24.11.2024
ԵՄ-ՀՀ համաձայնագիրը նոր դռներ է բացում. Սվիտալսկի
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն 25%-ով ավելացնում է ՀՀ-ին հատկացվող աջակցությունը եւ խոստանում ազատ վիզային ռեժիմ

ԵՄ-ն առաջիկայում մոտ 25 տոկոսով կավելացնի Հայաստանի զարգացման ուղղությամբ տրամադրվող աջակցությունը, Հայաստանին նաեւ տեխնիկական աջակցություն կտրամադրի համաձայնագրի իրականացման համար, որը կկազմի ամենամյա գործողությունների ծրագրի մեծ մասը: Այս մասին Երեւանում նոյեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրգած ՀՀ-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին:


Թեպետ Սվիտալսկին նշեց, որ այս համաձայնագրի արդյունքները ակնառու կդառնան դրա իրականացումից հետո, միեւնույն ժամանակ հավելեց, որ այն անվճար չի լինելու: Եվրամիությունը վճարելու է դրա համար: «Եվրամիությանը պատրաստ է նյութական, ֆինանսական լուրջ հիմքեր ստեղծել այն կյանքի կոչելու համար», - ասաց նա:


Անցյալ տարի Եվրամիությունը Հայաստանին հատկացրել է շուրջ 65 մլն եվրոյի աջակցություն: Խոսքը պետությանը հատկացրած դրամաշնորհային աջկացության մասին է: Այժմ, ըստ դեսպանի, այդ գումարը կտրուկ աճելու է:


«Մինչեւ 2020 թվականն աջակցությունը պետք է լինի մինչեւ 170 միլիոն եվրո: Սա չի ներառում այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել այս համաձայնագրի ստորագրմամբ, որովհետեւ կլինեն նաեւ այլ ուղիներով ֆինանսավորումներ: Ես կարծում եմ, որ կկարողանանք օգտագործել դրանք, եւ խիստ արդյունավետ կիրառել: Իմ անձնական առաջնահերթությունն է, թե ինչպես կարող ենք այս թվերն ավելի իրատեսական դարձնել, ավելի իրական դարձնել, քան այս պահին: Ես կարծում եմ, որ դեռեւս կա որոշակի պահուստային պաշար, դեռեւս կան չօգտագործված հնարավորություններ, եւ դա է իմ հիմնական մտահոգությունը:


Սա մեծ փող է, տնտեսական ասպեկտից, կարող ենք ասել, որ այո՝ մենք Հայաստանի համար ամենամեծ դոնորն ենք այս ժամանակահատվածում: Երբ այլ դոնորները կրճատում են իրենց աջակցության ծավալներն՝ ուղղված Հայաստանին, մենք հայտարարում ենք դրա ավելացման մասին 20-25 տոկոսով: Մեզ համար սա ազդակ է, որ մենք հավատում ենք, որ այս գումարը կարող է իր նպատակին լավ ծառայել Հայաստանում, որովհետեւ մենք հավատում ենք, որ Հայաստանն ունի այն պատշաճ հզորությունը, այն տաղանդավոր մարդիկ, ովքեր կարող են օգուտներ ստանալ այս գումարներից»,- շեշտեց Պյոտոր Սվիտալսկին:


Դեսպանը նաեւ ասաց, որ Եվրամիությունը Հայաստանի համար ամենամեծ արտահանման շուկան է, եւ Հայաստանից արտահանումները աճում են, թեեւ այդ առումով համաձայնագիրը համաչափ չէ: Իր ասածը Սվիտալսկին հիմնավորեց հանգամանքով, որ Հայաստանը՝ դեպի ԵՄ շուկա արտահանումներ իրականացնելիս օգտվում է GSP+ համակարգից, ինչը նշանակում է, որ Հայաստանը բազմաթիվ ապրանքների մասով ազատ՝ առանց մաքսատուրքերի կարող է իր ապրանքներն ու ծառայություններն արտահանել դեպի եվրոպական շուկաներ: Իսկ ԵՄ արտադրողները պետք է հաղթահարեն Հայաստանի մաքսային արգելքները: Բայց այնուամենայնիվ, ասաց Սվիտալսկին, ԵՄ-ն ընդունել է դա, եւ պատրաստ է անգամ այդպես աշխատել Հայաստանի հետ:


Նրա խոսքով, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ինչ-որ փուլում ենթադրում է նաեւ վիզաների ազատականացում: Այս կապակցությամբ էլ դեսպանը նշեց, որ ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ կան մի շարք պայմաններ, որոնք անհրաժեշտ է բավարարել վիզաների ազատականացման մասին խոսակցությանն անցնելու համար: Դա կլինի, շեշտեց Սվիտալսկին՝ իր ժամանակին, գրում է armtimes.com-ը:


«Վիզաների ազատականացումը պահանջում է հսկայական, իսկապես ջանասիրաբար աշխատանք մեր հայ գործընկերների կողմից: Վիզաների ազատականացումն էլ իրավունք չէ, այլ արտոնություն, եւ Եվրոպական քաղաքացիները պետք է իմանան, որ այն երկրները, որոնք ձգտում են վիզաների ազատականացման, ունեն եվրոպական կոչում, հավատում են Եվրոպային, ցանկանում են, որ իրենց վերաբերվեն, որպես իրականում եվրոպացիներ, եւ ցանկանում են ապրել եվրոպական չափորոշիչներով ու նորմերով եւ ունեն իսկապես եվրոպական մտածելակերպ», - ասաց դեսպանը:


Դեսպանի խոսքով, սա է այն առանցքային պահանջը, որ պետք է հիմք հանդիսանա Հայաստանի համար: «Եվրոպացի քաղաքացիները պետք է տեսնեն, որ դուք շահագրգռված եք դեպի Եվրոպա ազատ մուտքով: Ես անձամբ հավատում եմ ազատ ճամփորդության հնարավորությանը Եվրոպայում, ես հավատում եմ, որ այդ օրը կգա նաեւ հայաստանցիների համար, հետեւաբար՝ համբերություն, ջանասեր աշխատանք եւ եվրոպական մտածելակերպ եմ մաղթում»,- եզրափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:


Արեւելյան գործընկերության Բրյուսելի գագաթանաժողովի հռչակագարում  Հայաստանին եւ Եվրամիությանը կոչ է արվում սկսել վիզաների ազատականացման բանակցություններ:


Սակայն այս հարցում ՀՀ իշխանություններն այդքան էլ լավատես չեն եւ չեն կարծում, որ կարելի է սպասել արագ լուծումների: «Հայաստանը շահագրգռված է օր առաջ սկսել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները: Սակայան հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնի պատճառներով միգրացիան Եվրամիություն անդամ պետություններում ներքաղաքական խնդիր է, ապա դժվար է ակնկալել այս հարցում արագ արդյունքներ», - հայտարարեց նա՝ հավելելով, որ նույն Վրաստանից եւ Ուկրաինայից, ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ ստանալուց հետո, հազարների է հասնում այն մարդկանց քանակը, որ գնացել են Եվրամիության անդամ երկրներ՝ խախտելով սահմանված ժամկետները չեն վերադարձել: