ԵԱՏՄ շուկայի պոտենցիալը գնալով ավելի տեսանելի է դառնում. Մեդվեդև
ԵԱՏՄ շուկայի պոտենցիալը գնալով ավելի տեսանելի է դառնում, ընթացիկ տարում ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 28 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 26 տոկոսով: Այս մասին Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա խոսքով, հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Մաքսային նոր օրենսգիրքը, որն ավելի հասուն փաստաթուղթ է, քան գործողը։ «Մեծ ձեռքբերում է, որ մենք կարողացանք այս հարցի շուրջ համաձայնության գալ: Այս փաստաթուղթը սահմանում է մաքսային սահմանից ապրանքների փոխանակման հստակ կանոններ»,- նշեց Մեդվեդևը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ում առկա խնդիրներին, Ռուսաստանի վարչապետը նշեց, որ առաջնային դրանք պետք է վերացվեն ապրանքափոխանակման ոլորտում: Մեդվեդևին, մասնավորապես, անհանգստացնում է այս պահին շաքարի շուկայում տիրող իրավիճակը. «Շաքարի գինն անհամեմատ իջել է, պայմանավորվածություն կա այս ուղղությամբ ուսումնասիրություն անել և բոլորին ձեռնտու որոշում կայացնել»,- հավելեց նա:
Նշենք, որ 2018 թվականին ԵԱՏՄ նախագահությունն անցնելու է ՌԴ-ին: