Երեւանում «Մուլտի գրուպ» հյուրանոցային համալիրում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բանավիճեցին Ռուսաստանի ու Բեռալուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի վարչապետները: Վեճի թեմաներից մեկը Ղազախստանի ու Ղրղզստանի սահմանին տիրող իրավիճակն է, որն ավելի ու ավելի նմանվում է «առեւտրային պատերազմի», իսկ մյուսը՝ ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկա ձեւավորվեու ժամկետների ձգձգումը:
Նախ ԵԱՏՄ երկրների վարչապետների նեղ կազմով նիստը տեւեց նախատեսվածից շատ ավելի երկար: Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին պետք է սկսվեր խորհրդի ընդլայնված կազմով նիստը, սակայն այն տեղի ունեցավ 13:45-ին: Նիստի կուլիսներում տարբեր պաշտոնյաներ նշում էին, որ, ամենայն հավանականությամբ, խնդիրը Ղազախստանի ու Ղրղզստանի միջեւ վերջին շրջանում սկիզբ առած տարաձայնություններն են: Ընդլայնված կազմով նիստի սկսելուն պես կասկածններն ու ենթադրությունները հաստատվեցին:
Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովն իր ելույթում նշեց, որ տեւական ժամանակ է Ղազախստանի հետ սահմանին առկա են խնդիրներ՝ իրենց բեռների ու մարդկանց տեղաշարժի առումով: «Որոշ խնդիրներ լուծվել են, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է դրանք առաջ գային: Սա հակասում է եվրասիական ինտեգացիայի ոգուն»,- ասաց նա՝ հավելով, որ դեռեւս առկա են խնդիրներ բեռների տեղափոխման հետ կապված: Նա հույս հայտնեց, որ «ղազախ եղբայրներն» իրենց կընդառաջեն ու խնդիրը լուծում կստանա: «Մեր բեռները մնում են սահմանին, որն առաջացնում է ղազախների ու ղրղզների զայրույթը»,- ասաց նա:
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը խոսեց ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկա ստեղծելու ժամկետների «անընդունելի» երկարաձգման մասին: «Մենք որոշել ենք այդ ժամկետը սահմանել 2025 թ:-ին, սակայն այժմ խոսվում է դրա հետաձգման հնարավորության մասին, ինչն անընդունելի է: Պետք է նշեմ, որ նույն Եվարմիությունը սկսեց էլ ինտեգրացիան հենց էներգետիկայի հենքի վրա՝ ձեւավորելով ածխի եւ պողպատի միությունը»,- օրինակ բերեց նա՝ հավելելով, որ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման սահմանված ժամկետները պետք է պահպանել:
«Բելառուսի համար սա կարեւոր հարց է, եւ մենք արդեն իսկ կոմպրոմիսի ենք գնացել՝ համաձայնելով որպես միասնական շուկայի ձեւավորման ժամկետ սահմանել 2025 թ-ը»,- հայտարարեց նա:
Ինչպես եւ սպասելի էր Ղրղզստանին ու Բելառուսին պատասխանեցին Ղազախստանն ու Ռուսաստանը: Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաեւը հայտարարեց, որ Ղրղզստանի հետ սահմանին ուժեղացվել է մաքսային հսկողությանը ռեժիմը, քանի որ ունեն մեծ մասշտաբների մաքսանենգության մասին հավաստի տվյալներ: «Բանն այն է, որ Չինաստանից Ղրղզստան տեղափոխվող բեռների ծավալների հետ խնդիր կա», - ասաց նա՝ ներկայացնելով Չինաստանի ու Ղրղզստանի փոխադարձ առեւտրի մասին երկու երկրների վիճակագրական տվյալների միջեւ հսկայական տարբերությունը, որը վերջին տվյալներով անցնում 2 մլրդ դոլարը:
Այլ կերպ ասաց, Ղազախստանի վարչապետի խոսքով՝ Չինաստանից Ղրղզստան ներկրվող ապրանքների քանակի մասին Բիշքեկի տվյալները շատ հեռու են Չինաստանի ներկայացրած թվերից: «Կա մեծ մաքսանենգության ռիսկ, ինչը հաստատեց սահմանային հսկողության խստացումը»,- ասաց նա՝ հավելելով, որ մաքսանենգ ճանապարհով ներկրված ապրանքը չի ֆիքսվում ոչ մի տեղ ու այնուհետեւ կարող է հանգիստ վերաարտահանվել ԵԱՏՄ այլ պետություններ:
Հատկանշական է, որ Ղրղզստանի եւ Ղազախստանի սահմանին իրավիճակը սկսեց սրվել Ղրղզստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններից առաջ, երբ Բիշքեկը մեղադրեց Աստանային իր ներքին գործերին խառնվելու մեջ: Ղազախստանի իշխանություններն իր պատասխան ուժեղացրեցին սահմանային անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից սկսեցին կուտակումներ: Մարդիկ հսկիչ-անցագրային կետերում ստիպված էին սպասել 7-10 ժամ:
Իր խոսքի վերջում Ղազախստանի վարչապետը նշեց, որը գործադրվող ջանքերն ուղղված են ոչ թե Ղրղզստանի դեմ, այլ նպատակ են հետապնդում նվազեցնել մաքսանենգության ծավալները:
Բելառուսի «էներգետիկ» դժգոհություններին պատասխանեց ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւը: Նա հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն «նավթի ու գազի» միություն չէ: «ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիան խորանում ու ծավալվում է, չնայած տարբեր լոկալ խնդիրների, որոնց մասին խոսվեց նաեւ այսօր: Իսկ սա լուրջ եւ դժվար կոմպրեմիսների արդյուքն է»,- ասաց նա՝ հավելելով, որ նավթի ու գազի նշանակությունը ԵԱՏՄ տնտեսություններում գնալով նվազում է: «Այժմ պետք է խոսել եկամուտներ գեներացնող այլ աղբյուրների մասին»,- հավելեց Մեդվեդեեւը:
Վերջում նա նշեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում առկա է բավականին դրական տնտեսական դինամիկա: Առեւտրաշրջաջանառությունն աճել է 28%-ով, իսկ անդամ պետությունների համընդանուր ՀՆԱ-ն 1,8%-ով: «Պետք է նշել, որ աճ գրացվել է անդամ բոլոր պետություններում»,- եզրափակեց նա: