Պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Հանդիպումը մեկնարկեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի տեսքով: Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարևորեց Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել և նշեց, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ:
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Բենիամին Նեթանյահուին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում և համոզունք հայտնեց, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։
Զրուցակիցները նշեցին, որ խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում, համոզմունք հայտնելով, որ այն լավ հնարավորություն է անցած ճանապարհը գնահատելու և հարաբերությունների զարգացման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու համար:
Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:
Իսրայելի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը անդրադարձան Երուսաղեմում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը։
Վարչապետ Նեթանյահուն ու նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մերձավորարևելյան զարգացումների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: