26.11.2024
ԵԽԽՎ համազեկուցողներն արձանագրել են դրական փոփոխությունները Հայաստանում
prev Նախորդ նորություն

Մամուլ. «Հյուսիս-հարավի» կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի. էլ վարկ չեն տալիս

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի: Իշխանություններն արդեն հասկացել են, որ այդ նախագծի համար միջազգային կազմակերպությունները վարկեր չեն տա, եւ հիմա խոսում են ներդրողներ գտնելու մասին: Նախարար Վահան Մարտիրոսյանն էլ «ժամանակ»-ին հայտ­նեց, որ Արտաշատից Մեղրի հատվածի շինարարության հա­մար 1,5 մլրդ դոլար է պետք, ու թեեւ նախարարն ասում է, որ ներդրողներ կան, եւ նրանց հետ բանակցություններ են ընթա­նում, սակայն եթե իսկապես մասնավոր ներդրող լիներ, ապա շինարարությունը վաղուց պետք է սկսված լիներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մաքսային ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը աճել է մոտ հինգ անգամ: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավորներ: Իսկ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով՝ մինչ այժմ մոտ 12 հազար գլուխ անասուն է արտահանվել, ինչը նորից 5-6 անգամ շատ է անցած տարվա ցուցանիշից: Նույն մաքսային ծառայության տվյալներով՝ առաջին կիսամյակում արտահանված 6900 գլուխ անասունից 6700-ը Իրաք է տեղափոխվել: Ըստ տեղեկությունների՝ արտահանողը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ուսանողությունը դասադուլ էր անում։ Թեման «Զինվորական ծառայության եւ զինծառայողների մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ տարկետումը վերացնող դրույթն է։ Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի պահանջով հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 11։30-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորատի խորհրդակցություն՝ նվիրված տարկետման խնդրին: Ռեկտորը եւ պրոռեկտորը հանձնարարել են յուրային դեկաններին եւ ուսխորհրդի անդամներին՝ նիստի ընթացքում ամոթանք տալ այն 4 դեկաններին, ովքեր համարձակվել են ստորագրել օրենքը դատապարտող հայտարարության տակ, իսկ մաթֆակի դեկանին՝ գամել անարգանքի սյունին, որը համարձակվել է ֆակուլտետի գիտխորհրդի որոշում ընդունել ընդդեմ նախագծին: Ի դեպ, երեկ դասադուլի ժամանակ ԵՊՀ մասնաշենքերի բոլոր դռները փակ են եղել, ինչը կազմակերպել է պրոռեկտոր Ալիկ Ղարիբյանը՝ ԵՊՀ պահակների միջոցով, իսկ ինքը ծառերի ետեւից հետեւել է ակցիային»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ: Եւ երեկ վաղ առավոտից «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկեց դասադուլների շարքը: Դասադուլի մասնակիցները երթով շարժվեցին Ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության համալսարան` կոչ անելով մյուս ուսանողներին եւս միանալ իրենց: Դասադուլի մասնակիցները երեկ նաեւ նամակ ուղարկեցին ՊՆ եւ ԿԳ նախարարություն եւ պատրաստվում են այսօր եւս շարունակել իրենց ակցիան: Բնականաբար, ԵՊՀ ղեկավարությունը երեկ փորձեց ամեն գնով խոչընդոտներ ստեղծել դասադուլի մասնակիցների համար. մասնավորապես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԵՊՀ-ում փակել են ֆակուլտետների դռները՝ զրկելով ուսանողներին դուրս գալու հնարավորությունից, եւ բացի այդ՝ գրավոր նկատողություն են հայտարարել բացականերին: Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուսանողները պնդում էին, որ իշխանություններին չի հաջողվի նման քայլերով իրենց ետ պահել