24.11.2024
ԱԶԲ-ն $40 մլն վարկ կտրամադրի՝ երկրում ֆինանսական շուկաների զարգացմանն ու կայունությանը
prev Նախորդ նորություն

Ի՞նչ են քննարկել ԵԱՏՄ պետությունների վարչապետները. մանրամասներ նիստից

ԵԱՏՄ անդամ պետությունների հետ սահմանների բացակայությունը պահանջում է տրանսպորտային հաղորդակցության զարգացում։ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ է մշակել ճանապարհային քարտեզներ: Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։


Նրա խոսքով, այդ հարցը հատկապես կարևոր է Հայաստանի համար, իսկ, ընդհանուր առմամբ, ճանապարահային քարտեզները կնպաստեն պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը:


Կարեն Կարապետյանը նաև հայտնեց, որ հաջորդ տարի ԵԱՏՄ շաբաթն անցկացվելու է Հայաստանում.


«ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումները նպաստում են անդամ պետությունների միջևերկխոսությունների ձևավորմանը»,- հավելեց նա։


«ԵԱՏՄ-ն դեռ երիտասարդ է, մենք միասին պետք է դեռ շատ աշխատենք: Ընդհանուր հիմք կա, բայց պետք է ուժերը ներդնել միասնական շուկայի զարգացման համար: Մենք չպետք է նեղ ազգային հետաքրքությունների հետևից ընկնենք, նպատակը մեր ազգերի կայունությունն ու զարգացումն է: Մենք միայն միասնական կերպով կարող ենք զարգացման նոր մոդել որդեգրել»,– այս մասին, իր հերթին, հայտարարեց Ղրղզստանի վարչապետ Սապար Իսակովը:


Նա նշեց, որ երեք տարին բավարար ժամանակ է, որպեսզի հնարավոր լինի գնահատել պետությունների կատարած ընտրությունը և նշել, որ ԵԱՏՄ անդամակցությունն ընտրվել է, հաշվի առնելով երկրի ռազմավարական, տնտեսական հետաքրքրությունները:


Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն էլ արձանագրեց, որ 2017 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում դրական տեղաշարժ է նկատվել, ու թեև ԵԱՏՄ անդամ պետություններից որոշները արագ են զարգանում, մյուսներն ավելի դանդաղ, սակայն հստակ է, որ դրական աճ են ունեցել բոլոր երկրները: Նրա գնահատմամբ, սա նշանակում է, որ պետությունները դուրս են եկել կայուն տնտեսական աճի դաշտ։  


«Կարևորում եմ ճանապարհային քարտեզների և թվային օրակարգի մշակման վերաբերյալ որոշումը, քանի որ դրանց իրականացման արդյունքում ԵԱՏՄ անդամ բոլոր երկների համար կսահմանվեն միանման պայմաններ»,- հավելեց նա։