Բարգավաճ երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 96-րդ տեղը
Բարգավաճ երկրների «2017 Legagum Prosperity Index» համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 96-րդ տեղը։ Ընդհանուր առմամբ վարկանիշային ցուցակում ներկայացված է 149 երկիր:
Այս տարի Հայաստանի բարելավել է իր դիրքը` 99-րդ տեղից տեղափոխվելով 96-րդ: Սակայն սկսած 2006 թվականից, երբ առաջին անգամ կազմվել է այս վարկանիշային աղյուսակը, Հայաստանը թուլացրել է դիրքերը 8 հորիզոնականով։
Հայաստանի լավագույն ցուցանիշները գրանցվել են կրթության եւ անվտանգության ոլորտում, իսկ ամենացածր ցուցանիշները` սոցիալական կապիտալի մակարդակում։ Նախորդ տարվա հետ համեմատ ամենամեծ դրական փոփոխությունը գրանցվել է կրթության ոլորտում։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրներին, ապա Վրաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը, Ադրբեջանը՝ 106-րդ, Իրանը՝ 117-րդ, Թուրքիան՝ 88-րդ։ Աշխարհի բարգավաճող երկիր է ճանաչվել Նորվեգիան, վատագույնը՝ Եմենը։