պայքարից: Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2003-2004թթ. եւս փորձել էր օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես գալ ու կրկին արժանացել էր դիմադրության՝ արդյունքում` առժամանակ հրաժարվելով այդ նախագծից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի «բդեշխ», ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն համայնքապետ դարձնելու համար իշխանությունը հնարավոր է հրաժարվի իր որդեգրած ուղուց եւ հետողորմյա անի մեկ տարի առաջ խոշորացած Ջերմուկ համայնքի ընտրությունը, որ արտահերթ ընտրությունների հնարավորություն ստեղծվի։ Մտադիր են Գնդեվազ, Հերհեր, Կարմրաշեն համայնքներն առանձնացնել Ջերմուկի ձախ ափից ու Կեչուտից։ Իհարկե, գործընթացը կներկայացվի իբրեւ համայնքների բարեփոխման ծրագիր եւ կհիմնավորվի, որ խոշորացումը եղել է ոչ ճիշտ, եւ կա համայնքների ներքին կապի խզվածություն։ Մարզպետ Հարություն Սարգսյանը երեկ ըստ էության չբացառեց այս հեռանկարը․ «Ըստ էության, այո, մենք խնդիր ունենք Ջերմուկի խոշորացման հետ, ավելի ճիշտ՝ Հերհերի ու Կարմրաշենի։ Այս համայնքներն ավելի մոտ են Վայքին, քան Ջերմուկին, այնպես որ՝ ես այստեղ ոչինչ արտառոց չեմ տեսնում, այս օրենքը քարացած չէ»։ Մեր հարցին, թե խոշորացման գործընթացից առաջ նախապես հաշվարկներ չե՞ն արվել, Սարգսյանը պատասխանեց․ «Այո, արվել են, պետք է Կարմրաշենից ճանապարհ գնար դեպի Ջերմուկ, հետո տեսանք, որ հաշվարկների մեջ կոնկրետ որոշակի խնդիրներ կան»։ Ի դեպ, մարզում լուրեր կան, որ Արսենյանը ցանկանում է տրոհվելիք երկու համայնքներում էլ իր երկու որդիներին համայնքի ղեկավար դարձնել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ճոխ կենսակերպ վարել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը 12 անձի համար «Երեւան» պանդոկում հոկտեմբերի 13- ին հյուրասիրություն է կազմակերպել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը քաղաքային բյուջեի միջոցներով «Երեւան» պանդոկից աղցաններ է գնել, 4 տաք կերակրատեսակ, հաց, լավաշ, բնական հյութեր, ալկոհոլային ըմպելիքներ: Հոկտեմբերի 14-ին հյուրասիրություն է կազմակերպվել նույն «Լավաշ» ռեստորանային համալիրում, որտեղից կրկին գնվել է 4 տաք կերակրատեսակներ, աղցաններ եւ այլն: Նույն օրը՝ երեկոյան, քաղաքապետարանը հյուրերին հրավիրել է արդեն «Բելաջիո» ռեստորան, իսկ ահա հոկտեմբերի 15-ին նրանք ճաշել են «Որսկան» համալիրում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 12 անձին «պատիվ տալու» համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 2 մլն դրամ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության «գործարկմանը» զուգահեռ, 2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ տեղեկացրեց մեր աղբյուրը։ «Այդ թվում եւ` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում. ԳՇ պետի ամենահավանական թեկնածուն Ռիժին է` Լեւոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության նախարարը»,- ասաց նա: Բա Մոսի՞ն։ «Դժվար է ասել. վերջին աղմուկից հետո ինքը կարծես խաղից դուրս է մնացել»: Հիշեցնենք, որ «աղմուկը» կապված էր ՊՆ մատակարարման, ինչպես նաեւ իր ենթակաների նկատմամբ վերամբարձ, վիրավորական պահվածքի հետ: Նա, ճիշտ է, դրա համար հրապարակային ներողություն խնդրեց, սակայն նրա հետագա պաշտոնավարումը հայտնվել է կասկածի տակ նաեւ այն պատճառով, որ Մովսես Հակոբյանն անչափ մտերիմ է Սեյրան Օհանյանի հետ եւ, ըստ «չար» լեզուների, «բավական» հիացած է Օհանյանի տիկնոջ «ատամնաբուժական» գրառումներով»: