնվել էր ութ հարկի շենքի տանիքում՝ սպառնալով իրեն նետել այնտեղից: Իսկ ձերբակալության ժամանակ բախումներ տեղի ունեցան իրավապահների ու Սահակաշվիլիի կողմնակիցների միջեւ, որի արդյունքում իրավապահները նահանջեցին ու ազատ արձակեցին քաղաքական գործիչին:


Երկրորդ անհաջող փորձը տեղի ունեցավ Կիեւում՝ Գերագույն Ռադային հարակից տարածքում Սահակաշվիլիի կողմնակիցների տեղադրած «վրանային քաղաքում»: Այն եւս ավարտվեց իրավապահների հետ բախումներով, սակայն Օդեսայի նախկին նահանգապետին ձերբակալել չհաջողվեց:


Սահակաշվիլին մեղադրվում է հանցավոր կազմակերպությունների անդամների հետ համագործակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ: Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը չէր բացառել, որ Սահակաշվիլիին կարող են մեղադրանքներ առաջադրվել նաև այլ հոդվածներով:


Վրաստանի իշխանություններն էլ, որտեղ Սահակաշվիլիի նկատմամբ հայտարարված է հետախուզում, մի քանի օր առաջ հույս էին հայտնել, որ ուկրաինական իշխանությունների հետ համակգործակցության շրջանակում հնարավոր կլինի կազմակերպել նրա արտահանձնումը Վրաստան: