ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Արցախում արդբեջանական կրակոցից զինծառայողի սպանության փաստը, հայտարարել էր, որ սա «կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմի, այլև ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել:
«Դժբախտաբար այսօր այս կրակոցով, Ադրբեջանի Հանրապետությունը ցույց տվեց իր գործի և խոսքի անհամապատասխանությունը»,- ասել է ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպմանը, մասնավորապես, բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությանը՝ միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր կատարելու՝ շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Նրա խոսքով, սրանով իսկ Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնևում և որի մասին գրավոր հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահների և երկու բանակցող կողմերի անունից:
Նա իր ցավակցությունը հայտնեց զոհված զինծառայողի ընտանիքին:
«Գլուխ եմ խոնարհում բոլոր հերոսների և այսօր զոհված մեր երիտասարդ զինվորի հիշատակի առջև: Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, որ սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմի, այլև ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ: Կարծում եմ, որ գոնե հիմա միջազգային հանրության կողմից պետք է ուղիղ և հստակ արձագանք լինի »,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք նաեւ, որ Ժնեւում Ալիեւի հետ հանդիպումից մի քանի օր առաջ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ-ի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում եւս զինծառայող զոհվեց:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով բանակցություններն, իրականում, դադարել էին շուրջ տարի ու կես առաջ: Վերջին անգամ նրանք անցյալ տարվա ապրիլյան ռազմական բախումներից հետո հանդիպել էին Սանկտ Պետերբուրգում, իսկ դրանից առաջ Վեիննայում:
Հայաստանը պնդում էր Վիեննայում և Սանկտ-Պետերբուգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ պայմանավորվածությունների կատարման պարագայում կվերսկսի բանակցությունները: Իսկ նախագահները պայմանավորվել էին հետեւել զինադադարի ռեժիմին, մեծացնել շփման գծում մոնիտորինգ իրականացնող Անջեյ Կասպշիկի գրասենյակի դիտորդների թիվը և հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել առաջնագծում:
Հակառակ պարագայում, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը, քանի դեռ կրակում են սահմանին, բանակցություններ վարելու իմաստ չկա:
Այդ հանդիպումներից գերթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ համաձայնեց մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռևս համաձայնեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը: