ԼՂ հակամարտության մասով ՀԱՊԿ երկրների ընդունած հայտարարությունը մեծ նշանակություն ունի. ՊՆ
01.12.2017
ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ընդունված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ համատեղ հայտարարությունն անշուշտ քաղաքական մեծ նշանակություն ունի: Այս մասին-նստաշրջանի ավարտից հետո panoramaTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարի խոսքով, հայտարարությունը վերահաստատում է հիմնական սկզբունքները, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության բացառաիկ կարգավիճակը ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից:
Անդրադառնալով Մինսկում ընդունված այլ փաստաթղթերի ընդունմանը, նախարար Սարգսյանը նշել է, որ դրանք հիմք են հետագա աշխատանքի համար:
Հիշեցնենք, նստաշրջանի շրջանակներում քննարկված ավելի քան երկու տասնյակ հարցերի շարքում ընդունվել են նաև քաղաքական հայտարարություններ, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը, որում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին: