26.11.2024
Մամուլ. «Հյուսիս-հարավի» կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի. էլ վարկ չեն տալիս
prev Նախորդ նորություն

ԵՊՀ-ի դիմաց դասադուլը շարունակվում է. ուսանողներին միացել են նաեւ դասախոսներ

ԵՊՀ-ի դիմաց նոյեմբերի 8-ին շարունակվում է բուհական տարկետման իրավունքը խիստ սահմանափակելու դեմ ուսանողների բողոքի ակցիան:


Մի քանի հարուր ուսանողները հավաքվել են Երեւանի պետական համալսարանի դիմաց եւ հրաժարվում են մասնակցել դասերին: Նրանք հայտարարում են, որ դեմ են տարկետման իրավունքի սահմանափակմանը եւ վանկարկում են «տարկետում լինելու է» եւ «դա-սա-դուլ» կարգախոսները: Ուսանողներն իրենց հետ բերել են «Տարկետում լինելու ա» գրությամբ պաստառներ:


«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի համապատասխան հոդվածում ասվում է՝ տարկետում տրվում է, եթե քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր։ Այսինքն, ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:


Բողոքի ակցիայի կազմակերպիչներից է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը: Այս նախաձեռնության անդամները նշում են, որ շարունակելու են բողոքի ակցիան՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման:


Դասադուլ հայտարարած ուսանողներին միացել են նաեւ դասախոսներ: Առավել ակտիվ է այս առումով ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետը: Նույն ֆակուլտետի դասախոս Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դեմ է տարկետման վերացմանը: «Ուսանողներին բանակ ուղարկելու փոխարեն ավելի լավ կլինի ոստիկաններին ուղարկել: Էսքան ոստիկաններ կան, իրենց ուղարկեն» - հայտարարեց նա:


Հատկանշական է, որ ինչպես նոյեմբերի 7-ին, այսօր է ԵՊՀ ղեկավարության արձագանքն ու ձեռագիրը նույնն է: Համալասարանի համալսարանի մասնաշենքերի դռները տեւական ժամանակ փակ էին, այնտեղ գտնվող ուսանողները չէին կարողանում դուրս գալ եւ միանալ դասադուլ հայտարարած ընկերներին:


Նրանք կարողացան համալասարանից դուրս գալ միայն դասադուլը սկսվելուց մեկ ժամ անց:


Միեւնույն ժամանակ «քնած չէ» նաեւ բուհի ղեկավարությունը, այն ոչ միայն փակում է դռները դասադուլավոր ուսանողների առջեւ, այլեւ գործադրում ադմինիստրատիվ ռեսրուս ընդդեմ ըմբոստ ուսանողների ու դասախոսների: Մամուլն արդեն տեղեկացրել է, որ ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի պահանջով հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 11։30-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորատի խորհրդակցություն՝ նվիրված տարկետման խնդրին:


«Ռեկտորը եւ պրոռեկտորը հանձնարարել են յուրային դեկաններին եւ ուսխորհրդի անդամներին՝ նիստի ընթացքում ամոթանք տալ այն 4 դեկաններին, ովքեր համարձակվել են ստորագրել օրենքը դատապարտող հայտարարության տակ, իսկ մաթֆակի դեկանին՝ գամել անարգանքի սյունին, որը համարձակվել է ֆակուլտետի գիտխորհրդի որոշում ընդունել ընդդեմ նախագծին: Ի դեպ, երեկ դասադուլի ժամանակ ԵՊՀ մասնաշենքերի բոլոր դռները փակ են եղել, ինչը կազմակերպել է պրոռեկտոր Ալիկ Ղարիբյանը՝ ԵՊՀ պահակների միջոցով, իսկ ինքը ծառերի ետեւից հետեւել է ակցիային», - գրում են թերթերը:


Դեռ երեկ՝ նոյեմբերի 7-ին կայացած բողոքի ակցիայի ավարտին դասադուլ հայտարարած ուսանողները պահանջներով հատուկ նամակ էին կազմել, որը նախատեսում էին փոխանցել Կրթության եւ գիտության եւ պաշտպանության նախարարություններին: Ի պատասխան պաշտպանության նախարարությունից ուսանողներին առաջարկել էին հանդիպել նախարար Վիգեն Սարգսյանի հետ:


Ըստ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրության, նույն օրը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ուսանողական, երիտասարդական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։


Սարգսյանը շեշտել է, որ թեեւ որոշ կառույցներ եւ ուժեր փորձում են նենգափոխել ու այլ հարթության մեջ ներկայացնել ՀՀ-ի պաշտպանության ու անվտանգության համար չափազանց կարեւոր օրենսդրական նոր նախաձեռնությունների գաղափարն ու բովանդակությունը, իրականում փոփոխությունների հիմնական նպատակը զինվորական ծառայությանն ու կրթությանը նոր որակ հաղորդելն է։


Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ բուհական տարկետումների ներկայիս համակարգը թերի է եւ ծնում է անարդարության բազմաթիվ դրսեւորումներ, իսկ նոր օրենքներով առաջին անգամ հավասարության նշան է դրվում պետական եւ մասնավոր բուհերում սովորող ուսանողների միջեւ՝ նրանց առաջարկելով ֆինանսական շոշափելի փոխհատուցման փաթեթով այլընտրանքային զինվորական ծառայության տարբերակներ:


Պաշտպանության նախարարը նկատել է, որ ուսանողների այն մտահոգությունները, թե իբր նոր օրենքներով տարկետում հասկացությունը վերանալու է, բնավ իրականությանը չի համապատասխանում։


«Ուսումնական տարկետումը չի վերացվում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարեւորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկվում է բանակ զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման ծախսերի փոխհատուցում բակալավրիատում, իսկ հետո` նաեւ մագիստրատուրայում», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2003-2004թթ. ի դեմ այն ժամանակվա Պնախարար Սերժ Սարգսյանի եւս փորձել էր ատրկետման սահմանափակման համանման օրենսդրական նախաձեռնությամբ (տարբերություններն իհարկե շատ են) հանդես գալ ու կրկին արժանացել էր դիմադրության՝ արդյունքում` առժամանակ հրաժարվելով այդ նախագծից: