25.11.2024
Կատալոնական քաղաքն Իսպանիայի թագավորին «անցանկալի անձ» է հայտարարել
prev Նախորդ նորություն

Ռուս-հնդկական 5-րդ սերնդի կործանիչի մշուշոտ ապագան. Հնդկաստանի ՌՕՈւ-ն կրկին դժգոհ է

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը կրկին դժգոհում է Ռուսաստանի հետ համատեղ նախագծվող 5-րդ սերնդի FGFA կործանիչից (Սու-57): Ըստ ամերիկյան Defense News պարբերականի տվյալների՝ Հնդկաստանի ՌՕՈւ հրամանատարությունը պահանջում է դադարեցնել 10 միլիարդ գնահատվող նախագիծը: Ամերիկյան պարբերականի կայքը հղում է անում Հնդկաստանի ՌՕՈւ՝ այդ երկրի ՊՆ-ին ներկայացրած զեկույցին:


Razm.info-ի հաղորդմամբ, Հնդկաստանի ՌՕՈւ պաշտոնյաներից մեկը Defense News-ին հայտնել է, որ Ռուսաստանի հետ համատեղ արտադրվելիք 5-րդ սերնդի կործանիչն իր բնութագրերով չի համապատասխանում ամերիկյան F-35-ին և իրենք «հակված չեն ծրագիրը շարունակելուն»: Նա ավելացրել է, որ ինքնաթիռը արմատական կառուցվածքային փոփոխությունների կարիք ունի, բայց ռուսաստանյան ներկայիս նախատիպը դա թույլ չի տալիս:


Ըստ հնդկական կողմի՝ կործանիչները չունեն բավարար աստիճանի «անտեսանելիություն», իսկ շարժիչները «ոչ մոդուլային» կառուցվածք ունեն, ինչը կբարդացնի և կթանկացնի դրանց և ինքնաթիռների տեխնիկական սպասարկումը: Հնդկաստանի ՌՕՈւ երկրորդ պաշտոնյան իր հերթին նշել է, որ Ռուսաստանի առաջարկած ոչ մոդուլային շարժիչների տեխսպասարկումը կարող է անել միայն արտադրողը, իսկ մոդուլային շարժիչները կարող է սպասարկել հենց օգտագործողը:


Հնդկաստանի ՌՕՈւ հրամանատարությունն առաջին անգամ չէ, որ դժգոհում է ռուսասկան կործանիչների ծրագրից: Նախկինում հիմնական բողոքներից մեկը ևս կործանիչի շարժիչներին էր վերաբերում. «ԱԼ-41Ֆ1 շարժիչները հուսալի չեն և ըստ էության, պարզապես ԱԼ-31Ֆ շարժիչների կատարելագործված տարբերակներն են»:


Նաև նշվում էր, որ կործանիչները շուկայականից շատ բարձր գին են ունենալու: Իսկ Հնդկաստանի ՌՕՈւ շտաբի պետն ավելի վաղ նշել էր, որ կործանիչի շարժիչներն ու ռադիոտեղորոշիչ կայանն անկայուն են, կործանիչի անտեսանելիության հետ կապված բացթողումներ կան, բացի այդ էլ՝ Հնդկաստանը շատ քիչ է ներգրավված նախագծման աշխատանքներում:


Չնայած սրան, Հնդկաստանը դեռևս չի շտապում դադարեցնել կործանիչի նախագծման աշխատանքները: Սու-57-ները Հնդկաստանին նախատեսվում է տրամադրել 2022 թվականից:


Հնդկական կողմից կործանիչի մշակման և արտադրման գործընթացին ներգրավված Hindustan Aeronautics Ltd (HAL) ընկերության ղեկավարն իր հերթին նշել է, որ այս նախագիծն իրենց համար շատ կարևոր է, ու հոսով են, որ դա կիրականացվի հաջողությամբ:


Իսկ մինչ այդ ԱՄՆ-ում արտադրված F-35 կործանիչն արդեն 2016 թվականից ներառվել է Միացյալ Նահանգների բանակի սպառազինությունում, իսկ 2017 թվականից՝ նաև Իսրայելի, Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ սպառազինությունում: