23.11.2024
ՌԴ-ն կոչ է անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել. Զախարովա
prev Նախորդ նորություն

Թուրքական լոլիկները ՀՀ տարածքո՞վ են մտնում ՌԴ. Տկաչովը հերքում է, մաքսայինը՝ կասկածում

Ռուսաստանում արգելված թուրքական արտադրության լոկլիկները Հայաստանի տարածքով ՌԴ չեն ներմուծվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը:


«Հայաստանի տարածքից մենք նման ահազանգեր չունենք»,- հայտարարեց նախարարը, որը Երեւանում էր գտնվում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ ռուսաստանցի սպառողը սպասում է հայկական լոլիկներին: «Դրանք էժան են եւ լավ որակի: Ռուսաստանցի սպառողը սպասում է, սովոր է հայկական լոլիկներին»,- նշում է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարը:


Հատկանշական է, որ Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունն այլ կարծիքի է Հայաստանից թուրքական լոլիկների վերաարտահանման հավանականության վերաբերյալ: Մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը հոկտեմբերի 26-ին հայտարարել է, որ գտել են Հայաստանից ու Ադրբեջանից արգելված թուրքական լոլիկների վերաարատահանման դեմն առնելու տարբերակը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:


Թուրքիայից Ռուսաստան լոլիկի արտահանման վրա էմբարգոն դրվեց 2015 թ. վերջին, երբ թուրքական ՀՕՊ ուժերը Սիրիայի հետ սահմանին խոցեցին ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը: Ռուսաստանի ու Թուրքիայի տեւական բանակցություններից հետո հայտարարվեց, որ այս տարվա նոյեմբերին պետք է թույլատրվի թուրքական լոլիկի արտահանումը ՌԴ:


Մինչ այդ թուրքական լոլիկն, իհարկե, արտահանվում էր ռուսական շուկա, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով: ՀՀ-ն այս հարցում բացարձակ ռեկորդակիր էր, քանի որ մեկ տարում ավելի քան 20 անգամ ավերացրեց լոլիկի արտահանման ծավալները Ռուսաստան:


Հենց այդ պատճառով Ռուսլան Դավիդովը նշում է, որ դեռեւս անցյալ տարվանից ակտուալ է մնում Ադրբեջանից ու ՀՀ-ից ներկրվող ապրանքների ծագման երկրի որոշման հարցը: «Այս խնդիրը հնարավոր եղավ լուծել: ՀՀ-ի ու Ադրբեջանի հետ ստեղծել ենք միջկառավարական աշխատանքային խմբեր: Այդ խմբերի խնդիրն է ցույց տալ ապրանքների տեղաշարժի թափանցիկ սխեման»,- նշում է նա՝ հավելելով, որ սկզբից գնահատվում է երկրի արտադարական ներուժը, եւ այդ կերպ հաշվվում արտահանվող ապրանքի ծավալները:


«Առկա փաստաթղթերով այնուհետեւ կարելի է տեսնել, թե որ տնտեսությունից է կոնկրետ բեռը գալիս», - հավելել է Ռուսլան Դավիդովը:


Հայաստանի միջոցով թուրքական լոլիկի ՌԴ շուկայում հայտնվելու մասին լուրերը սկսեցին տարածվել հենց այն պահից, երբ Ռուսաստանն արգելեց այդ ապրանքի մուտքն իր շուկա: Սույն պատմական իրադարձությունը տեղի ունեցած 2015 թ-ից, իսկ ահա արդեն 2016 թ-ին, ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ից ՌԴ արտահանումն աճեց շուրջ 70 տոկոսով: Լոլիկի մասով, ինչպես նշեցինք վերը, արտահանումն աճեց ավելի քան 20 անգամ:


Այն, որ նույն ժամանակահատվածում Հայաստանում էականորեն չեն ընդլայնվել լոլիկի ցանքատարածություններն ու ջեմոցային տնտեսությունները, մասնագետներին թույլ է տալիս ենթադրել, որ գործ ունենք ուղղակի վերաարտահանման փաստի հետ: Դա են փաստում նաեւ արտահանման ապրանքային կառուցվածքի ուսումնասիրությունները: Արտահանման աճ տեղի է ունեցել այնպիսի ապրանքատեսակների հաշվին, որոնց գծով Հայաստանն ինքը հանդիսանում է ներմուծող երկիր:


Մասնավորապես, 2016թ. հունվար-սեպտեմբերին ավելի քան 2000%-ով (քսանապատիկ) աճել է տոմատի արտահանումը, 450%-ով ավելացել է պանրի եւ կաթնաշոռի արտահանումը, ավելի քան 300% աճ է գրանցել խավիարի եւ պատրաստի ձկան արտահանումը, 360%-ով ավելացել է ջեռուցման համակարգերի, օդափոխիչների դետալների, հեռակառավարման վահանակների եւ այլ սարքավորումների արտահանումը եւ այդպես շարունակ:


Դրան զուգահեռ դեպի Ռուսաստան ավանդաբար արտահանվող հայկական ծագման ապրանքների (ծիրան, դեղձ, մրգային հյութեր, գարեջուր, հանքային ջրեր, բանջարեղենի որոշ տեսակներ եւ այլն) արտահանումը 2016թ. նկատելիորեն կրճատվել է:


Կարելի է ասել, այս ժամանակահատվածում, օգտագործելով ԵԱՏՄ-ում իր անդամակցությունը եւ ՌԴ շուկա հեշտացված մուտք ունենալու հանգամանքը, Հայաստանը հանդիսացավ թուրքական լոլիկների համար Ռուսաստանում հայտնվելու հիմնական «եվրասիական պատուհանը»: Այսինքն՝ այդ ապրանքը վերաարտահանվում էր Ռուսաստան «արտադրված է Հայաստանում» պիտակով: